Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղագործությունը մոդայիկ է, բայց քիմիան չպետք է կորցնենք»

Սեպտեմբեր 05,2014 13:30

Մասնագետները շարունակում են կարծիքներ հայտնել
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուղղվածությունը փոխելու թեմայով

«Առավոտի» սեպտեմբերի 3-ի համարում տպագրված «ԵՊՀ-ն այլեւս քիմիայի ֆակուլտետ չունի» հրապարակումը բուռ քննարկման առարկա է դարձել տարբեր հարթակներում: Քանի որ հրապարակման մեջ կարծիքներ կային, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի՝ Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ դառնալու եւ ուղղվածությունը փոխելու հարցը զուտ ներբուհական հարց չէ, համապատասխան քննարկումներ են պետք, որոնց հարկ է մասնակցություն ունենան ոչ միայն համալսարանական, այլեւ ակադեմիական եւ ոչ ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչները, դրա համար էլ որոշեցինք բազմազան կարծիքներ ներկայացնել:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Թավադյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Իմ կարծիքով ֆակուլտետի անվանման մեջ պետք է լիներ հակառակը՝ Քիմիայի եւ դեղագիտության ֆակուլտետ, բայց դա որոշել է ԵՊՀ գիտխորհուրդը, որը հաստատել է մեծ խորհուրդը: Այսինքն իրե՛նք են այդպես ցանկացել»:

Քիմիական ինստիտուտներն իրենց կադրերին դեղագետների՞ց են ընտրելու՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան գիտնականն ասաց. «Ո՛չ, քի՛միայից, եւ հետո դա չի նշանակում, որ այդ ֆակուլտետում քիմիայի հոսքը կրճատվելու է, դեռ ոչ ոք չգիտի… Այս տարի, ընդունելությունը կարծեմ թե քիմիայի օգտին է եղել…Քիմիան ավելի ընդլայնված գաղափար է, իհարկե լավ կլիներ Քիմիայի եւ դեղագիտության ֆակուլտետ լիներ»:
Մեր նկատառմանը, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Առավոտին« ասել էր, թե ԵՊՀ գիտական գծով արտասահմանյան գործընկերները նշում են, որ «դեղագործությունը» անվանման մեջ պարտադիր է նաեւ դրամաշնորհների հետ կապված ԵՊՀ քաղաքականության առումով, պարոն Թավադյանը պատասխանեց. «Չէի ասի, որ քիմիայի գծով դրամաշնորհներ չկան, անկեղծ ասած, չգիտեմ ինքն ի՞նչ է նկատի ունեցել, մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ դեղագիտությունն իրոք առաջնային ուղղություններից մեկն է, իսկ քիմիան ընդհանրացված բան է»:

ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն ուղղակի զարմացած է համալսարանում կատարված այդ փոփոխությունից: «Եթե դա պետք է վնասի քիմիայի ուսուցմանը, իհարկե լավ չէ, քիմիան մեզ համար կարեւոր ուղղություն է…Այս պահին քիմիան, չգիտես ինչու, հետաքրքրություն չի առաջացնում երիտասարդների մոտ, բայց դա պատճառ չպետք է լինի, որ ֆակուլտետը ուղղվածությունը փոխի… Վաղը կգան լավ օրեր, քիմիան էլ կբերի անհրաժեշտը: Հասկանում եմ, որ դեղագործությունը եւ դեղագիտությունը մոդայիկ են, պահանջարկն էլ մի քիչ մեծ է, քան քիմիայինը, բայց դա պատճառ չէ, որ մենք քիմիան ամբողջությամբ կորցնենք: Դեղագիտության վրա չպետք է ակցենտ դնել, քիմիան ավելի անհրաժեշտ է, քիմիական ֆակուլտետը պետք է՝ հիմնարար գիտություն մատուցելու համար: Առանց հիմնարար քիմիայի, դժվար թե լինի դեղագործություն, առանց քիմիայի հնարավոր չէ դեղագործներին դարձնել լավ դեղագործ: Բան չունեմ ասելու, կոլեկտիվը ինքն է որոշում՝ ու՞ր գնան եւ ի՞նչ անեն, բայց դա պետք է արվի պայմանով, որ քիմիան անպայման պահպանվի: Առաջնայինը քիմիան է, հետո գալիս են մնացած
ները … »

Պատասխանելով մեր հարցին՝ միթե՞ քիմիական ինստիտուտները դեղագետներից են իրենց կադրերին ընտրելու, պարոն Թոփուզյանն ասաց. «Քիմիական ինստիտուտները քիմիկոսներից էլ են կադրեր ընտրում, ֆիզիկոքիմիկներից էլ, անալիտիկներից էլ: Ի միջիայլոց դեղագործական կազմակերպություններին էլ են պետք ֆիզիկոքիմիկները, անալիտիկները… ՄԵր հետազոտական նպատակներով մեզ պետք են, օրինակ, օրգանիկ քիմիկոսներ, որոնց պատրաստում է, ե՛ւ Երեւանի պետական համալսարանը, ե՛ւ Պոլիտեխնիկական ինստիտուտը: Նաեւ ֆիզիկոքիմիկներ են պետք մեզ, իսկ Երեւանի պետական համալսարանը այն տեղն է, որտեղ այդ կադրերն են պատրաստվում: Մի խոսքով, քիմիան մեզ համար շատ կարեւոր է»: Գիտնականը հայտնեց, որ ավելի շուտ էր լսել այդ փոփոխության մասին, քան այն կատարվել է: Նաեւ հավելեց. «Եթե քիմիան վերացնենք, վաղը դժվար կլինի, մեծ գումարներ պետք կլինեն վերականգնելու համար, ավելի լավ է հիմա մի քիչ օգնել, որ քիմիան մնա, հետո ինքը կբերի արդյունքներ, վստահ եմ դրանում: Եթե հիմնարար գիտություն քիմիայի այդ օջախը պահպանվելու է Երեւանի պետական համալսարանում, խնդիր չենք տեսնում ֆակուլտետի անվան փոփոխության մեջ, ամեն դեպքում՝ քիմիան չպետք է վտանգվի՝ իր բոլոր ուղղություններով՝ օրգանական, անօրգանական, ինչ-որ կա Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում: Եթե միայն բառախաղի համար է արվում անվանման փոփոխությունը, ոչինչ… Լավ կլինի, որ ռեկտորատը դոտացիայով օգտակար լինի ֆակուլտետին ու այն մնա…»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանի հետ էլ կապվեցինք: «Դեղերի արտադրությունն էլ արդյունաբերության մի ոլորտ է, քիմիան չենք կորցնում… այնպիսի՜ մասնագետներ կան ԵՊՀ-ում, ինչո՞ւ ենք կորցնում… Իհարկե, համալսարանի համար քիմիան պետք է լինի, որովհետեւ դեղագործությունը քիմիական ուղղության մի ճյուղ է ընդամենը…Դա ուղղվածության փոխվել չի նշանակում, երեւի պետք է նշվի քիմիական դեղագիտություն, դեղերի քիմիա…»,-ասաց ակադեմիկոսը: Քիչ անց էլ նշեց, թե խնդրին լավ տեղյակ չէ, կծանոթանա, նոր կարծիք կհայտնի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Համալսարանական շրջանակները լավատեղյակ են, որ այս անհեթեթ որոշման իրականացմանը մեծապես նպաստել է տվյալ ամբիոնի վարիչ Սաղյանը, ով գործիք դառնալով վերադասի ձեռքին` ,,մեծ,, առաջընթացի հավակնություններ է փայփայում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930