Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով գրպանում 3000 դրամ ունի, կարող է իր մշակութային ճաշակը հանդիսատեսին հրամցնի»

Սեպտեմբեր 04,2014 22:10

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ Հայաստանում  3000 դրամ փող ունեցող ցանկացած անձ կարող է մշակութային միջոցառումներ կազմակերպել: Ըստ մեր զրուցակցի, մշակութային միջոցառումներ կազմակերպողի համար իրավաբանորեն որևէ արգելանք չկա, որևէ չափանիշ սահմանված չէ:

«Մշակութային միջոցառումներով զբաղվող մարդիկ պիտի ունենան համապատասխան փաստաթուղթ, մենք դա կանվանենք լիցենզիա, կանվանենք իրավունք… Սա անհրաժեշտ է, որպեսզի ոլորտում, կազմակերպչական հարցերում ներգրավվեն մարդիկ, որոնք բավարարում են ինչ-ինչ սկզբունքների: Ինչ-ինչ նախապայմաններ կան, որոնք իրենք պիտի ունենան տվյալ ոլորտում, օրինակ` պրոֆեսիոնալ կրթություն:

Իսկ այսօր ամեն մարդ իրավունք ունի զբաղվել միջոցառումների կազմակերպմամբ, ամեն մարդ էսօր Հայաստանում իրավունք ունի իր սեփական երաժշտական, թատերական ճաշակը թելադրել հանդիսատեսին: Ցանկացած մարդ, որը ունի 3000 դրամ և կարողանում է պետռեգիստրից ձեռք բերել անհատ ձեռներեցի իրավաբանական կարգավիճակ: Ստացվում է, որ ՀՀ-ում ցանկացած քաղաքացի կարող է ցանկացած տեղ դահլիճ վարձել ու մշակութային միջոցառում կազմակերպել: Դրա համար էլ ականատես ենք լինում զրոյի հասնող որակական աստիճանի և դրա համար կազմակերպիչներն այնպիսի համերգներ, շոու-երեկոներ, ներկայացումներ են կազմակերպում, որոնք ունեն կոմերցիոն բնույթ, զուտ բիզնես են իրենց համար»:

Տիգրան Վիրաբյանը մեջբերում է Արցախի փորձը, որտեղ ցանկացած մշակութային միջոցառում կազմակերպելու համար պիտի թույլտվություն ստանաս ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Այս նպատակի համար ստեղծված գեղարվեստական խորհուրդը, որը կազմված է պրոֆեսիոնալ մասնագետներից, քննում է կազմակերպչի ներկայացրած դիմումը ու փորձում հասկանալ` Արցախի հանդիսատեսին պե՞տք է այդ միջոցառումը, թե՞ ոչ:

«Փաստորեն այսօր էդ գեղարվեստական խորհուրդը դառնում է Արցախի հանդիսատեսի դաստիարակման ցուցանիշը, ինքն է որոշում` արդյոք էս ֆիլմը պե՞տք է ցուցադրել Արցախում, թե՞ չէ: Ինքն է որոշում արդյո՞ք էս ներկայացումը պետք է ցուցադրել, էս ռաբիզ երաժշտությունը թույլ տա՞լ, որ հնչի, թե՞ ոչ: Հստակ մեխանիզմ կա, որպեսզի վերահսկողության տակ պահեն, ամեն մարդ իրավունք չունենա որակապես ցածր միջոցառում կազմակերպել: Մենք գոռոզություն չպիտի անենք ու սա պիտի ընդունենք որպես լավ օրինակ», -ասում է Տիգրան Վիրաբյանը:

Նրա փաստմամբ, եթե Արցախում հաստատվում է ներկայացված ծրագիրը, ապա ոչինչ չեն խնայում այն իրականացնելու համար. դահլիճի վարձակալության հարցերն են հոգում, օժանդակում են, որպեսզի հեռուստատեսությամբ պրոպագանդվի:

Այս ձևով, ըստ մեր զրուցակցի, հնարավոր կլինի առավել շատ պրոպագանդել ազգային մշակույթը: « Մենք էսօր, ցավոք սրտի, գիտենք որ դեռ չի եկել էն ժամանակը, էսօր  հանդիսատեսի պահանջարկը էն աստիճանի չէ, որ ինքն իրենով դուրս մղի աղբը` չակերտների մեջ և մտածենք, որ իրավաբանական սահմանափակումների խնդիրը չկա: Իսկ եթե սահմանափակումներ ու վերահսկողություն լինի, կպրոպագանդվի ոչ թե վատ, անճաշակ երաժշտությունը, այլ ազգայինը: Այս գործունեությամբ թող զբաղվեն այն մարդիկ, որոնք ունեն պրոֆեսիոնալ կրթություն, առավել ևս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա հատուկ բաժին, որը պատրաստում է պրոֆեսիոնալ արվեստի կառավարիչներ:

Մշակութային միջոցառումներ կազմակերպողը պիտի տարեկան ծրագիր ներկայացնի, որտեղ գերակշռող մասը լինի ազգայինը և ժողովրդականը: Ծրագրում ներգրավվի նաև պրոֆեսիոնալ թատրոնների հյուրախաղերի կազմակերպում, ինչու չէ նաև թող որոշակի մաս կազմի  էստրադան, պոպ երաժշտությունը և անտիրպրիզային ներկայացումները: Պետք է ելույթ ունեն նրանք, ովքեր արժանի են պետական թատրոնի բեմ բարձրանալու պատվին, բայց նրանց կողքին կան էնպիսիները, որոնք իրավունք չունեն ելույթ ունենալ: Ցանկացած երաժշտություն պիտի հնչի ճիշտ վայրում, օրինակ` ռաբիզի համար կան տարբեր կոմերցիոն դահլիճներ, հանդիսությունների սրահներ: Այս ամենը պետք է հստակ կանոնակարգված լինի:

Եվ եթե գյուղատնտեսական ինստիտուտի չգիտեմ որ ֆակուլտետը ավարտածը կարող է զբաղվել մշակութային միջոցառումներ կազմակերպելով, դա նույնն է, որ վաղը արվեստի կառավարումն ավարտած մասնագետը կարող է զբաղվել վիրահատություն անելով, ի՞նչ կարևոր է, որ բժշկի դիպլոմ չունի»,- ասում է Տիգրան Վիրաբյանը` գտնելով, որ պետք է մշակույթի նախարարությունը գործընթացին միջամտի ու միջոցառումներ կազմակերպելու իրավունքը արտոնի միմիայն պրոֆեսիոնալներին:

Տիգրան Վիրաբյանը նաև ասում է, մշակույթի նախարարությունը ճիշտ կանի հստակ հայեցակարգ մշակի, թե իր ենթակայության տակ գտնվող կառույցների դահլիճները ում կարելի է տրամադրել վարձակալության և ովքեր են նրանք, որոնց իրավունք չի տրվում բարձրանալ պետական թատրոնների բեմեր:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Վարդանյան says:

    բայց ում է հետաքրքիր քո կարծիքն այ անհետաքրքիրրրրր?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930