«Բազմիցս եմ ասել՝ քառյակը մի մարմին չէ: Քառյակը տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գաղափարախոսության եւ խնդիրների տարբեր պատկերացում ունեցող ուժերի ժամանակավոր միավորում է, որի հիմնական հարցը օրակարգում ձեւավորված եւ բոլորի կողմից կոնսենսուսի միջոցով հավանության արժանացած հարցերին է նվիրված»,- Аravot.am-ի հետ զրույցում քառյակում առկա տարաձայնությունների մասին խոսելիս քառյակին այսպիսի սահմանում տվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ «Տնտեսական քաղաքականության մեջ բազմիցս են եղել քննարկումներ: Բայց, ինչպես տեսնում եք, տարբեր քաղաքական հայացքների եւ սկզբունքների դավանող ուժերը չեն կարող նույն ձեւով խնդրին լուծում տալ: Սկսած պետության դերակատարությունից, ավարտած մասնավոր սեկտորում ազատության աստիճանի չափի որոշումից՝ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն: Մենք պատկերացնում ենք պետության ակտիվ դերակատարություն, մի այլ ուժ, որը ազատական ուժ է, պատկերացնում է պետության խիստ պասիվ, անգամ ոչ մասնակցային իրավիճակ, երրորդը պատկերացնում է, որ պետությունը պետք է մասնակցի այնքան, որքան անհրաժեշտ է տնտեսության կարգավորման տեսակետից՝ որպես ազատական-սոցիալիստական հայացքներ կրող, մյուսը՝ ազգային հարթության մեջ է միայն նայում հարցերին: Սրանք խնդիրներ են: Ամեն մեկը պետք է կարողանա գոնե իր տեսլականը պատկերացնի, հրապարակի, որից հետո տեղի ունենա միավորում, տեսլականների համադրում, ընդհանուր կետերի դուրս բերում: Այս հարցում քառյակում դեռեւս լիարժեք համագործակցություն չկա»:
Մեր դիտարկմանը, որ ամեն մի նման նախաձեռնության հետ հասարակությունը սկսում է հույսեր կապել, համագործակցության մասին վկայող ամեն լուսանկարով ոգեւորվել, հետո ոչինչ չի ստացվում: Եթե այդ 4 ուժերին կապող բան չկար, ի՞նչ իմաստ ուներ այդ ամեն ինչը: Ըստ Արծվիկ Մինասյանի, «Խնդիրը մեր միասնությունը ճշմարիտ հարթության մեջ չտեսնելու մոտեցումն է: Բոլորն ուզում են, որ միասնական լինեն, բայց ինչպե՞ս է այդ միասնականությունը լինում՝ ոչ ոք չի պատկերացնում: Հենց գալիս է պրակտիկ դաշտ, ամեն մեկը սկսում է մեղադրել դիմացինին, թե ինչու միասնականության մեջ տանուլ տվեց: Իրականում ամեն ուժ, որը ձգտում է միասնության, պետք է իր ամբիցիաները մի կողմ դնի եւ հետեւի նպատակին: Նույն Սահմանադրական փոփոխությունների հարցում մենք 20 տարուց ավելի է՝ պահանջում ենք այդ փոփոխությունները: Մեր տեսակետից սա սկզբունքային հարց է՝ ոչ այսօրվա, ոչ երեկվա, ոչ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն իշխանության մեջ էր, երբ արմատական ընդդիմություն էր՝ այս գաղափարը մեր մոտ չի փոխվել: Մեզ համար այս հարցը սկզբունքային է: Միգուցե այլ ուժի համար սա ընդամենը տակտիկա է, բայց տակտիկան երբեք չի կարող ռազմավարությանը փոխարինել: Եթե դու գնում ես այս նպատակին, ուրեմն ընթացքում մտնես, մառանով դուրս գաս, թե գնաս թոնրատուն, հետո նոր գաս այդ նույն տեղը՝ էականորեն կարող է նպատակից շեղել»:
Մեր հարցին՝ հիմա ի՞նչ, կազմաքանդվե՞ց այսքանով քառյակը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ի՞նչ էր եղել քառյակը, որ կազմաքանդվեց: Նման խնդիր, կարծում եմ, այս պահին չկա դրված: Կա սկզբունքային 2 հարցերի վերաբերյալ որոշակի տարաձայնություն: Մեկը կուտակայինի հարցն է, որ ՍԴ բողոքարկվի, թե չէ: Միգուցե շատերը համարում են սա տեխնիկական կամ տակտիկական հարց, իմ համոզմամբ, սա ոչ սկզբունքային հարց է: Եթե մենք անկեղծ ենք եղել մեր պայքարի մեջ, ուրեմն մինչեւ վերջ պետք է գնալ՝ սպառելու համար բոլոր պաշտոնական համակարգերը: Երկրորդը սահմանադրական փոփոխություններն են, որտեղ այո, ավելի հստակ են տարբեր կերպ ընկալումները: Մենք մնում ենք մեր նույն տեսակետին եւ գտնում ենք, որ համակարգային փոփոխությունների հիմքը Սահմանադրությունն է, սահմանադրական ամրագրումներն են, որոնք կամ ամբողջական չեն կամ թերի են»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները չեն վերացնելու բոլոր խնդիրները, բայց պետք է անել անհրաժեշտ այդ առաջին քայլը, որպեսզի երկրում կարողանաս համակարգային փոփոխություն իրականացնել. «Անձինք, ովքեր չեն կարեւորում այս հարցը եւ կապում են բացառապես անձի փոփոխության հետ, նշանակում է այդ մարդիկ եւ քաղաքական ուժերը ընդամենը ուզում են, որ իրենք հայտնվեն այն կարգավիճակում, ինչ այսօրվա իշխանությունները: Ոչ թե համակարգը փոխեն, այլ անձանց փոխեն իրենց հետ: Եվ փոփոխությունների դեմ ագրեսիվ հանդես եկողների բառապաշարը, երբ սկսում ես ուսումնասիրել, հասկանում ես, որ իրենք այս փոփոխություններում ոչ թե պետության բարելավումը չեն տեսնում, այլ իրենք իրենց չեն տեսնում: Սա է պրոբլեմը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ