Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Ցնցակաթված

Սեպտեմբեր 05,2014 16:00

Ահա թե ինչի կարող են հասցնել ոմանց խոսքերը

Անցյալ շաբաթը հարուստ էր ցնցող իրադարձություններով… Չէ, խոսքս երկրաշարժերի, պատերազմների (Աստված չանի) եւ այլ բնական ու տեխնածին աղետների մասին չէ, եւ ոչ էլ Շամշյանն էր ցնցել հասարակությանը` հերթական վթարի մասին լուրով ու լուսանկարներով: Ինձ, համոզված եմ՝ շատերին եւս, ցնցեցին մեկ՝ կիսամոռացված երիտասարդ թոշակառու եւ երկու՝ դեռ պաշտոնավարող, բայց անխուսափելի պաշտոնաթողությունից հետո պատմության լուսանցք նետելու ենթակա գործիչ:
Հասկացաք, որ երիտասարդ թոշակառուն Ռոբերտ Քոչարյանն էր: Իսկ ի՞նչն էր էդպես ցնցող նրա՝ հերթական անգամ իր մասին հիշեցնող հարցազրույցում: Չէ, տնտեսության ու երկրի մասին նրա դատողությունները (դատողություն բառից ծիծաղս եկավ) չէին, ոչ էլ անգամ «բա իմ ժամանակ սե՞նց էր» տիպի գլուխգովանությունը: Դրանք սովորական մարդկային (էստեղ էլ ծիծաղս եկավ) թուլություններ են, որ հատուկ են հայելու առաջ կանգնող ու սեփական անձի մասին նույն հայելուց հարցնող պաշտոնաթող գործիչներին: Ինձ եւ կրկին շեշտեմ՝ համոզված եմ՝ շատերին, ցնցել էր նրա հայտարարությունն այն մասին, որ ինքն այս ընթացքում… գրքեր է կարդացել… Չէ, հաստատ, չեմ սխալվում՝ ԳՐՔԵՐ, ընդ որում՝ անուններն էլ է տալիս, ընդ որում՝ կարծես անգլերեն է կարդացել… Անկեղծ եմ ասում, ավելի զավեշտալի բան վերջին մեկ ամսում մեկ էլ ծտաբուծարանում Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի իմիտացիան էր: Փաստորեն, Քոչարյանի համար գիրք կարդալն այլեւս «զապադլո» չէ, այլ… հոբբի (էս բանը հատուկ է շեշտվում հենց թղթակցի հարցում) եւ մոտավորապես հավասար է «տուռնիկի» վրա «պադյոմ պերեվարոտ» անելուն… Բա սա ծիծաղելի ու ցնցող չէ՞:

Հաջորդ զավեշտալի հայտարարությունը արեց դեռեւս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնեմ՝ սա այն մարդն է, որ տարիներ առաջ հայտարարում էր, թե խելքը բանի պետք չէ… Չէ, ավելի շուտ՝ քաղաքական գործիչ լինելու համար խելք պետք չի: Իսկ հիմա. ուշադիր լսեք, թե ինչ է ասել նա դպրոցականներին. «Հայ ժողովրդի ապագան գիտելիքն է, եւ ես ցանկանում եմ խնդրել, հորդորել մեր աշակերտներին՝ այս ոսկե տարիներն օգտագործել արդյունավետ ու ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիք… Կառավարության նպատակը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է, եւ մենք մշտապես լինելու ենք կրթության բնագավառի կողքին: Դպրոցը հասարակության եւ պետության հենարանն է, եւ լիարժեք կրթական համակարգի կայացումը ցանկացած կառավարության հիմնախնդիրն է: Արդի աշխարհում գիտելիքն է տնտեսության շարժիչ ուժը եւ Հայաստանը միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու գրավականը»:
Փաստորեն Հովիկ Աբրահամյանը գիտի գիտելիք բառի իմաստը՝ հերիք չի, տեղյակ է նաեւ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ բառի մասին… Բայց եկեք էս վերջինի վրա կասկածեմ, հաստատ ելույթն իր ռեֆերենտներն են գրել… Ասա՛, տնաշեննե՛ր, չե՞ք կարողանում հեշտ բառեր գրել, որ մարդը չնեղվի կարդալուց: Ա՛յ, գրեիք աղուն, հատիկ, կորեկ… Էնպիսի բաներ, որ «տուն պահող պահեստապետ տղեն» կարող է քարշ տալ տուն, թե չէ՝ գիտելիքահեն, գիտելիք, ի՞նչ մեղքս էր:

Ազնիվ չէ, պարոն, ազնիվ չէ: Բա դա «տուն պահող տղու» խո՞սք է: Ինչո՞ւ եք թյուրիմացության մեջ գցում աշակերտներին: Ո՞վ է տեսել գիտելիքով մարդ կարողանա «տուն պահել»: Ավելի ազնիվ չէ՞ր լինի՝ սովորեցնեիք թալանի այն մեխանիզմները, որոնցով կարելի է Մխչյանի սովխոզի պահեստապետից դառնալ միլիոնատեր՝ տիրապետել հողերի, գործարանների եւ այլ հարստության, կառուցել դղյակներ եւ այլն, ձեռի հետ էլ պետական պաշտոններ զբաղեցնել՝ բնավ խելք չունենալով… Այ, սա իսկական դաս կլիներ: Թե չէ՝ գիտելի՜ք, գիտելիքահեն տնտեսությո՜ւն…
Եվ վերջապես՝ ցնցող էր նաեւ դեռեւս Ազգային ժողովի նախագահ աշխատող Գալուստ Սահակյանի հայտարարությունը՝ մեղքից մաքրվելու մասին: Հապա կարդացե՞ք. «Եթե… չինովնիկները ուզում են մաքրվեն, բյուրեղանան, տարին մի քանի անգամ պետք է այցելեն դպրոց, ինչպես հասարակությունը մտնում է եկեղեցի»: Ա՛յ, էս պարոնն ազնիվ է. ազնվորեն հայտարարում է, որ չինովնիկները կեղտոտ են, որ ամեն օր լողանալն ու երեկոյան սաունա գնալն էլ նրանց չի մաքրում… Միայն թե ինչո՞ւ, ինչո՞ւ է էս մարդկանց դպրոց ուղարկում: Մեկ է՝ էդ մարդիկ մաքրվողը չեն, իսկ նրանց այցելությունը միայն ապականելու է նաեւ դպրոցը եւ վախեցնելու երեխաներին. ինչպես ամեն սեպտեմբերի 1-ին՝ երբ երեխաները ուրախ գալիս են դպրոց, եւ հանկարծ նրանց դեմ հայտնվում է ինչ-որ մի պաշտոնյայի կարմրաթուշ մռութն ու տռզած փորը…

Բա մեղք չե՞ն դպրոցն ու երեխաները…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930