Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը նպատակ ուներ սանձել Վերահսկիչ պալատին»

Սեպտեմբեր 05,2014 17:00

ՎՊ նախագահը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանն իրեն չի ասում,
թե ինչի մասին խոսի, ինչի մասին լռի

Վերջին աղմկոտ բացահայտումներից հետո տպավորություն կա, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն արդեն խուսափում է նման սկանդալներից եւ չի ուզում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել: Այդ է պատճառը, որ Վերահսկիչ պալատի 2013-ի տարեկան հաշվետվությունն ավելի զուսպ է ներկայացված, եւ սկանդալային բացահայտումներ չկան:

«Առավոտը» Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ Դուք արդեն խուսափում եք աղմկահարույց բացահայտումներ ներկայացնել, չարաշահումների մասին ավելի հստակ նշել: Իշխան Զաքարյանը չհամաձայնեց, որ նոր հաշվետվության մեջ ինքը որեւէ բան «լղոզված» է ներկայացրել. «Դուք լսեցիք հաշվետվությունը, համաձա՞յն եք: Մեր հաշվետվությունները բոլորը մեր կայքում տեղադրված են՝ 2008-ից մինչեւ հիմա: Վերցրեք ու համեմատեք»:

Մեր դիտարկմանը՝ Դուք ձեր գործելաոճը փոխել եք, նախկինում հավաքում էիք լրագրողներին, բավականին աղմկոտ հայտարարություններ, բացահայտումներ էիք անում, հիմա լրագրողներից խուսափում եք, ի՞նչն է պատճառը՝ նա պատասխանեց. «Նախկինում, դուք ճիշտ եք ասում, տարին 3-4 անգամ տարբեր թեմաների հետ կապված ասուլիսներ էինք հրավիրում եւ ներկայացնում էինք նյութերը: Հիմա ոչ թե գործելաոճն ենք փոխել, այլ «Վերահսկիչ պալատի» օրենքը նոր էր փոխվել, եւ ՎՊ-ի մասին հին օրենքով մենք ավելի քիչ լիազորություններ ունեինք, քան նոր օրենքով: Օգտվելով մեր նոր օրենքի լիազորություններից՝ մենք փորձեցինք բյուջետային միջոցների ծախսերի, բյուջետային միջոցների հավաքագրման, պետական ունեցվածքի, դրանց օգտագործման նկատմամբ առկա բոլոր թերությունների մասին անընդհատ խոսել, բարձրաձայնել, որովհետեւ միշտ ասում ենք, որ նաեւ գործընկեր ենք մեզ դիտում՝ դրանք հետագայում շտկելու համար: Տեսեք, մենք շատ-շատ խոսում էինք հողերի՝ կոպեկներով վաճառքի մասին: Հիմա որեւէ մեկը դրա մասին չի խոսում, որովհետեւ հիմա գոնե մենք կադաստրային արժեքից պակաս գումարով հող չենք վաճառում: Սա՝ մեկ: Հետո՝ տարիներ շարունակ մենք շատ էինք խոսում ծավալային հավաքագրումների մասին: Այսօրվա իմ զեկույցում դրանք 0 են, չկան: Այն, ինչի մասին մենք խոսում ենք, դրանք ուղղվում են, շտկվում, փոխվում եւ ավելի լավ ընթացք են ստանում: Հիմա մենք տարեկան մեկ անգամ ենք ներկայացնում զեկույց: Այստեղ որեւէ խնդիր թաքցնելու չկա, խնդիրը հրապարակային քիչ ներկայացնելու մեջ չի: Հիմա այն բոլոր հարցերը, ինչ մենք չենք ասում, մեր կայքում տեղադրված են: Բոլորը կարող են վերցնել, կարդալ, ուսումնասիրել եւ իրենց գնահատականները տալ»:
Մեն ճշտեցինք՝ այսինքն՝ դա կապ չունի՞ Սերժ Սարգսյանի կշտամբանքի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հրավիրված խորհրդակցության ժամանակ հրապարակայնորեն կշտամբել էր Իշխան Զաքարյանին՝ ասելով. «Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել: Դուք պետք է հասկանաք, որ որեւէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է՝ դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Մարդը պետք է պատրաստվի ցանկացած պատասխանի եւ հաշվետվության, տեմպի տակ չընկնի: Դա շատ կարեւոր հատկանիշ է ղեկավար մարդու համար: Դու պիտի հասկանաս, մարդիկ լսում են, պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Ինձ մոտ եկել են մշակույթի գործիչներ, ասում են՝ էս ո՞նց է, 700 մլրդ-ը բա ո՞վ է կերել: Ու ընդհանրապես՝ կարելի՞ է պատկերացնել, թե 900 մլրդ-ից 700-ը կարելի է ուտել, Իշխան: Դու պատկերացնո՞ւմ ես դա»:

Իշխան Զաքարյանը հերքեց, որ Սերժ Սարգսյանի կշտամբանքներից հետո սկսել է լռել. «Բացարձակապես: Ես չեմ էլ կարծում, որ հանրապետության նախագահը ինչ-որ չափով նպատակ ուներ սանձել Վերահսկիչ պալատին: Ընդհակառակը՝ հանրապետության նախագահը մինչ օրս ինձ՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի, որեւէ անգամ չի ասել՝ այս հարցը նայել կամ չնայել, խոսել այդ մասին, թե չխոսել՝ ի պատիվ իրեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930