Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմնորոշման» աղբյուրը տհաս ռոմանտիզմն է

Սեպտեմբեր 05,2014 17:30

Պատմության դասերը՝ ըստ Լեոյի

Բրիտանական զրահակիրների եւ հայոց լեռների մասին արտահայտությունը մեր հրապարակախոսական տեքստերում դարձել է հաճախ կրկնվող մի ասույթ: Երբեմն մոռացվում է, թե ով եւ ինչ առիթով է նման միտք արտահայտել: Դա, ըստ պատմաբան Լեոյի, ասել է Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին՝ Աբդուլ Համիդի ձեռամբ 1895 թվականին կազմակերպված հայերի ջարդերից հետո: «Նա (Սոլսբերին-Ա. Ա.) առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետեւելով, եւ Ֆրանսիան, ընդդիմացան այդ առաջարկին: Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, որ Անգլիան մենակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»,- գրում է Լեոն:

Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, այսպես ասած, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին» (ԱՄՆ-ն այն ժամանակ պակաս ազդեցիկ էր), որոնք «հովանավորում էին» Թուրքիայի հայաշատ վիլայեթներում «բարենորոգումները»՝ հայերին ինչ-որ չափով ինքնավարություն տալու եւ նրանց վիճակը թեթեւացնելու ծրագիրը: Բնականաբար, հիշյալ երկրները հետապնդում էին բացառապես իրենց շահերը: Հիմարը մենք էինք՝ հայերս, որ կարծում էինք, թե Աբդուլ Համիդը երբեւէ որեւէ երկրի ճնշման տակ, ֆիդայական պայքարի կամ անգամ ահաբեկչության ազդեցության տակ նման բարեփոխումներ կիրականացնի: Կրկնակի հիմար էինք՝ մտածելով, թե Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Բրիտանիան շահագրգռված էին նման բարեփոխումների հարցում:
Այդ հայտնի պատմությունը չէի հիշի, եթե 120 տարի հետո մեր քաղաքական միտքը չհայտնվեր նույն ծուղակում, եւ քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները իրար հետ չվիճեին, թե գերտերություններից ո՞ր մեկն է ավելի «հայանպաստ» քաղաքականություն վարում, եւ ո՞ւմ միջամտությամբ ենք մենք ավելի հաջող լուծելու մեր ազգային խնդիրները: Պատասխանն ակնhայտ է՝ ոչ մեկի: «Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ՝ այս մի ողորմելի մանկամտություն էր»,- գրում է Լեոն՝ այս կոնկրետ դեպքում խոսելով հնչակյանների մասին, բայց դա, իհարկե, վերաբերում է մեզ բոլորիս:

«Գոտեպնդվեք, Արեւմուտքը մեզ կօգնի», եւ «Առանց ռուսի մենք կորած ենք» բանաձեւերը ինձ համար հավասարազոր են: Մի գիշատչին մյուսի համեմատ «ավելի լավը» համարելը եւ դրա մասին փրփուրը բերանին վիճելը իսկապես մանկամտություն է: Հիմա՝ ավելի շատ, քան 120 տարի առաջ, որովհետեւ այն ժամանակ գոյություն չուներ անկախ հայկական պետություն՝ իր կայացած բանակով, իսկ այսօր այդ ամենը մենք, բարեբախտաբար, ունենք:
Պարզ է, իհարկե, որ մեզ նման փոքր պետությունը պետք է ունենա հզոր դաշնակիցներ: Բայց մենք միշտ պարտավոր ենք հաշվի առնել, որ վտանգի պահին ցանկացած դաշնակից կարող է մեզ միայնակ թողնել ու աչքն էլ չթարթել, երբ մեզ բնաջնջում են: Եվ մեր ճակատագիրն այդ առումով բացարձակապես «յուրատեսակ» չէ. հզորները «դավաճանել են» եւ շարունակում են «դավաճանել» բազմաթիվ այլ ազգերի՝ այս պահին, օրինակ, եզդիներին: Պարզապես «դավաճանություն» բառն այստեղ տեղին չէ: Ազգերը, պետություններն իրար հետ չեն ամուսնանում, որ հետո դավաճանեն, իսկ գրավոր կամ բանավոր խոստումները դրժելը համատարած, կասեի նույնիսկ՝ «աշխարհասփյուռ» երեւույթ է: Դա չհասկանալը՝ հույս դնելով ինչ-որ եղբայրական զգացմունքների վրա, տհաս ռոմանտիզմ է:

Վերջում եւս մի մեջբերում Լեոյից. «Խրիմյան կաթողիկոսը (1895-ի ամռանը, Սասունի ջարդերից հետո- Ա.Ա.) ձեռնունայն վերադարձավ Պետերբուրգից, իսկ (Ռուսաստանի արտգործնախարար-Ա. Ա.) Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց «Հայաստանն առանց հայերի»: Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    տեսնում եք, որ ուզում եք կարողանում եք: մենակ թե պետք չի կուսակցական գծին հետևել (կոնկրետ ձեր դեպքում գուցե ավելորդ է, բայց պրոտոկոլի համար նշեմ ՀՀՇ/ՀԱԿ-ի գծին): շատ լավ ամեն բան գրել եք: շնորահակալ ենք:

    Հ.Գ հետո էլ չբողոքեք, որ մենակ բացասականի մասին ենք կոմենտ գրում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930