Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչում ունեցող արվեստագետներն էլ են «համահարթեցվում»

Սեպտեմբեր 05,2014 13:00
maska

Նրանց վաստակի գումարային չափը կախված է տնօրենների քմահաճույքից

«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ մշակութային օջախներին հասանելիք հանգստի սեզոնը (հուլիս-օգոստոս) նոր անհանգստություններ պատճառեց ստեղծագործողներին, հատկապես թատրոնների արտիստներին: Խոսքը վերաբերում է կառավարության որոշմամբ հուլիսից աշխատավարձի բարձրացումներին, հերթական ատեստավորմանը (որոշ թատրոններում այն դեռ ընթացքի մեջ է), վերջապես՝ խիստ չարչրկված հարցի՝ կոչումավոր արտիստների դրույքաչափերին: Որոշ թատրոնների ղեկավարներին ոչինչ չի խանգարում, որ, ասենք, միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում բազմիցս նույնիսկ «Գրան պրիների» արժանացած արտիստներին ատեստավորումից հետո առաջինից տեղափոխել երկրորդ կարգ եւ այլն: Այստեղից կարելի է հետեւություն անել, թե մեր մակարդակը միջազգայինից շատ ավելի բարձր է: «Անակնկալներ» են եղել նաեւ կոչումավոր արտիստներին, որոնք խնդրեցին՝ իրենց անունները չբարձրաձայնել… Կոչում ստանալիս հանրապետությունով մեկ հայտարարվում է, որ մարդը վաստակավոր է կամ ժողովրդական, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրա դրույքաչափը բարձրացել է, մինչեւ որ տնօրենները չբարեհաճեն իրենց «մեծահոգի» անձնական թույլտվությունը տալ արվեստագետներին՝ աշխատավարձի տեսքով:
Վաստակավոր արտիստներից ոմանք, ոչ մի տեղ հենարան չգտնելով, վերջերս դիմել էին խմբագրություն՝ ճշտելու համար իրենց հասանելիք դրույքաչափերը, եւ արդյո՞ք դրանք նույնն են բոլորի համար: Մի ճանաչված արտիստ էլ տարակուսանք հայտնեց, որ իր գործընկերոջ աշխատավարձը անհամեմատ բարձր է իր ստացածից, այն դեպքում, երբ ինքն ավելի շատ է զբաղված ներկայացումներում, քան գործընկերը: Հուզմունքով էլ հավելեց. «Ասում են օրենք, ի՞նչ օրենք, տնօրենն է օրենքը, եւ վերջ»: Վերջում էլ մեջբերեց թումանյանական խոսքերը՝ «աշխարհում հաստատ մի բան կա միայն. այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»:

Մեր տեղեկություններով, մշակութային օջախների տնօրենները արտիստներին մեկ առ մեկ զգուշացնում են գաղտնի պահել աշխատավարձի չափը: Նրանք, իհարկե, այս հարցում չարաչար սխալվում են, չմտածելով, որ պետք եղած դեպքում ամեն ինչ կիմացվի, այն էլ՝ ամենայն մանրամասնությամբ: Գուցե թատրոնները զերծ մնային նման տհաճ խոսակցություններից, եթե 2004 թվականից մինչ օրս «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը «քնած» չլիներ Ազգային ժողովում:

«Առավոտը» տնօրեններից պարզաբանում չխնդրեց՝ պարզ պատճառով. ոչ ոք հանձն չի առնի, որ ինքը հենց այդկերպ է վարվել:

Կապվեցինք ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանի հետ, որը մեր հեռախոսազրույցի օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցում էր ատեստավորման: «Երեք տարին մեկ անցկացվող ատեստավորման նպատակը մեկն է՝ որ այս կերպ ավելի հստակեցվեն մշակութային օջախների ստեղծագործական կազմերի՝ դերասաններ, երգիչներ, բալետի, երգչախմբի, նվագախմբի արտիստներ եւ այլն, որակավորման աստիճանը, որի ընթացքում նկատի են առնվում մի շարք չափանիշներ, այդ թվում՝ կրթություն, մասնագիտական աշխատանքային ստաժ, վաստակ եւ այլն: Հանձնաժողովն անպայման հաշվի է առնում վերջին տարիներին արտիստի ցուցաբերած որակը: Այս ամենը քննարկելով՝ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում ատեստավորվողի կարգի պահպանման, իջեցման, բարձրացման կամ անհամապատասխանության վերաբերյալ: Հանձնաժողովի անդամների ձայների առավելագույնի չափով ընդունված է համարվում նշված կետերից որեւէ մեկը: Իսկ հավասար ձայների դեպքում որոշիչը հանձնաժողովի նախագահի ձայնն է»,- ասաց պարոն Գրիգորյանը: Կոչումավոր արտիստների աշխատավարձի մասին էլ հայտնեց. «Օրինակ, վաստակավոր արտիստների աշխատավարձի չափը հիմնականում կախված է նրանց զբաղվածության աստիճանից եւ գեղարվեստական ղեկավարի մասնագիտական կարծիքից: Հնարավոր է, որ տվյալ թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից առաջարկ լինի տնօրենին՝ արտիստին, այդ թվում՝ կոչումավոր, հավելավճար սահմանելու մասին, հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակը»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ երեք տարին մեկ անցկացվող ատեստավորումը հնարավոր է անցկացնել նաեւ արտահերթ՝ որակավորման հանձնաժողովի, գեղարվեստական ղեկավարի ու գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ եւ նախարարության հավանությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարտիրոսյան says:

    Այդ ատեստավորում ասվածը արհեստական բան է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում նախարարության ներկայացուցչի ասածին և գեղարվեստական ղեկավարն ում հետ լավ է, նրան է առաջ տանում, և այդ նույն գեղարվեստական ղեկավարը ընտրում է այնպիսի հանձնաժողով, որ իր մարդիկ լինեն: Նախարարությունն այդպես էլ կմնա ամեն ինչից անտեղյակ, որովհետև դեռ իր որոշումը ազդեցիկ չի: Ոչինչ չանող և ձրի աշխատավարձ ստացողների մի ամբողջ բանակ կա, որ անգամ ատեստավորման օրը վարպետորեն թաքցնում են: Պարոնյան թատրոնում էլ նորից ստուգեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930