Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծննդկանին տեսակցության համար 2000 դրամ վճարը անօրինակա՞ն է

Սեպտեմբեր 05,2014 15:00

Այսօր մայրաքաղաքի մի շարք բուժհիմնարկներ, մասնավորապես՝ ծննդօգնություն եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցող հիվանդանոցները, այցելուներից գումար են գանձում, որպեսզի թույլ տան այցելուներին ծննդկանին կամ գինեկոլոգիական խնդիր ունեցող կնոջը տեսակցել: Գումարը պահանջում են նույնիսկ տեսակցելու համար նախատեսված ժամերին՝ պատճառաբանելով, որ երկու հոգուց ավելի անձի դեպքում սահմանված է վճար՝ 2000 դրամ: Այս կարգի դեմ դժգոհություն հայտնած քաղաքացիներին, որպես ասվածի ապացույց, բուժհիմնարկների ընդունարանների աշխատակիցները վկայակոչում են առողջապահության նախարարի հրամանը՝ վստահեցնելով, որ «ամեն բան օրինական է»:

Ընդունարանում այցելուին նախ ասում են, որ ծննդկանի մոտ արդեն 2 տեսակցող կա, իսկ եթե ցանկանում են բարձրանալ, ապա պետք է 2000 դրամ վճարեն: Այդ մասին տեղեկատվությունը փակցված է ընդունարանի պատին:

Գումարը գանձելուց հետո նույնիսկ կտրոն են տրամադրում, որի վրա նշված է կազմակերպության անունը, գանձված գումարի չափն ու պացիենտի անուն-ազգանունը:
«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում (Հանրապետական ծննդատուն) նույնպես գործում է հիվանդին տեսակցելու վճարովի կարգը: Այս բուժհիմնարկից էլ հաստատեցին, որ ամեն բան օրինական է: «Առավոտին» չհաջողվեց խոսել կենտրոնի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվում այդ հավաքագրված գումարները, եւ արդյոք այդ գումարներից պետությանը հարկ վճարվո՞ւմ է:
Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի ծննդատանը եւ գինեկոլոգիական բաժանմունքում տեսակցության ժամերը 15:00-21:00-ն են, սակայն եթե հիվանդի մոտ արդեն այցելու կա, ապա երրորդ այցելուն վճարովի է: Այս բուժհիմնարկի փոխտնօրեն Ալլա Մակարյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ նման կարգ, իսկապես, գործում է նրանց մոտ. «Իսկ ի՞նչ անենք, երբ գալիս խնդրում են, որ անպայման թույլատրենք այցելություն: Առողջապահության նախարարության կողմից հաստատված հրաման է, որը կատարվում է օրինական պայմաններում, բացի այդ՝ մեզ մոտ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է կատարվում, եւ այդ 2000 դրամը ինչ-որ հարց չի լուծում»: Նույն ծննդատան գլխավոր հաշվապահի տեղեկացմամբ էլ՝ այդ գումարից պետությունը 20% ավելացված արժեքի հարկ է գանձում, իսկ վճարի մնացած տոկոսներով կատարվում են հիվանդանոցի ներքին ծախսերը:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ»-ում (Մարգարյան ծննդատուն) այդ ծառայությունը վճարովի չէ: Այս բուժհիմնարկից ասացին, որ իրենց մոտ վաղուց արգելված է այդ գումարների գանձումը: Տեսակցողը պացիենտի մոտ կարող է գնալ համապատասխան կտրոնով, որը տրամադրվում է ծննդկանին, վերջինս էլ այն բաժանում է իր նախընտրած այցելուներին, եւ հիվանդին տեսակցելու որեւէ խնդիր չի առաջանում: Եթե նույնիսկ մի քանի մարդ է ցանկություն հայտնում հիվանդին տեսակցելու, միեւնույն է՝ վճար չի գանձվում, եթե կա կտրոնի առկայությունը: Կտրոն չունեցողից էլ այս բուժհիմնարկը գումար չի վերցնում, պարզապես արգելում է տեսակցությունը:

«Առավոտն» այս առնչությամբ դիմեց առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ինչ հրամանով են գանձվում այդ գումարները:

Նախարարությունից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ բուժհիմնարկների ղեկավարության վկայակոչած հրամանում հիվանդի մոտ բարձրանալու համար վճար նախատեսված չէ: Ավելին՝ ծննդօգնությանը վերաբերող ծառայությունները, համաձայն հրամանի, անվճար են: Այս մասին է փաստում նաեւ 2012 թվականին ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի՝ նոյեմբերի 27-ի 2 N 2731-Ա հրամանը, համաձայն որի՝ ծննդօգնության ոլորտում վճարովի ոչ բժշկական ծառայությունների կանոնակարգման մասին հայտնվում է, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին եւ ծննդկաններին կատարող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930