«Մեզ համար շատ կարեւոր է, թե տվյալ անձը կամ ուժն ի՞նչ հնարավորություններ ունեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Եթե Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ինքը ներկա պահին ունի որոշակի ունակություններ, Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները լուծելու համար, մենք դա միայն կարող ենք ողջունել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադարձի եւ նրա թեկնածությունը սատարելու մասին հարցին: «Եթե մեր մոտեցումները եւ գաղափարները համընկնեն, եթե նա օժանդակելու է այն ծրագրերի իրագործմանը, որոնք մենք ենք պատկերացնում, ոչ միայն կսատարենք, այլ ամեն ինչ կանենք ու Քոչարյանը նորից կվերադառնա իշխանության»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ոչ միայն Քոչարյանի վերադարձի, այլ որեւէ գործչի իշխանության գալն ապահովել, եթե վերոնշյալ պայմաններն ապահովվեն:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները բոլորս ենք վայելել ու վերաբերմունքն այդքան էլ միանշանակ դրական չէ, ինչպես որ իր տարբեր հարցազրույցներում ներկայացնում է երկրորդ նախագահը. վստահ ե՞ք, որ նա կարող է վերադառնալ եւ դրական գործունեություն ծավալել, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի, անուղղակի, անձնական որեւէ շփում չի ունեցել ու չունի, բայց գործիչներին ու մարդկանց գնահատում է ոչ միայն նրանց նախկինում արածներով, այլ՝ ապագայի ծրագրերով: Մովսես Շահվերդյանը հիշեցրեց, որ այդ կերպ ՀԱՍԿ-ն առաջնորդվել է, երբ նախապատրաստել է Կարեն Դեմիրճյանի վերադարձն իշխանության. «Կոմունիստների ժամանակ ամեն ինչ իդեալակա՞ն է: Կարեն Դեմիրճյանն էլ բազմաթիվ հակառակորդներ ուներ, հիշեք, թե ի՞նչ հոդվածներ էին գրվում նրա դեմ: Իհարկե, Քոչարյանի կառավարման տարիների բազմաթիվ սխալներ են եղել, որոնց հետ մենք համամիտ լինել չենք կարող, թեկուզ միայն նրա համար, որ մենք սոցիալիստական գաղափարախոսություն ունենք: Ես ավելի շատ սխալներ կարող եմ մատնանշել, քան շատ շատերը, բայց մեզ հետաքրքրում է ոչ միայն նա, թե ի՞նչ է եղել անցյալում, այլ այն, ինչ լինելու է այսօր եւ ապագայում: Ես բոլորին կոչ եմ անում սթափ նայել իրավիճակին. այստեղ ոչ մեկը ոչ հարազատ է, ոչ բարեկամ, ոչ էլ թշնամի»:
Թեմայի եւ սահմանադրական բարեփոխումների մասին զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստանը կանգնած է պատերազմի վտանգի առջեւ: Պատերազմի կողքով մենք վերջերս անցանք, շատերը դա չընկալեցին, չպատկերացրեցին: Ադրբեջանն իսկապես պատրաստվում է Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի եւ այդ իրողությունը մենք պետք է հաշվի առնենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները քաղաքական հետախուզական բնույթի էին: Ըստ նրա, այդպիսով, Ադրբեջանը փորձում էր շոշափել ՌԴ-ի տրամադրություններն ու վերաբերմունքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «բլից- կռիվ» սկսելուն: Նման պարագայում, նա վստահ է, որ Ադրբեջանը կարող է անակնկալի բերել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Դիտարկմանը՝ արդյո՞ք այլ պատկերի ականատեսը չեղանք, Մովսես Շահվերդյանը հակադարձեց, որ սահմանային միջադեպերի ժամանակ հայկական կողմը առավելություն ունեցավ շնորհիվ հայ զինվորի ոգու, իսկ պատերազմներում, ցավոք, միայն ոգին չէ, որ դեր է խաղում: Հետագա զարգացումների արդյունքում, ըստ մեր զրուցակցի, տեսանելի դարձավ, որ Ադրբեջանն ընդամենը հետաձգում է իր ծրագրերն՝ ավելի հարմար պահի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ