Այսօր նաիրիտցիների բողոքի ակցիային էր միացել նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Անի Զախարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է եկել կառավարության շենքի մոտ, ինչին պատասխան նա ասաց, որ նաիրիտցիներն են հրավիրել իրեն, գործարանի աշխատակիցները հույս են կապում Անի Զախարյանի հետ, եւ նա ամեն ինչ անելու խնդիրը լուծելու համար:
Մի խումբ նաիրիտցիներ լսելով Անի Զախարյանին, որ իբր գործարանի աշխատակիցներն են հրավիրել նրան, բորբոքվեցին ու վիրավորական խոսքեր հնչեցնելով Անի Զախարյանի հասցեին պահանջեցին հեռանալ ու չխառնվել «Նաիրիտի» գործերին:
Մանրամասն` տեսանյութում
«Անի Զախարյանին բոլորը ճանաչում են»,-ասաց տիկին Զախարյանն ու բարձրախոսով դիմեց նաիրիտցիներին, փորձելով ապացուցել, որ իրենց իսկապես հրավիրել են բողոքի ակցիային ու իր հետ հույսեր են կապում:
Կարդացեք նաև
Տղամարդիկ ավելի հանդուրժող էին Անի Զախարյանի նկատմամբ եւ ավելի մեղմ էին խոսում նրա հետ. մի երիտասարդ նաիրիտցի էլ փորձում էր հանդարտեցնել զայրացած կանանց` «Թող մնա էլի, կարող է մի բանով օգնում է»:
Բայց կին աշխատակիցներն անհանդուրժող էին եւ զայրացած, կանանցից մեկը փորձում էր Զախարյանին բացատրել, որ իրենք չեն ցանկանում, որ քաղաքական գործիչներ խառնվեն այս բողոքի ակցիային, ընդ որում, այս կինը Անի Զախարյանին կարգին չէր էլ ճանաչում, ասաց` միայն հեռուստացույցով է տեսել ու չգիտի թե Զախարյանն ինչով է զբաղվում:
«Անի Զախարյանի նմանները ինչի՞ պիտի գան մեզ մոտ»,-«Նաիրիտ» գործարանի մեկ այլ կին աշխատակից նման հարցադրում արեց:
Իսկ այդ ընթացքում Անի Զախարյանը բողոքի ակցիայի մասնակիցներին փորձում էր հավատացնել, որ ինքն անպայման «Նաիրիտի» հարցը կլուծի, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի խանգարի` մինչեւ վերջ գնալու: Ի վերջո «Նաիրիտի» կանայք հաղթեցին. Անի Զախարյանը երկար չմնաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ. կառավարության շենքի մոտից նա հեռացավ միայնակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ