Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանական ժամանակները պատմական էին սպանություններով հարցեր լուծելու տեսանկյունից»

Սեպտեմբեր 05,2014 12:30

Հրանուշ Խառատյանը՝ հայտնի ֆիլմի
եւ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների մասին

«Առավոտը» ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանից կարծիք հարցրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների (1998-2008 թթ.) մասին պատմող հայտնի՝ «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմի մասին՝ արդյո՞ք այդ ֆիլմը կարող է համարվել պատմական փաստ, ինչպես շատերն են կոչում, եւ այնտեղ չկա՞ սուբյեկտիվ մոտեցում:

«Չգիտեմ, թե ինչն է համարվում այստեղ պատմական փաստ: Եթե խոսքը գնում է տնտեսական աճի մասին, ապա կարծեմ Քոչարյանի շրջանի յուրահատուկ տնտեսական աճն էր, որը նախածրագրավորեց Հայաստանի տնտեսական տեսլականի բոլոր հորիզոնները: Ո՞րն էր գլխավոր տնտեսական ուղղությունը՝ շինարարությունը: Այլ կերպ ասած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում մի նեղ խմբի ձեռքին կուտակված սեփականաշնորհման՝ դրամագլխի վերածված արդյունքը մեռցվեց շինարարութան մեջ (դա արտադրություն չէր, որ եկամուտ ապահովեր, դա կապիտալը մեռցնելու ձեւերից է): Իրականում սա տնտեսական հանցագործություն էր երկրի եւ նրա բնակչության նկատմամբ: Երկրորդ՝ վերջնականապես հողային ու գյուղատնտեսական արտադրանքի շուկայից դուրս մղվեց մանր հողատերը, այսինքն՝ գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության 99%-ը, անդառնալի դարձնելով գյուղական բնակչության գերաղքատացումը: Հայաստանի գյուղական բնակչության արտագաղթի ամենածանր տարիները 2001-2004թթ. են եղել: Երրորդ՝ բնակչության ահռելի մասը դարձավ վարկային ստրուկ: Սա «տնտեսության աճի» մյուս առասպելն է՝ վաշխառուական տոկոսներով բնակչության վերջին խնայողությունները հավաքելով՝ բանկային կապիտալի ստեղծում եւ դրանով երկու տասնյակ մարդկանց առեւտրային գործունեության ֆինանսավորում: Ընդ որում՝ բացարձակապես ոչ մի հաշվարկ՝ չխփելու երկրում դժվարին աշխատանքով ստեղծվող արտադրատեսակներին: Այդ տարիներին ամենաբարձրագոչ խոսակցություններն են եղել աղքատությունը նվազեցնելու մասին: Այդ տարիներին են ընդունվել աղքատության չափման միավորները: Չափման միավորից ավելի հազար դրամ եկամուտ ունեցողն այլեւս աղքատ չէր համարվում: Այսինքն եթե 30.000 դրամ եկամուտ ունեցողն աղքատ էր համարվում, ապա 31.000 դրամ ունեցողն արդեն աղքատ չէր, մինչդեռ իրականում աղքատ էին 35, 40, 50 հազար դրամ եկամուտ ունեցողները: Դժվար չէ այս կերպ աղքատության նվազման ցուցանիշներ ցույց տալ: Այդ տարիներին «աղքատություն» եւ «Հայաստան» բառերը հաշտվեցին միմյանց հետ: Ասեմ ավելին, մենք հատուկ հետազոտություն ենք արել՝ ընդհուպ մինչեւ 2007թ. ոչ մի աղքատ ընտանիք փաստացի եկամտի ավելացում չի ունեցել (տեսեք «Պատմություններ աղքատության մասին», գիրք 2): Գերաղքատացած երկրում «պետական կարիքների տակ» մարդկանց ունեզրկումը «քոչարյանական» տարիների յուրահատուկ ձեռքբերումներից էր, ինչը ոչ միայն Երեւան քաղաքում էր տեղի ունենում: «Պետական կարիքների» անվամբ հողազրկված գյուղացիների հողերը քոչարյանական տարիների մյուս յուրահատուկ նվաճման՝ հանքահանության հանձնումը Հայաստանի առօրյան դարձավ, ինչի կանխատեսելի սարսափելի հետեւանքներն արդեն իսկ սկսվել են»,- ասաց տիկին Խառատյանը: Նրա ձեւակերպմամբ, թվարկումը կարելի է շարունակել. «Պակաս կարեւոր չէ հիշել Հայաստանի մշակութային ասպատակությունը՝ պատմական հիշողությունը ճարտարապետական անցյալի վերացմամբ, ջնջելու, հասարակական մշակույթի անբարոյականացման եւ մարդկային փոխհարաբերությունները բացառապես «շահի» դիտանկյունից արմատավորելու արատավոր գործընթացները: Այո, պատմական էին քոչարյանական ժամանակները, խիստ պատմական՝ պատերազմում հաղթանակած ժողովրդի արժանապատվությունը գերկարճ ժամանակահատվածում գերնվաստացնելու, սպանություններով հարցեր լուծելու, դատարան կոչված ինստիտուտը խեղկատակության վերածելու եւ Հայաստանի սոցիալական համաձայնության հասարակությունը սոցիալական թշնամանքի հասարակության վերածելու տեսանկյունից»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Ավելացնելու էլ ոչինչ չի թողել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930