Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ «Բախտիկյան Քոչարյանի» մասին. «Ամեն ինչ բախտի վրա կամ Աստծո վրա գցելով չի»

Սեպտեմբեր 04,2014 18:35

«Նախագահ Քոչարյանի ժամանակ տնտեսության մեջ մենք արձանագրել ենք թռիչքաձեւ զարգացում, որեւէ այլ իշխանության դա չի հաջողվել: Սա չտեսնել՝ նշանակում է պարզապես սեւ ակնոցներ դնել եւ անցյալին այդ ձեւով նայել»,- ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսպես պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի  եւ նրա մասին տեսաֆիլմի  շուրջ ծավալված քննարկումներին:

Նա վստահեցրեց, որ քոչարյանական ժամանակներն իսկապես եղել են Հայաստանի տնտեսական վերելքի եւ աճի տարիներ. «Ճիշտ է, այդ աճը եղել է վերականգնողական բնույթի, այդ աճին պետք է հաջորդեր համակարգային տնտեսական քաղաքականություն: Բայց որ այդ տարիներին արձանագրել ենք աճ եւ որակական է եղել այդ աճը՝ դա փաստ է: Դա հերքել կամ չտեսնել հնարավոր չէ»:

Մեր հարցին՝ Հրանտ Բագրատյանն ասում է, որ Բախտիկյանն է եղել Ռոբերտ Քոչարյանը եւ ով էլ լիներ նրա փոխարեն՝ աճ էր լինելու, որովհետեւ դրանք պտուղներ քաղելու տարիներ էին, համաձա՞յն եք դրա հետ՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտորեն համաձայն չեմ պարոն Բագրատյանի արտահայտած այդ մտքի հետ: Ամեն ինչ բախտի վրա կամ Աստծու վրա գցելով չի: Հարկավոր է նաեւ կազմակերպչական անհրաժեշտ ունակություններ: Այն, որ այդ թվականներին նաեւ միջազգային զարգացումները որոշակի դրական միջավայր էին ստեղծում՝ դա էլ է փաստ: Սակայն կազմակերպչական ունակությունը բերեց նրան, որ Հայաստանի տնտեսությունը թռիչքային զարգացում ունեցավ: Մենք կարող ենք խոսել, թե արդյո՞ք այդ զարգացումը միակ տարբերակն էր: Անշուշտ, այդտեղ կան տարբեր սցենարներ: Չպետք է մտածել, որ միայն մի ճյուղի միջոցով հնարավոր էր հասնել զարգացման բարձր տեմպերի: Բայց այնպես էր ստացվել, որ թե՛ արտաքին տրանսֆերտները, թե՛ ներքին խնայողությունները ուղղվում էին շինարարության ոլորտ, անշարժ գույքի շուկա: Սրա պատճառներից մեկն էլ այն էր, որ տնտեսության այլ ճյուղեր,այդ թվում նաեւ բանկային համակարգը զարգացած չէր: Սեփականության իրավունքի պաշտպանության պատշաճ մակարդակ չկար, ֆոնդային բորսան չէր գործում»:

Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ՝ «Որ շինարարությունը զարգացում ապրեց՝ դա անհրաժեշտություն էր: Ուրիշ բան, որ 2008-ի ճգնաժամին եւ դրանից հետո մեր տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է կառուցվեր ոչ թե շինարարության  ֆիզիկական ծավալների կրճատման, այլ ֆիզիկական ծավալները պահպանելով՝ մյուս ճյուղերն առաջանցիկ զարգացում ապահովելու միջոցով: Ինչը կբերեր թռիչքաձեւ նոր որակական զարգացումների: Դա տեղի չունեցավ: Փաստացի հիմա մեր տնտեսությունը դեռեւս չի վերականգնել նախաճգնաժամային վիճակը եւ ճգնաժամի հետեւանքներն առ այսօր էլ շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ: Դրան գումարվել է նաեւ միջազգային մակարդակում բազմաթիվ բացասական սպասումներ:

Ես չեմ ուզում ոչ գովաբանել, ոչ էլ նսեմացնել որեւէ ժամանակաշրջան, պարզապես պետք է լինել օբյեկտիվ՝ գնահատելու այն իրադարձություններն ու այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել: Միաժամանակ պետք է արձանագրել, որ այո, բազմաթիվ խնդիրներ լուծված չէին եւ այդպես էլ մնացին անլուծելի: Նույն մրցակցային հավասար պայմանները չեղան, տնտեսության դիվերսիֆիկացիայի եւայլ ճյուղերի զարգացումների հարցը: Նույնիսկ ցուցանիշները որ համեմատում ես, մարդկանց սպասումները, որ վերհիշում ես այդ ժամանակահատվածում, շատ ավելի դրական էին: Մարդիկ սպասում էին դրական փոփոխությունների, իսկ ժամանակակից տնտեսության մեջ սպասումները տնտեսական զարգացման կարեւորագույն գործոններից են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միայն Հայաստանի պես երկրում Արծվիկ Մինասյանի պես ԱԺ պատգավոր կարող է լինել: Այս մարդը բաց ու հրապարակայնորեն սատարեց DIY ակումբը պայթեցրած հանցագործներին ու մնաց ԱԺ պատգամավոր: Կատարյա՛լ խայտառակություն: Ու այսպիսի անձը ազգի ներկայացուցի՞չ է:

    ՀԳ. Աստված հային փրկի դաշնակից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930