Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշում դեռ չկա, սակայն այն մեծ աժիոտաժ է առաջացրել

Սեպտեմբեր 04,2014 22:40

Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի շենքի առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչների կուտակում, մեծ հերթ է գոյացել: Մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Ամիրաղյանն ասաց, որ այդ պատճառով սեպտեմբերի 2-ից իրենք ժամանակավորապես դադարեցնել են ԽՍՀՄ նախկին Խնայբանկում ունեցած ավանդների վերաբերյալ սահմանագոտու բնակիչներին տեղեկանքների տրամադրումը: Նրա խոսքերով՝ այդ քայլին իրենք դիմել են, որպեսզի հերթեր չգոյանան, մասնաճյուղի աշխատանքը չխանգարվի: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ սահմանամերձի կարգավիճակ ունեցող 8 գյուղերի բնակիչներին այդ ավանդների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար որոշակի կարգ կսահմանվի, օրինակ՝ համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որպեսզի այդ համայնքի բնակիչներին ավանդների վերաբերյալ տեղեկանք տրվի շաբաթվա որոշակի օրերին:

Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մեծ հերթից: Տեղեկացանք, որ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման վերաբերյալ կառավարության որոշում դեռ չկա: Սակայն Նոյեմբերյանի սոցիալական ծառայությանը վերադասը բանավոր ցուցում է տվել, թե որ սահմանամերձ որ համայնքների բնակիչներին է վերաբերելու հիշյալ որոշումը: Դրա մեջ ընդգրկվելու է Հայաստանի թվով 29 սահմանամերձ բնակավայր: Տավուշի մարզից նշված ցանկում ընդգրկվելու են Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մովսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Սեւքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեհովիտ, Այգեպար եւ Ոսկեպար գյուղերը: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ չնայած կառավարության որոշման բացակայությանը, գործն արագացնելու համար ՎՏԲ բանկի մասնաճյուղերում այդ բնակավայրերի բնակիչներին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ունեցած ավանդների վերաբերյալ տեղեկանքներ են տրվում:

Նշենք, որ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչների մեջ որոշակի դժգոհություն կա, որ Կողբ գյուղը համարվում է սահմանամերձ, իսկ Նոյեմբերյանը սահմանամերձի ցանկից դուրս է մնացել: Նոյեմբերյան քաղաքը, ինչպես եւ Կողբը, հողատարածքով սահմանամերձ է Ղազախի շրջանին: 1992թ. դեկտեմբերի 29-ին եւ 1993թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական «Գրադի» համազարկներից Նոյեմբերյան քաղաքի տարածքում տասնյակ բնակիչներ զոհվեցին: Եթե կառավարության առաջիկա որոշումը վերաբերելու է միայն սահմանամերձ գյուղերին,իսկ Նոյեմբերյանը 1996 թվականից քաղաքի կարգավիճակ ունի, ինչպես է, որ այդ որոշման նախագծի մեջ է գտել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930