Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանը Վահե Հակոբյանի` ջրտնտպետկոմի նախագահ նշանակվելու մասին`«Մի օլիգարխի տղայի գործի են տեղավորել»

Սեպտեմբեր 04,2014 15:46

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն, այսօր, կառավարության որոշմամբ ազատվեց մարզպետի պաշտոնից` նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Չնայած դրան, Սյունիքի մարզպետարանի կայք էջում Վահե Հակոբյանը դեռեւս շարունակում է մնալ որպես մարզպետ:

Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտն ավարտած եւ տնտեսագետի որակավորում ստացած Վահե Հակոբյանն իր կենսագրության մնացած հատվածում որեւէ առնչություն չի ունեցել ջրային ռեսուրսների հետ, ուստի Aravot.am-ը այդ ոլորտի մասնագետ-բնապահպաններից հետաքրքրվեց, թե ջրային ռեսուրսներից հեռու մարդն արդյոք կարո՞ղ է կառավարել այդ ոլորտը, այն դեպքում, երբ այսօր բնապահպանները ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարումը մեր երկրի թիվ մեկ խնդիրներից են համարում:

«Ես նրան չեմ ճանաչում, որեւէ կարծիք չեմ կարող հայտնել` բացի զարմանալուց: Նա այդ ոլորտում չի աշխատել, ոլորտն էլ այդքան խնդիրներ ունի, որոնք լուծել է պետք:
Մի օլիգարխի տղայի գործի են տեղավորում` ապօրինությունը շարունակելու համար, միանշանակ ես այդ կարծիքին եմ, ոլորտում ՀԷԿ-եր կան, դեռ սեւ գործեր ունեն եւ այդտեղ իրենց մարդն էր պետք: Պատահական մեկն է նա, հետո՞ ինչ, որ եսիմ ում տղան է»,-մեր հարցին այսպես արձագանքեց բնապահպան Գրետա Գաբրիելյանը:

Ըստ նրա, Սեւանա լճի ջրերի անխնա օգտագործումը, գետերը ջրազրկող ՀԷԿ-երի, Արարատյան դաշտավայրի ոռոգման խնդիրներն այսօր լուրջ սպառնալիք են մեր երկրի ջրային ռեսուրսներին:

Կարինե Դանիելյան

Կարինե Դանիելյան

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանին չի ճանաչում, բայց կարծում է, որ «այդ դժվար ոլորտը» պետք է մասնագետ ղեկավարի. «Եթե առնչություն չի ունեցել ոլորտին, ապա, գոնե պետք է կարողանա իրեն շրջապատել այնպիսի մասնագետներով, փորձագետներով, որոնք իրենց ողջ կյանքը զբաղվել են եւ գիտեն ջրային ռեսուրսները: Այդ ոլորտի ղեկավարը պետք է հենվի փորձագետների կարծիքի վրա, առհասարակ, դա բոլոր նախարարներին, բոլոր կառավարիչներին է վերաբերում: Հիմա ջրային ռեսուրսների կառավարումն ամենալուրջ խնդիրն է Հայաստանում»:

Մեր այն հարցին, թե ինչ պետք է անի ջրային ռեսուրսների նոր կառավարիչը, որ չի արել Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահը` Անդրանիկ Անդրեասյանը, տիկին Դանիելյանն ասաց. «Նրա համար հանրային շահն ավելի գերակա պետք է լինի քան`անձնական, տնտեսական շահը: Եթե, միայն տնտեսական շահի հետևից գնանք ուղղակի կքանդենք այն վերջին հնարավորությունները, որոնք մնացել են: Ջրային ռեսուրսներն օգտագործելու սահմանին ենք հասել: Նախորդ ղեկավարի հետ ինչքան հանդիպել ենք, ընդհանուր հայտարարի չենք եկել: Տնտեսական շահ է գերակայել, ինչ-որ խումբ մարդկանց շահն է գերակայել: Մենք անընդհատ կոնֆլիկտ ենք ունեցել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930