Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանը մեկուսացնել նաեւ մարզական աշխարհում

Սեպտեմբեր 05,2014 12:15

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները տնտեսականից ու ֆինանսականից բացի՝ նաեւ մշակութային եւ մարզական ոլորտներ տարածվելու միտում ունեն:

Եվրամիությունը մի նախագիծ է մշակել, որով իր անդամ երկրներին առաջարկում է քննարկել միջազգային մի շարք մարզական կազմակերպություններին, այդ թվում՝ ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին, Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը կասեցնելու որոշման հարցը: Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը չի կարողանա մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը եւ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին, մասնավորապես՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մրցաշարին, ինչպես նաեւ եվրագավաթների՝ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի գավաթների խաղարկություններին:

Եվրամիության անդամ մի շարք երկրներ, սակայն, այսքանով չեն ցանկանում բավարարվել եւ նախագիծը կազմելիս առաջարկել են Ռուսաստանին զրկել նաեւ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու իրավունքից:

Սակայն Եվրամիության բոլոր երկրները չէ, որ աջակցում կամ հավանություն են տալիս այս ծրագրին: Միջազգային որոշ լրատվամիջոցներ գրում են, թե միայն ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն այս կամ այն ազգային ֆեդերացիայի անդամակցությունը կասեցնելու որոշում կայացնելու իրավունք ունեն: Իր հերթին, ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նշել է, թե սպորտն՝ ընդհանրապես եւ ֆուտբոլը՝ մասնավորապես քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն եւ չպետք է ունենան: Նրա խոսքերով՝ իրականում հակառակն է՝ ֆուտբոլը ջնջում է քաղաքական սահմանները եւ միավորում երկրներն ու ժողովուրդներին:

Ռուս նախարարի միտքը իր տարածած հայտարարությամբ զարգացրել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ նշելով, որ մարզական խոշոր միջոցառումները բոյկոտելը երբեք միջազգային խնդիրները լուծելու արդյունավետ միջոց չեն եղել: Իսկ համաշխարհային ֆուտբոլի ղեկավար կառույցի նախագահ Զեպ Բլաթերը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից այլ երկիր տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող: «Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Մենք վստահում ենք 2018 եւ 2022 թվականների (Քաթարում) աշխարհի առաջնությունների կազմակերպիչներին»,- հայտարարել է Բլաթերը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930