Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկ երկիրը` կատարյալ որսը

Սեպտեմբեր 04,2014 16:17

 

Մի քանի օր առաջ Վրաստանում ուժի մեջ մտավ «արտասահմանցիների իրավական
կարգավիճակի և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքը:
Կառավարության հայտարարության համաձայն` օրենքի ընդունումը պայմանավորված է
պետության կողմից միգրացիոն քաղաքականության կարգավորման ցանկությամբ:
Ավելի ճիշտ այդ քաղաքականության ստեղծմամբ: Իսկապես, մինչ օրենքի
ընդունումը Վրաստանում փաստացիորեն գոյություն չուներ օրենք, որը
կկարգավորեր երկրի միգրացիոն քաղաքականությունը: Երկար տարիների ընթացքում
պետությունը չէր կարողանում, ավելի ճիշտ չէր ցանկանում վերահսկել մեր երկիր
եկող արտասահմանցիների հոսքը… Դրա հաշվառմամբ նոր օրենքի ընդունումը,
իհա´րկե, բարի գործ է երկրի համար, սպասված և ակտուալ քայլ: Մինչդեռ: Կան
հատկանշական իրականություններ, որոնց հաշվառմամբ նոր ընդունված կանոնի
դրական կողմերը վերածվում են բացասականի: Իրականություններ, որոնք նոր
ընդունված օրենքը դարձնում են վտանգավոր և անտրամաբանական երկրի ապագայի
տեսանկյունից:

Հանրահայտ է, որ Վրաստանի անկախացումից ի վեր Վրաստանի իշխանությունները
այդպես էլ չեն կարողացել հաղթահարել երկրի կարևորագույն խնդիրը`
գործազրկությունը և քաղաքացիների կյանքի ցածր մակարդակը: Տվյալ հարցի
չլուծված լինելը բնականաբար ազդել է Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի
վրա: 1992թ.-ի պաշտոնական տվյալների համաձայն` Վրաստանում ապրող անձանց
թիվը կազմել է 5 467 000 մարդ: 2011 թ.-ին Վրաստանում ապրողների թիվը կազմել
է 4 469 000 մարդ: Սրանք պաշտոնական տվյալներ են…

Երկրում ապրողների իրական քանակի և իրավիճակի մասին մենք կարող ենք միայն
գուշակել: Մինչդեռ, յուրաքանչյուրիս համար էլ ակնհայտ է, որ պատկերն ավելի
վատ է, քան վիճակագրական ծառայությունների ներկայացրած պաշտոնական
տվյալները:

Երկրի աշխատունակ բնակչության մեծ մասը ստիպված էր լքել հայրենի տները և
ուղևորվել արտասահման, փող վաստակելու: Ով որտեղ պատահի… Հիմնականում
Ռուսաստան, Հունաստան, Թուրքիա, Իսպանիա և այլ երկրներ: Գաղթականների մեծ
մասն արդեն ունի իրենց ընդունող երկրի քաղաքացիությունը: Ոչ ոքի համար
գաղտնիք չէ, որ աշխատանքի ընդունվելիս առավելություն միշտ ունենում են
նրանք, ովքեր ունեն տվյալ երկրի գրանցում կամ քաղաքացիություն: Այդպես էլ
ստացվում է, որ Վրաստանից գաղթածները անում են ամեն ինչ, որպեսզի ստանան
իրենց ընդունած երկրի քաղաքացիությունը: Միայն Ռուսաստանում ոչ պաշտոնական
տվյալներով ապրում է շուրջ 1 000 000 Վրաստանից գնացածներ: 2012թ.-ի
պաշտոնական տվյալների համաձայն` նրանցից 285 946 արդեն ստացել է Ռուսաստանի
քաղաքացիություն:

Եվ դա բնավ չի էլ նշանակում, որ նրանք «դավաճանել են» Վրաստանին…
Մեծամասնությունը մինչ օրս էլ Վրաստանում ապրող հարազատներ ու բարեկամներ
ունեն, որոնք Վրաստանի քաղաքացիներ են: Ավելի´ն: Կան նաև այնպիսի մարդիկ,
հիմնականում երկրի շրջաններում ապրող, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են
Վրաստանում` ընտանիքի հետ, բայց մի քանի ամսով մեկնում են արտասահման`
հիմնականում Ռուսաստան և Թուրքիա սեզոնային աշխատանքների: Հայտնի
իրականությունից ելնելով` այդ մարդիկ ստիպված են Ռուսաստան մտնելու ուղիներ
փնտրել: Հիմնականում նրանք այնպիսի երկրի քաղաքացիություն են փորձում
ստանալ, որը Ռուսաստանի հետ առանց վիզա ռեժիմի մեջ է (ամենից հաճախ
Հայաստանի և Ադրբեջանի) և հենց այդ կերպ էլ հետագայում հայտնվում են
Ռուսաստանի տարածքում:

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն` երկրում գոյություն չունի
«երկքաղաքացիություն» հասկացությունը: Համապատասխանաբար, բոլոր նրանք ովքեր
ունեն այլ երկրի քաղաքացիություն, չեն հանդիսանում Վրաստանի քաղաքացիներ:
Երկրի, որտեղ ծնվել և ապրում են… Հենց այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ
նույն օրենսդրության համաձայն` Վրաստանի տարածքում ծնված կամ Վրաստանի
քաղաքացի ընտանիքի անդամներ ունեցող անձինք առավելություններ ունեն
Վրաստանի քաղաքացիությունը ստանալիս: Բայց, ցավոք, իրական դրությունը
տարբերվում է նրանից, որը կլիներ, եթե պետությունը հետևեր իր իսկ
օրենքներին…

Հենց այստեղ էլ բացահայտվում է այն հանցագործ անտարբերությունը, որը
ցուցաբերում է երկրի Կառավարությունը մեր պետության ապագայի հանդեպ: Երկար
տարիների ընթացքում հաճախակի են եղել դեպքեր, երբ մարդը ծնվել, մեծացել է
Վրաստանում, բայց ունեցել է ուրիշ երկրի քաղաքացիություն, դիմել է
քաղաքացիությունը վերականգնելու-ստանալու համար և մերժվել է: Չի´ կարելի
չնշել, որ նման դեպքերի մեծ մասը վերաբերում է ազգությամբ ոչ վրացիներին:

Նոր օրենքի ընդունումից հետո Թբիլիսիում Արդարադատության նախարարության
դռների մոտ մեծ հերթեր են առաջացել: Մարդկանց մեծ մասը եկել էր, որպեսզի
երկրում օրինականորեն գտնվելու իրավունք ստանար: Խմբագրությունը զրուցել է
հերթի մեջ սպասող մի քանի հոգու հետ:

«Ես ծնվել եմ այստեղ: Նախնիներիս գերեզմաններն էլ գտնվում են Վրաստանում…
2004թ.-ին համալսարան եմ ավարտել, մասնագիտություն եմ ձեռք բերել, բայց մեծ
խոչընդոտի առաջ եմ կանգնել` աշխատանք գտնելու: Ընտանիքում 4 հոգի ենք` ես,
կրտսեր քույրս և գործազուրկ ծնողներս: Երեք տարի աշխատանք եմ փնտրել:
Համառորեն: 2007թ.-ին դժվար իրավիճակից ելք գտնվեց: Ես վերցրի Հայաստանի
Հանրապետության քաղաքացիություն և կարողացա գնալ Ռուսաստան աշխատելու:
Տարվա ընթացքում 3-4 ամիս աշխատում եմ Ռուսաստանում, իսկ մնացած ժամանակը
անցկացնում եմ տանը` Վրաստանում: Երբ աշխատած գումարը վերջանում է, ես
ստիպված նորից եմ մեկնում Ռուսաստան… ու այդպես ապրում ենք:

Երբ ստացա Հայաստանի քաղաքացիություն, հարցրի կունենա՞մ արդյոք խնդիր
Վրաստանում, ինձ պատասխանեցին. «ո´չ, ոչ ոք խնդիր չունի, դու էլ չես
ունենա…»: 2014թ.-ի ձմռանը ինձ հայտնեցին, քանի որ ես ունեմ Հայաստանի
քաղաքացիություն, զրկվել եմ Վրաստանի քաղաքացիությունից: Հենց դա իմացա,
միանդամից հայտով դիմեցի քաղաքացիությունս վերականգնելու համար: Վճարել եմ
անհրաժեշտ գումարը: Բայց: Մերժվեցի: Ինձ նույնիսկ չբացատրեցին մերժման
պատճառը: Ինչքան ես գիտեմ, ես Վրաստանի քաղաքացիություն ստանալու լիարժեք
իրավունք ունեմ: Չէ՞ որ ես այստեղ եմ ծնվել, իմ ծնողներն էլ այս երկրի
քաղաքացիներ են…

Մի քանի ամիս առաջ երբ նախկին նախագահը հայտարարել էր, որ քաղաքացիություն
է շնորհում պարզեցված կարգով, ես էլ դիմում գրեցի: Այդ անգամ էլ պատասխան
չստացա… Բայց իմացա, որ քաղաքացիություն են շնորհել նրանց, ովքեր ոչ էլ
ծնվել են այստեղ` 3 000-ից ավելի թուրքերի:

Հիմա նոր օրենք են ընդունել, որի համաձայն ես իրավունք չունեմ 90 օրից
ավել իմ տանը գտնվել: Ու՞ր և ինչո՞ւ ես պետք է գնամ: Հենց նոր դիմում գրեցի
Կացություն իրավունք ստանալու համար: Եթե սրանում էլ ինձ մերժեն, չգիտեմ`
ի՞նչ պետք է անեմ: Երեք ամսից ինձ կվռնդեն իմ իսկ տնի՞ց…», -խմբագրության
հետ զրույցում ասաց 31 ամյա Գիորգի Ասատուրովը:

Կան այնպիսի մարդիկ, որոնք ծնվել են այլ երկրում, բայց ամուսնացել են
Վրաստանի քաղաքացու հետ: Նրանց ևս չեն տալիս քաղաքացիություն:

«Ես արդեն 4 տարի է, ապրում եմ Թբիլիսիում: Իմ ամուսինը Վրաստանի քաղաքացի
է: Ունենք երկու երեխա: Նրանք այստեղ են ծնվել և նույնպես քաղաքացիներ են:
Ես՝ ոչ: Մի քանի անգամ դիմել եմ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, բայց
մերժում եմ ստացել: Նույնիսկ ժամանակավոր կացության իրավունք ինձ չեն
տալիս: Վերջերս լսեցի, որ օրենքը խստացրել են և եկա նորից դիմելու
ժամանակավոր կացության համար: Եթե ինձ նորից մերժեն, մենք երկու տարբերակ
կունենանք` կա´մ ընտանիքն է քանդվում, կա´մ տեղափոխվում ենք այլ երկրում
ապրելու», -ասաց 26 ամյա Մարիամը, որը եկել էր դիմելու երեխաների հետ
միասին:

Մենք դեռևս չգիտենք` ինչպիսի ճակատագիր է սպասվում տասնյակ հազարավոր
մարդկանց, որոնք ծնվել և ապրում են Վրաստանում, բայց երկրում
գործազրկության պատճառով զրկվել են քաղաքացիությունից: Մի՞թե շուտով մենք
ականատեսը կդառնանք, թե ինչպես են հազարավոր մարդկանց տարհանում-արտաքսում
իրենց իսկ տներից:

Հենց այստեղ տեղին է հիշել 2013թ.-ին ՄԱԿ-ի հրապարակած տվյալները:
Տվյալների համաձայն` որոնք բնականաբար հաշվի չեն առել նոր օրենքի հետևանքով
առաջացած իրականությունը, 2050թ.-ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի
28%-ով… Եթե այդ 28%-ին ավելացնենք հազարավոր մարդկանց, որոնց սպասվում է
վտարում, աքսոր իրենց իսկ տներից, ապա չի՞ ստացվի արդյոք, որ երկիրը
զրկվում է իր բնիկ բնակչությունից, դատարկվում է…

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930