Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն Աստանայում կոշտ զրո՞ւյց է ունեցել Նազարբաեւի հետ

Սեպտեմբեր 05,2014 16:30

Սկանդալ Էրդողանի երդմնակալության ժամանակ

«Առավոտին» հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից: Հիշեցնենք, որ հանդիպմանը հրավիրված էին պատգամավորներ բոլոր խմբակցություններից, սակայն ընդդիմադիր խմբակցություններից շատ քիչ պատգամավորներ էին մասնակցում հանդիպմանը: Մասնավորաբար, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունը» ներկայացված էր երեք պատգամավորով` խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, քարտուղար Թեւան Պողոսյան եւ Ալեքսանդր Արզումանյան: «Առավոտի» տեղեկություններով՝ Արամ Մանուկյանը եւ Ալեքսանդր Արզումանյանն են բավական ակտիվ եղել Էդվարդ Նալբանդյանին հարցեր տալու մեջ:

Մեր տեղեկություններով՝ Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է պատմել Թուրքիա` Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին: Մասնավորաբար, նախարարը տեղեկացրել է, որ թուրքական կողմի հրավերքը ՀՀ նախագահին` Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, հայկական կողմի համար բավական հարմար առիթ է եղել պաշտոնական տեսք տալու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստան այցելելու համար Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի կողմից արված հրապարակային հրավերքին: Քանի որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, հրավերքը փոխանցելու լավագույն առիթը դա է եղել, մանավանդ, որ Սերժ Սարգսյանի հրապարակային հրավերքից հետո թուրքական կողմն ակնարկել է, որ լավ կլինի, եթե այն պաշտոնական տեսք ստանա: «Առավոտին» չհաջողվեց ճշտել` Էդվարդ Նալբանդյանը պարզաբանումներ ներկայացրե՞լ է պատգամավորներին այն առիթով, թե ինչու էր հայկական կողմն այդքան փութաջանորեն թաքցնում պաշտոնական հրավերք հղելու մասին տեղեկատվությունը՝ այն պարագայում, երբ թուրքական մամուլում այդ մասին հրապարակում եղավ:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ պաշտոնական Հայաստանի ներկայությունն Էրդողանի երդմնակալությանը, ըստ Նալբանդյանի, անակնկալ է եղել ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ մասնակից մյուս պետությունների համար: Ինչեւէ, հայկական կողմի քայլը բավական դրական եւ բարձր է գնահատվել: Քանի որ պաշտոնական ընդունելություններ չեն եղել, Էդվարդ Նալբանդյանի համար մի փոքր բարդ է եղել Սերժ Սարգսյանի հրավերքը փոխանցելը: Ինչեւէ, Նալբանդյանը հաջողել է Էրդողանին տեղեկացնել իր այցելության բուն առաքելության մասին, ինչը, Նալբանդյանի ներկայացմամբ, բավականին անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին. նա չի ջանացել թաքցնել դա: Նամակը փոխանցելուց հետո վերջինս երկար ժամանակ փորձել է ընթերցել հրավերքի հայկական տեքստը ու չի հաջողել: Էդվարդ Նալբանդյանը հուշել է, որ հակառակ կողմում նաեւ անգլերեն տեքստ կա: Ընթերցելուց հետո Էրդողանը ձեռք է մեկնել Էդվարդ Նալբանդյանին: Ձեռքսեղմման ընթացքում Թուրքիայի նախագահը, դիմելով ՀՀ արտգործնախարարին, ասել է` տեսնո՞ւմ եք, որ բարեկամներ ենք, իսկ Դուք ասում եք… Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ պարոն Էրդողանը ՀՀ նախագահի հետ ձեռք սեղմելու տարբեր առիթներ ունեցել է, բայց դա չի կաշկանդել նրան իր հետագա հայտարարություններում: Մոտ կես ժամ տեւած Նալբանդյան-Էրդողան առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահը Նալբանդյանին խնդրել է ՀՀ նախագահին իր ողջույնները փոխանցել:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել նաեւ մայիսի վերջին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր համագումարում տեղի ունեցած սկանդալի մասին: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահն այդ նիստում ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը եւ նախապայման դրեց, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, որոնք չեն ներառում ԼՂՀ-ն: Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին պատմել է, որ երբ լրագրողները դուրս են եկել դահլիճից, ՀՀ նախագահը բավական կոշտ զրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Արդյունքում, ըստ ՀՀ արտգործնախարարի, Նազարբաեւն անգամ հայցել է Սերժ Սարգսյանի ներողամտությունը եւ հայտարարել, որ առաջիկայում նման քայլեր չի անի: Ի դեպ, Նալբանդյանը նաեւ պատմել է, որ Նուրսուլթան Նազարբաեւը Թուրքիայում` Էրդողանի երդմնակալության արարողության առիթով անընդհատ փորձել է առանձին հանդիպում ունենալ Էրդողանի հետ եւ իր հավատարմությունը հայտնել Թուրքիային ու Ադրբեջանին, բացատրել, որ ՄՄ-ում լինելով՝ իր երկիրն այդ եղբայրական պետությունների շահն է առաջ տանելու, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել. Էրդողանն այդպես էլ չի ընդունել Նազարբաեւին: Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ նույնիսկ սկանդալ է եղել. Նազարբաեւը նստել է Էրդողանի տիկնոջ համար նախատեսված աթոռին:
Անդրադառնալով Մաքսային միության հետ կապված խնդիրներին՝ Նալբանդյանն ասել է, որ եթե Հայաստանն այդ ուղղությունը չընտրեր, այսօր կլիներ Ուկրաինայի համանման վիճակում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ հայկական կողմը մշտական կապի, նույնիսկ բավական լավ հարաբերությունների մեջ է եվրաչինովնիկների հետ, եւ որ վերջիններս լիարժեք ըմբռնումով են վերաբերվում Հայաստանի ընտրությանը, քանզի լավ գիտակցում են, որ տնտեսական առումով մեր երկիրն այլ տարբերակ այս պահին չուներ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930