Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահ Քոչարյանը շատ լավ օրինակ է ցույց տալիս, որ անհրաժեշտ է կարդալ». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 04,2014 18:53

Վերջերս բուռն քննարկումների տեղիք տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը  եւ նրան նվիրված տեսաֆիլմը: Ոչ այդ հարցազրույցում, ոչ էլ տեսաֆիլմում խոսք չկա Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի մասին: Կարծես այդ ամենը որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր հարցին՝ ինչո՞ւ են դա անտեսել, Դուք է՞լ եք այդ ամենը դիտում որպես նախընտրական գովազդ՝ պատասխանեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մասին տեսաֆիլմը դիտում է՝ որպես փաստական հանգամանքների ֆիքսում եւ ներկայացում. «Թե տարբեր մարդիկ ինչ ձեւով են նայում, ընկալում՝ ամեն մեկը թող իր մտածածի համար կրի պատասխանատվություն: Ինչ վերաբերում  Մարտի 1-ի իրադարձություներին, դեռեւս պատմությունը շատ է անդրադառնալու այս ժամանակաշրջանին: Զուտ ֆորմալ առումով, այո, Մարտի 1-ի ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Սակայն ես չեմ կարծում, որ տնտեսական ձեռքբերումների ֆոնին Մարտի 1 պետք է ներկայացվեր: Գուցե դա առանձին թեմա է, առանձին ֆիլմի անհրաժեշտություն կա, թե ով ոնց է պատկերացնում Մարտի 1-ը, այդ թվում նաեւ՝ նախագահ Քոչարյանը կամ այլ նախագահներ: Դա սուբյեկտիվ ընկալումների դաշտ կարող է տանել, առավել եւս, երբ  2008-ի Մարտի 1-ը ես շատ լավ եմ ուսումնասիրել եւ իմ սուբյեկտիվ պատկերացումներով գնահատականներն ունեմ: Դրա համար չեմ ուզում նաեւ, որ որեւէ մեկին  մեղադրեմ կամ թերագնահատեմ, թե ինչու դա ֆիլմում չկա դա: Մենք բոլորս պետք է մի կարեւոր խորհուրդ քաղենք այս ամենից: Երբեք անցյալը չպետք է նայենք միայն դատապարտող կամ միայն փառաբանող հայացքով: Մենք պետք է անցյալին  նայենք այնպես, ինչպես եղել է, որովհետեւ դա է միակ ճանապարհը ճշմարիտը, օբյեկտիվը տեսնելու, առաջ գնալու համար ճիշտ կոնցեպցիա մշակելու հարցում: Հակառակ դեպքում հենց փորձեցինք արդեն մեղադրել անցյալում այս կամ այն գործչին լավ կամ վատ պահվածքի համար եւ սահմանափակեցինք այդքանով, մենք առաջ չենք գնա»:

Մեր հարցին՝ ասացիք, որ տեսաֆիլմում պատմական փաստեր են, այնտեղ մի հատված կա, որտեղ նշվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի ազատվի երկրում տեր ու տիրական դարձած ՀՀՇ-ի ավազակներից: Սա պատմական փա՞ստ է՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ ֆիլմում նշվեց, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են: Ես չեմ ուզում մեկնաբանել այդ խոսքերը: Բայց փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան՝ որպես Հայաստանի վարչապետ: Եվ չմոռանանք նաեւ, որ դրական արձանագրումներ եղան այդ կարճ ժամանակահատվածում՝ մինչեւ նախագահական ընտրությունները: Սա էլ է փաստ, որեւէ մեկը չի կարող առարկել: Նույն տեսաֆիլմում դրվագ կա, որտեղ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողության ժամանակ կադրը տեղափոխում են առաջին նախագահի վրա, ով նաեւ ծափողջույնով է դիմավորում: Հիմա լավ է, որ այդպիսի դրական միջավայր կար: Թե ինչու այդ միջավայրը չպահպանվեց հետագայում՝ սրա պատասխանները ես չէ, որ պետք է տամ: Սրա պատասխանը պետք է տան մարդիկ, ովքեր այդ միջավայրը ստեղծողներն են եղել»:

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ գրականություն է կարդում, ճամփորդում է, գիտելիքներ է կուտակում, դրա կարիքը կա՞ քաղաքական կյանքում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ, ոչ միայն դրա կարիքը կա: Ես կարծում եմ, նախագահ Քոչարյանը շատ լավ օրինակ է ցույց տալիս, որ անհրաժեշտ է կարդալ, անընդհատ զարգանալ: Ես ինքս էլ եմ միշտ դրա կողմնակիցը եղել: Չպետք է սահմանափակվել միայն ձեռք բերածով: Չպետք է պատկերացնել, որ այսքան բանը գիտեմ՝ բավարար է: Աշխարհն արագ է փոխվում: Միանշանակ, խրախուսելի է: Կարծում եմ, նախագահ Քոչարյանի կրթության, նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը պետք է բոլորի մեջ լինի: Ես չեմ էլ կասկածում, որ այդ ձգտումը կա թե՛ առաջին նախագահի մեջ, թե՛ երրորդ նախագահի մեջ: Ինչ-ինչ, այդ մի բանում մեր նախագահները լավ են, անընդհատ ցանկանում են նոր գիտելիքներ, նոր ուսմունքներ ուսումնասիրել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԿԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    И ты Брут, Պարոն Մինասյան?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930