Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահը պնդում է, որ տարվա վաղեմության ցավը սրվել է համալսարանականների պատճառով

Սեպտեմբեր 04,2014 22:56

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հերքում է Ագրարային համալսարանի պրոռեկտորների պնդումները, թե օգոստոսի 13- դիմաց տեղի ունեցած դեպքերով ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցելու ՕԵԿ-ական պատգամավորների դիմումը:

Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ օրը միջադեպից հետո բուհի ներկայացուցիչներն իրեն հրել են, ինքը, հավասարակշռությունը կորցնելով ընկել ու ողնաշարի հատվածում սուր ցավ է ստացել. «Չէի կարողանում քայլել, ընկերներս ուղեկցեցին առաջին հիվանդանոց, զննություն կատարեցին, երկու ժամ պահեցին այնտեղ, հետո առաջարկեցին ստացիոնար բուժում, վիրահատություն, բայց հրաժարվեցի»:

Պրոռեկտորների հավաստիացումներին, թե ՀՔԾ-ում պարզվել է, որ Շահգելդյանը ողնաշարի խնդիրներ ուներ արդեն յոթ տարի, պարոն Շահգելդյանը պարզաբանեց. «Չեմ թաքցրել, որ յոթ տարի առաջ ցավ է եղել, բուժվել եմ, անցել, գնացել է: Ինչ վերաբերում է, թե ՀՔԾ-ն կարճել է գործը՝ ճիշտ չէ: Նոր եմ վերադարձել արտասահմանից, գնացել էի բուժման, ասացին՝ գրություն են ուղարկել, որով ինձ կանչում են հարցաքննության: Դեռ ցուցմունք էլ չեմ տվել, ո՞նց է ՀՔԾ-ն մերժել»:

Հետո էլ, անդրադառնալով համալսարանի ներկայացուցիչների մեղադրանքներին, թե ՕԵԿ-ն ապօրինաբար է իրենց տարածք վերցրել, ասաց, որ 2008-ին քաղաքապետարանի որոշմամբ է տրվել վիճահարույց տարածքն ու բուհի խորհրդի համաձայնությամբ. «Փաստաթուղթը, որի մասին թաքցրել են, նոր է ջրի երես դուրս եկել: Մենք ապօրինություն չենք արել, չենք անում ու չենք էլ անելու»:

Անդրադառնալով բուհի պրոռեկտորի պնդմանը, թե ռեկտորը այդ փաստաթղթով չորս նախապայման է առաջ քաշել, որոնք ՕԵԿ-ը չի կատարել, պարոն Շահգելդյանը հերքեց. «Ոչ, ոչ նման բան չկա: Ավելին՝ իրենք տվել են մեզ՝ ակնկալելով, որ լաբորատորիա կառուցելու հարցում ՕԵԿ-ը օգնի, թե ինչ մակերեսով պետք է լինի, ինչով պետք է օգնենք, այս ութ տարիների ընթացքում ոչ դիմել են, ոչ էլ ասել, եթե դիմեն, պատրաստ ենք օգնել»:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-Ագրարային համալսարանի վեճը հողատարածքի պատճառով է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930