Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ

Սեպտեմբեր 04,2014 16:58

«Մեդիա կենտրոն». «Հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը չի ստորագրվի. Հոկտեմբերի 10-ին անդամակցություն տեղի չի ունենա»: «Մեդիա կենտրոն»-ում «Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով բանավեճի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ-վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Անդամակցությունն անշուշտ կլինի, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները, համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացված «Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց.մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով բանավեճի մասնակիցների տեսակետները շարունակում մնալ հակասական Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կայացրած որոշումից մեկ տարի անց:

Բանավեճի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:

Բանավեճին մասնակցում էին

Անուշ Սեդրակյանը -քաղաքական մեկնաբան

Ստյոպա Սաֆարյանը – քաղաքագետ, վերլուծաբան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար

Արթուր Ղազինյանը – ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Վարդան Խաչատրյանը – ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ

Երվանդ Բոզոյանը – քաղաքագետ

Լևոն Շիրինյանը – քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյանը համոզված պնդում է, որ որ Հայաստանը Եվրասիական միությանը միանալու որոշումը կայացրել է ճնշումների, շանտաժների արդյունքում: Եվ չնայած հայտարարվում է, որ ՀՀ-ն միանում է այդ միությանն անվտանգության երաշխիքներից ելնելով, այդուհանդերձ 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, ըստ վերլուծաբանի, անվտանգության ռիսկներն ավելացել են:

Քաղաքագետ Վարդան Խաչատրյանի խոսքով, մի տարածաշրջանում, որտեղ վտանգը գնալով ահագնանում է, ունի իր հրամայականը՝ անվտանգության համակարգի փոփոխություն հնարավոր չէ: Քաղաքագետը նշեց նաև, որ անդամակցելով Մաքսային միությանը, պետք է հիշել, որ «քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսությունը շարունակվում է, կամ-կամ-ի հանգամանքը պետք է ժամանակի ընթացքում դուրս գա»:

Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը Հայաստանին տվեց կարճատև դադար, բայց այդ որոշակի դադարն աշխատում է ի վնաս Հայաստանի, այս ժամանակահատվածն աշխատում է նաև ի վնաս այն տնտեսական համակարգի, որին մենք պատրաստվում ենք ինտեգրվել: «Ռուսաստանը իզոլացվում է քաղաքական աշխարհից, թե տնտեսապես, թե քաղաքականապես»: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցությանն, ապա քաղաքական մեկնաբանը հնարավոր համարում է, որ Հայաստանը ֆորմալ ստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, բայց միայն այդքանը, ժողովրադական խոսքով ասած «անունը կլինի, ամանում ոչ», Հայաստանը դրանից հետո կսպասի ռուսական բևեռի փլուզմանը:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն ասաց, որ Հայաստանի՝ Եվրասիական միության միանալու որոշումը սխալ էր, քանի որ Հայաստանում չկար տնտեսական որևէ հենք անդամակցելու այդ տնտեսական կառույցին:

Ըստ նրա, և Հայաստանը, և ՌԴ-ն նախորդ տարի սեպտեմբերի 3-ին արված ՀՀ հայտարարությունից՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին, իրենց սպասելիքներն ունեին. ՌԴ-ի սպասելիքները՝ Հայաստանը չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, կընկնի ՀՀ-ի վարկանիշը, Հայաստանի՝ էժան գազ կունենա և ղարաբաղյան հարցում ՌԴ-ն չեզոքություն կպահպանի. «Մենք ստացանք մերը, իրենք՝ իրենցը» , ամփոփեց միտքը Արթուր Ղազինյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ այն կարծիքին է, որ անդամակցությունը ինչպես ՄՄ-ին, այնպես էլ ԵՏՄ-ին անշուշտ կլինի, բայց, ըստ նրա, Հայաստանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական , մշակութային հարաբերությունների ամրապնդումը: Լևոն Շիրինյանը համոզված է, որ ռուսական բևեռը կայանում է:

Երվանդ Բոզոյանի մեկնաբանությամբ, երբ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն էր իրականացնում «մեր սահմաններին կրակոցներ չկային, փայլուն հավասարակշռված հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ և ոչ մի խնդիր չկար: Հիմա գնում է պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև Ադրբեջանի համար, մենք դառնում ենք ֆուտբոլի գնդակ մեր իսկ խելքի պատճառով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930