«Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու մասին լուրերը 10 տարի է՝ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել, եւ ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա եւ ապագա կաշառակերներին եւ կոռուպցիոն այլ հանցավոր դրսեւորումներ ունեցող անձանց, որոնք շատ կուզենան, որ ես այս աշխատանքում եւ այս պաշտոնում չլինեմ: Նրանք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած այլ պաշտոնում, բայց ոչ այս պաշտոնում»,-այսօր կառավարության նիստից հետո այսպես մեկնաբանեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերը:
Պարոն Կոստանյանն ասաց, որ որեւէ մեկի անուն չի նշում ու կարծում է, որ յուրաքանչյուրը գիտի ում մասին է խոսքը:
Գլխավոր դատախազի խոսքերով` իր գործունեությունն, անկախ նրանից՝ ով դժգոհ կլինի, ով` գոհ, շարունակելու է առնվազն նույն հետեւողականությամբ եւ ոգեւորությամբ. «Եվ դա, այսինքն` հակակոռուպցիոն եւ օրինականության ամրապնդմանն ուղղված գործունեությունը տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այլեւ իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում՝ քննչական համակարգի եւ պետական այլ մարմինների վրա: Հետևաբար` անկախ նրանից՝ ով կոգեւորվի, ով կերջանկանա իմ՝ որեւէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ ապատեղեկատվություն կտարածի, դա իրենց խնդիրն է: Դա ինձ բացարձակ չի մտահոգում»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ