Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված վիրաբույժի գործընկերները ցույց են արել Լոռու մարզպետարանի դիմաց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2014 15:15

Այսօր «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի հարազատները, գործընկերները, հիվանդները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց:

Bjishk_gorc_2

Նրանք շարունակում են անօրինական եւ անարդարացի որակել վիրաբույժին կալանքի ենթարկելու որոշումը:

«Շատ վատ վիճակում եմ եղել, շատ ծանր վիճակում, տարել են, էդ մարդը ինձ կյանք է տվել, չգիտեմ, էն մոտեցումն է ցույց տվել, ես այդպիսի բան չէի տեսել, լեղապարկի վիրահատություն արեց, բայց ոչ ոք բան չէր հասկանում, մենակ ինքը հասկացավ, թե վիճակն ինչ վիճակ է: Առանց որեւէ շահի, առանց որեւէ կոպեկի: Ես բողոքում եմ նրա դեմ, որ այդ մարդուն մի գրիչի հարվածով գցեցին, նա պետք ա այնտեղ չլինի, նա պետք է իր աշխատանքի վայրում լիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում իրենց բողոքն արտահայտեցին ամուսիններ Օլյա Թումանյանն ու Հարություն Դանիելյանը:

Մեկ այլ հիվանդ` Կարինե Դանիելյանը վրդովված է 10 տարի առաջ իր կյանքը փրկած բժշկի նկատմամբ կիրառված որոշումից:Bjishk_gorc_Zoya-Lalaya_n

«Ես բժիշկ Ղուկասյանին ճանաչում եմ համարյա 10 տարի, չտեսնված բարի մարդ է: Ինձ ծանր վիճակում տարել են հիվանդանոց, էն մարդը գիշերը եկել է, օգնություն ցուցաբերել, հետագա օրերին ես բացի լավից նրանից ոչինչ չեմ տեսել: Ես սարսափելի վրդովված եմ, որ այս մարդուն անօրինական ձեւով նստեցրել են նրա համար, ինչ որ ինքը չի արել: Ես քաջ տեղյակ եմ պատմությունից: Էն մարդը հասել է, օգնություն է ցուցաբերել երեխային: Այս մարդուն ոչ թե ձերբակալել է պետք, այլ նրան բամբակների մեջ պահել: Այս մարդը հո հանցագործ չի, հո մարդասպան չի, մարդասպանը հիմա ազատ ման է գալիս»,-մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Ղուկասյանի հիվանդներից 60–ամյա Կարինե Դանիելյանը:

«Վանաձոր ԲԿ» ՓԲԸ փոխտնօրեն Արտակ Եդոյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենց անհանգստացնում է հատկապես այն հարցը, թե ինչու են 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, բազում մարդկանց կյանքեր փրկած մարդուն կալանավորել: Խնդրի հետ կապված` բուժաշխատողներից մի քանիսի հետ նա այսօր զրուցել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

«Բուժաշխատողների հետ մի քանի հոգով մոտեցանք մեր մարզպետին` խնդիրները ներկայացնելու: Ներկայացրինք մեր պահանջները` հիմնականում կապված նրա հետ, որ մենք այս պահին չենք քննարկում մեղավորության-անմեղության հարցը` չնայած, որ մենք ինքներս մեր ներքին համոզվածությունն ունենք: Ուղղակի մեզ ընդամենը հետաքրքրում է այն խնդիրը, թե ինչու են այդ մարդուն կալանավորում, ձերբակալում: 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, բազում մարդկանց կյանքեր փրկող մարդուն ինչու են ձերբակալում: Դատ անեին, որոշեին, դատարանը կորոշեր, որ մեղավոր է, թող տանեին, բայց հիմա ինչու են նախօրոք կալանավորում: Արթուր Նալբանդյանը լսեց մեզ, կփորձի օգտակար լինել»,-հայտնեց բուժհաստատության փոխտնօրենը:

Վլադիմիր Ղուկասյանի կինը` Զոյա Լալայանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցույցին իսկզբանե ավելի շատ մարդ էր խոստացել գալ, սակայն, մարդիկ չեն եկել` վախենալով զրկվել աշխատանքից:
«Երեկ ինձ շատ-շատ մարդ զանգել է, իմացել էին, որ սենց բան կա, պիտի հավաքվեին, ասացի որտեղ, ինչ, ու շատ մարդ, երեւի մի 200 հոգի համաձայն էին, որ գան այստեղ: Բայց մարդկանց ասել էին, որ ով տեղից շարժվի, գործից դուրս է գալու: Կա երրորդ կողմ, որը շատ է հետաքրքրված այս գործով, ու նրանք կարող են ազդել բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատողների վրա, որ նրանք չգան»,-տեղեկացրեց Զոյա Լալայանը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` կալանքի որոշման դեմ ներկայացվել է բողոք` ՀՀ Վերաքննիչ դատարան:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930