Վճռաբեկ դատարանը թաքցրել էր նիստի օրը
Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից զենքի ապօրինի պահման համար երկարատեւ ազատազրկման դատաարտված մեր հայրենակցի՝ Մանուկ Հովիկյանի խնդրին անդրադարձել ենք մի քանի անգամ:
Նախկին դատապարտյալը պատժի կրումից հետո վերադարձել էր Հայաստան, մինչ օրս չի կարողանում վերականգնել իր հայրական տների՝ Չկալովի փողոցի թիվ 5 եւ Ռուսթավելի փողոցի թիվ 5 -ի նկատմամբ ժառանգության իրավունքը: Տները հայտնաբերել էր քանդված, պետական կարիքների համար վերցված:
Դիմել էր պետական արխիվ, այնտեղից ստացել տներն իր պապին եւ հորը պատկանելու մասին տեղեկանքներ, դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների: Երբ նրանք որեւէ կերպ չեն կարողացել աջակցել իրեն, դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կարդացեք նաև
Դատարանը մերժել էր Մանուկ Հովիկանի հայցը բավարարել, նա դիմել էր վերաքննիչ դատարան, որն էլ ինչպես բողոքաբերն է ասում, նույնությամբ կրկնել էր առաջին ատյանի սխալը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը:
Դատապարտյալը հայտնվել էր փողոցում, ապա վարձակալել էր բնակարան, սակայն այստեղ էլ ծագել էին խնդիրներ՝ վարձավճարի պատճառով:
Մանուկ Հովիկյանը երեք ամիս առաջ դիմել էր վճռաբեկ դատարան:
Գրեթե ամեն օր նա զանգել է գրասենյակ, գնացել, որպեսզի ճշտի իր բողոքի քննության օրը:
Ամեն անգամ վճռաբեկ դատարանից պատասխանել են՝ կտեղեկացնեն:
Մինչ վերջերս էլ Մանուկին գրասենյակից ասել են՝ կտեղեկացնեն, այն դեպքում, երբ կար արդեն դատարանի հուլիսի 9-ի բողոքը վերադարձնելու մասին որոշումը:
Մանուկ Հովիկյանի բողոքը լսվել է առանց նրա մասնակցության:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտել էր, որ այն ենթակա է վերադարձման:
Դատարանը, վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները, գտել է, որ դրանք բավարար չեն եզրակացնելու, որ առկա է քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՝ ելքի վրա ազդած դատական սխալ, նյութական կամ դատավարական իրավունքի խախտում:
Հետեւաբար, ըստ որոշման, բողոքի հիմքը հիմնավորված չէ:
Դատարանը հղում էր արել քաղաքացիական դատավարության օրենսգրքին, համաձայն որի, վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերեւույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ ստորադաս դատարանի կոմից առկա է դատական սխալ, նոր երեւան եկած հանգամանք:
Մանուկ Հովիկյանն ասում է, որ փաստորեն ինքը օդ է, եւ կա, եւ չկա, կա՝ երբ բողոքը տանում է դատարան, չկա, երբ այն լսում են առանց իրեն:
Նա «Առավոտին» ասաց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2014