«Խորհրդարանական քառյակն իրեն դրել է ժամանակային պարտավորվածության մեջ եւ եթե մինչեւ հոկտեմբերի կեսերը այդ ուժերը ժողովրդի եւ հասարակության համար որեւէ տեսանելի քայլ չանեն, ուրեմն նրանց նկատմամբ եւ որոշակի վերաբերմունք կձեւավորվի եւ կտրվի նրանց ընդունակությունների գնահատականը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ (ՀԱՍԿ) Մովսես Շահվերդյանը: Եթե քառյակը նպատակ ունի Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու, ապա այդ նպատակը եւ դրա իրականացման ձեւը, ըստ մեր զրուցակցի, պետք է քառյակը հստակ ձեւավորի եւ ներկայացնի հանրությանը:
«Բայց, ինձ թվում է, քառյակի ուժերն անկեղծ չեն ժողովդի եւ իրենք իրենց հետ, որովհետեւ հստակություն չկա: Կառավարությանը ժամկետ են տվել մինչեւ սեպտեմբերի 30-նն, ինչ-որ 12 կետեր լուծելու համար: Այդ մոտեցումն ինձ համար անհասկանալի է: Դա հայաստանյան աբսուրդներից մեկն է՝ դու գտնվում ես ընդդիմադիր դաշտում, բայց ցանկանում ես ստիպել իշխանություններին, որ նրանք աշխատեն քո ծրագրով»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ընդդիմությունը պետք է գա իշխանության եւ իր ծրագիրն իրականացնի, իսկ այս դեպքում, իշխանությունը կլինի հավերժ իշխանություն, ընդդիմությունը՝ հավերժ ընդդիմություն. «Եթե իշխանությունը վաղն ասաց՝ ընդունում ենք ձեր 12 քայլերը եւ իրականացնում, ի՞նչ քայլեր պետք է անի քառյակը»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այնուհանդերձ, մի կետ էլ Մովսես Շահվերդյանն է առաջարկում՝ քառյակին ու իշխանություններին. «Հայաստանում գործում են բազմաթիվ անարդար, անորակ օրենքներ. մոնիտորինգի ենթարկեք գործող օրենքները, մանավանդ նրանք, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն: Մասնավորաբար, ի՞նչ տրամաբանությամբ է գործում օրենք՝ սոցիալական պարտադիր վճարումների համակարգին վերաբերվող, որ երբ մարդն անհատ ձեռներեցի վկայական է ստանում, բայց ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում, շահույթ չի ստանում, ամսական 5000 դրամ վճարում է սոցիալական հիմնադրամին»: Հակառակվելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած այն դիտարկմանը, որ արտագաղթի հիմնական պատճառը սփյուռքն է եւ ԼՂՀ-ի չկարգավորված խնդիրը, մեր զրուցակիցը պնդում է, որ արտագաղթի հիմնական պատճառն անորակ, անարդյունավետ եւ անարդար կառավարումն է:
Ի դեպ, Մովսես Շահվերդյանի համար անհասկանալի է քառյակի երկարատեւ հանգիստն այն պարագայում, երբ աշխարհում լուրջ գործընթացներ էին զարգանում եւ Հայաստանն էլ դրանց կիզակետում էր. «Հայաստանի քաղաքական ուժերն այդպես էլ համարժեք արձագանք չեն դրսեւորում. ոչ գնահատական են տալիս, ոչ էլ քայլեր են ձեռնարկում: Անգամ վերլուծությունները բավական կենցաղային մակարդակի են»: Մովսես Շահվերդյանն այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանը, որպես պետություն՝ ոչ ՌԴ-ին, ոչ ԱՄՆ-ին եւ ոչ էլ Եվրոպային չի հետաքրքրում. «Հայաստանը գերտերություններին հետաքրքրում է, իբրեւ տարածք»: Հայաստանում ստեղծված ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում ՀԱՍԿ նախագահի կարծիքով հայաստանյան քաղաքական դաշտը, այդ թվում նաեւ իշխանական, ադեկվատ չէ խնդիրների լուծման համար: Ուստի, արագ որակական փոփոխություններ են պետք: Դրանք, ըստ Մովսես Շահվերդյանի հնարավոր են արտահերթ համապետական ընտրությունների միջոցով. «Ճիշտ կլինի, որ դրանք լինեն խորհրդարանական ընտրություններ, քանզի խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ քննարկվում եւ որոշում են քաղաքական ուղեգծերը՝ ի հեճուկս այն այրերի, ովքեր 20-25 տարիների ընթացքում այդպես էլ չհասկացան, որ խորհրդարանը դակիչ մարմին չէ: Խորհրդարանում պրոֆեսիոնալիզմի, գիտակցության եւ հազար ու մի բաների պակաս կա, ուստի, կարծում եմ, որ առաջին հերթին պետք է խորհրդարանի որակը բարձրացնենք՝ համապետական ընտրությունների միջոցով, հնարավորություն տանք, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտման միջոցով նոր խորհրդարան ձեւավորի: Բացի այդ, դրանով մենք կլուծենք ժողովրդի եւ իշխանության միասնության խնդիրը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ