Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին տեղեկատվություն տրամադրել, թե այդ որոնք են այն 900 անուն ապրանքները, որոնց մաքսազերծման դրույքաչափերը ժամանակավորապես չբարձրացնելու կամ աստիճանաբար բարձրացնելու համար էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում Մաքսային միության հետ:Այս եւ ՄՄ մտնելու մի շարք գործընթացների մասին, Դանիել Իոաննիսյանի կարծիքով, ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն. «Մեկ տարի է մեր պետությունը փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը դեպի Մաքսային միություն, որը հունվարի մեկից լինելու է Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), սակայն մարդիկ այս ամենից տեղեկացված չեն»:
Նրա խոսքերով, նույնիսկ, ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքը համարվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, երբ հետաքրքրվել են, թե տեսե՞լ է Հայաստանի եւ ՄՄ-ի միջեւ ստորագրվելիք պայմանագիրը, պարզվել է Գալուստ Սահակյանն այդ պայմանագրի նախագիծն անգամ չի տեսել:
Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» «Ջեյ Արս» Հաուսի դահլիճում ներկայցրեց, թե ինչ է սպասվում մեր երկրին Եվրասիական տնտեսական միության մաս կազմելու դեպքում: Միջոցառման հեղինակները տեսանյութ էին պատրաստել, որտեղ ներկայացվեց Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության քաղաքական եւ տնտեսական հետեւանքները, ափսոսանք էր հնչում, որ ՄՄ մտնելու պատճառով Հայաստանը զրկվեց Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունից:
Կարդացեք նաև
Ըստ Դանիել Իոաննիսյանի, հանրությունը պարբերաբար լսում է, ԵՏՄ անդամ երկրների դժգոհությունները Ղարաբաղի վերաբերյալ, սակայն որեւէ տեղեկատվություն չունի, թե ԵՏՄ մտնելու դեպքում Արցախի հետ լինելո՞ւ է մաքսակետ թե ոչ: Մի տեսանյութ էլ միջոցառման կազմակերպիչները պատրաստել էին այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ լինի, ինչպիսի վնասներ կկրի Լեռնային Ղարաբաղը:
Դանիել Իոաննիսյանի կարծիքով, ԵՏՄ մաս կազմելու դեպքում ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկային ոլորտը կվտանգենք, քանի որ վերջին երկու տարում Ռուսաստանում 120 բանկ լիցենզիայից զրկել է իր հետեւից թողնելով ավանդատուների հսկայական բանակ, իսկ Հայաստանում, նրա տվյալներով, տաս տարուց ավելի ոչ մի բանկ չի սնանկացել եւ այդ առումով՝ վիճակը կայուն է:
Անվտանգության խնդիրը, որի վրա Ռուսաստանը շեշտադրում է անում, նույնպես, Հայաստանի համար երաշխավորված չէ: Դանիել Իոաննիսյանը վկայակոչելով վերջին տարիներին պարբերաբար դարձած ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունները, նշեց, որ Ռուսաստանն այնպիսի զինտեխնիկա է վաճառել Ադրբեջանին, որից ոչ միայն Հայաստանը չունի, այլեւ ուղղված է խաղաղ բնակչության ոչնչացման դեմ: Ըստ նրա մի շարք երկրներում` Սիրիայում եւ այլն, ռուսական ռազմաբազաների համար վարձավճարներ են գանձվում, սակայն մեր երկրում` Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռազմաբազան եւ Երեւանում Էրեբունի օդանավակայանը, ոչ մի դրամ Ռուսաստանը չի վճարում տարածքների, հողերի վարձակալության համար: Հատկապես, որ այդպես էլ անհայտ է մնում, թե ռուսական ռազմաբազաները ումից են մեզ պաշտպանում:
«Գյումրիի 102-րդ ռազմաբազան Ադրբեջանի հետ մեր «ռազբորկաներին» չի խառնվում»,-նկատեց Դանիել Իոաննիսյանը:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանն էլ ներկայացրեց, թե ԵՏՄ-ին անդամակցելն ինչպիսի բացասական ազդեցություն կթողնի մեր արտաքին քաղաքականության վրա: Ըստ նրա, այսուհետ ամեն բան որոշվելու եւ ուղղորդվելու է մեկ կենտրոնից` Մոսկվայից: Եվ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` ԼՂՀ հարցը շահարկելն այդ շարքից է: ԵՏՄ մտնելու դեպքում, Աննա Փամբուխչյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի մասով ճնշումները Հայաստանի վրա կավելանան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ