Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է դիրքային պայքար

Սեպտեմբեր 05,2014 10:07

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեման, անշուշտ, Ուկրաինան է: Անկախ այն հանգամանքից, որ հանդիպմանը մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, անկախ նրանից, թե ինչ են նրանք խոսել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, անկախ նրանից, թե ինչ հայտարարություն է ընդունվելու ղարաբաղյան հակամարտության շուրջ (բնականաբար, Էրդողանը կփորձի «սղացնել» ադրբեջանահաճո ձեւակերպումներ), անմիջական ազդեցություն մեր տարածաշրջանի վրա այդ ամենը չի ունենա: Թերեւս կարեւոր է, որ Հայաստանն իր ծայրահեղ ռուսամետ կեցվածքով հանդերձ՝ մասնակցում է այդ հանդիպմանը՝ փորձելով գոնե նվազագույն չափով իր արտաքին քաղաքականության մեջ դրսեւորել «եւ-եւ»-ի տարրերը:

Պարզ է՝ որքան խորանան Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունները, եւ որքան շատ իրավիճակը նմանվի «սառը պատերազմին», այնքան այդ «եւ-եւ»-ը պահպանելը դժվար կլինի: Ղարաբաղի հարցում Հայաստանի համար առավել կարեւոր է պահպանել Մինսկի խմբի ֆորմատը՝ որպես Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համագործակցության ֆորմատ: Բանակցային գործընթացում այս երեք միավորների միջեւ, գոնե հրապարակավ, անլուծելի տարաձայնություններ չեն նկատվում: Այլ ֆորմատները՝ այդ թվում եւ ՆԱՏՕ-ն, Ղարաբաղյան խնդրում արդյունավետ չեն, եւ հենց ՆԱՏՕ-ի ղեկավարներն են դա բազմիցս ընդգծել:

Որքան էլ հակասական հնչի, մեր տարածաշրջանի վրա ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ ոչ թե Ուելսում հրապարակվելիք Ղարաբաղի մասին հայտարարությունը, այլ այն որոշումները, որոնք ալյանսն ընդունելու է Ուկրաինայի հետ կապված: Այս առումով ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն որպես կառույց չի կարող անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ, մեղմ ասած, անտարբեր են հասարակական կարծիքի նկատմամբ եւ կարող են իրենց զինվորներին ուղարկել այլ երկիր (տվյալ դեպքում՝ Ուկրաինա)՝ առանց որեւէ օրինական հիմքի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի համար այնքան էլ հեշտ չէ մտնել տարբեր տեսակի արկածախնդրությունների մեջ՝ չնայած, եթե արդար լինենք, դա էլ է պատահում: Բայց Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմը կլինի այնպիսի մի արկածախնդրություն, որը պարզարպես ալեկոծություն կառաջացնի եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների (եւ, հետեւաբար, ընտրողների) շրջանում:

Պարզ է՝ այդ մի քայլը ՆԱՏՕ-ն չի անի: Կոշտ հայտարարություններ անելը մի բան է, Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմ սկսելը՝ մեկ այլ բան: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար էլ որոշակի «կարմիր գծեր» կան: Մասնավորապես, այդ երկիրը չի հարձակվի Բալթյան պետությունների եւ Լեհաստանի վրա, ինչպես որ հարձակվել է Ուկրաինայի վրա: Բայց ՆԱՏՕ-ն ձեւ է անելու, որ այդ վտանգը կա, եւ այդ պատրվակով տվյալ երկրներում տեղակայելու է մշտական ռազմական կառույցներ:

Պայքարը, մի խոսքով, կլինի ավելի շուտ դիրքային: Արեւմուտքը կփորձի տնտեսապես, այդ թվում նաեւ՝ պատժամիջոցների եւ սպառազինությունների մրցավազքի միջոցով թուլացնել Ռուսաստանին: Թե որքան է Ռուսաստանը դիմանալու՝ դժվար է ասել: Համենայնդեպս, ոչ 70 տարի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԼՂՀ-ի լուծման բանալին միա՛յն ԱՄՆ-ի ձեռքում է: Սա է պարզագույն ճշմարտությունը: Եթե վաղը ԱՄՆ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը,Արցախի խնդիրը վերջնականորեն կլուծվի: Սրանով ամեն ինչ արդեն ասված է:

    • Արսեն says:

      Ամեն անգամ երբ հանդիպում եմ « Սրանով ամեն ինչ արդեն ասված է», տիպի դատողություններ՝ հիշում եմ Աստվածաշնչի վերջում դրված «քֆուրը» ..))))…

      Սուրբ Հովհաննես Առաքեալի եւ աստուածաբան աւետարանչի հայտնությիւնը, Գլուխ ԻԲ
      ¹⁸ Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եօթը պատուհասները.

      Բայց դու հաստատ Հովհաննես Առաքեալը չես..))).. Եվ դժվար թե Աստծու հետ հաղորդակցություն ունեցած լինես՝ դա գրելուց առաջ ..)))..
      Հանգստացի ..))).. դա ընդհամենը քո կարծիքն է, իսկ ինչպես կլինի «վերջը»՝ դա դեռ քննարկման առարկա է…

    • Աբո says:

      Լավ կլիներ գրեիք,ի՞նչ է պետք անել որ,ԱՄՆ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը:Քանի՞ հարյուր Տարի Պետք է սպասենք (1915-ի Մեծ Եղեռնի նման),հիշեցնեմ որ,ՌԴ-ը վաղուց ընդունել է:

      Նյութի վերաբերյալ.Դիրքային պայքար վաղուց է սկսվել:ՆԱՏՕ-ի միակ ցանկությունն է շրջափակման մեջ պահել ՌԴ-ը,այսինքն հակահրթիռային սարքեր և ռազմական բազաներ տեղադրել ՌԴ-ի սահմանների մոտ,ինչպես Բալթյան պետությունների եւ Լեհաստանի տարածքում,հիմա էլ Ուկրաինայում:Օրինակ՝ պատկեացրեք ,մեր զորքը գրավյալ յոթը տարածքից ետ ենք քաշել,ինչ որ համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ,որ դա լինելու է բուֆերային տարածք և մի որոշ ժամանակ անց ազրները բերում ռազմական տեխնիկա ու զորք են լցնում այդ տարածքներում(ասենք չեն ռմբակոծում),դա մեր դուրը կգա՞:
      Հայաստանը ՆԱՏՕ-ին հետաքրքիր չէ,նա Վրաստանով է հետաքրքրված:

  2. david says:

    ԱՄՆ-ն խելքը հացի հետ չի կերել, իսկ ջուրը չտեսած չբոբիկանալն ավելի ճիշտ է:Ճանաչեն, բա ոնց, կեցցե սերժը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Դավիթ, աշխատեք Ձեզ մտքերն ավելի հստակ շարադրել, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին եք Դուք գրում, ինչին են եք պատասխանում եւ ինչի հետ եք վիճում:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ռուսաստանի դեմ ներկա քաղաքականության ֆոնին՝ ԱՄՆ-ն շատ հնարավոր է օգտագործի ԼՂՀ-ն՝ Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում թուլացնելու համար: Հատկապես եթե Ռուսաստանի հրահրմամբ կոնֆլիկտը հալեցվի: Սա Սերժի հետ կապված չէ: Սա ԱՄՆ-ի շահերն են. և այս դեպքում այն կհամընկնի Արցախի շահի հետ:

  3. Կարո Մելիքյան says:

    Հրաշքների շարքից.- ինչու՞ ԱՄՆ-ն հետամուտ չի լինում իր իսկ Պրեզիդենտներից մեկի Վուդրո Վիլսոնի գծած՝Հայաստանի սահմանների քարտեզի կյանքի կոչմանը։ Հարց է առաջանում՝ հայերիս համար՞,ինչի՞ համար։ Ժամանակների հետ փոխվում էն նաեւ շահերը,100 տարի առաջ թուրքերի արժեքը ԱՄՆ-ի համար այդքան արժեքավոր չեին քան այժմ՝ընդդեմ Ռուսաստանի, եւ ոչ թե,՝ ի շահ Հայաստանի։ ԱՄՆ-ն սեփական ձեռքերով կրակից շագանակ հանողը չի, ում՞ համար հանի,եթե պարզ չի,թե ում կհասնի,այստեղ բոլորը ցանկանում էն ինչ որ բան պոկել,այլ ոչ թե՝ինչ որ բան տալ։ Հակառակ դեպքում՝ԱՄՆ-ն վաղուց էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

  4. david says:

    Մոլորակն առանց գոյի և չարիքի:Քիչ, բայց լավ, գոմերը տներից հեռու:Փառք Grettfi ծրագրի հիմնադիրներին, փառք մարդկային մտքին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930