Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող նաիրիտցիներին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է մեկ ամսվա աշխատավարձի պարտքը մարել:
Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն ասացին, որ թերահավատորեն են վերաբերում բոլոր պաշտոնյանների խոստումներին:
«Մեկ ամսվա աշխատավարձ տալով հարցը չի լուծվում, պետք է գործարանն աշխատացնել, որ աշխատացնեն մի ամբողջ Հայաստան կպահեն: Մարդ կա՝ 17 ամիս աշխատավարձ չի ստացել, հիմա ամեն անգամ պիտի գանք ստեղ ցույց անենք, որ մի ամսվա աշխատավարձ տա՞ն, կամ` չտան»,-ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:
Բողոքի ակցիային մասնակցող մեկ այլ աշխատակից էլ թեեւ չցանկացավ տեսանկարահանենք իրեն, բայց պնդեց, որ իր խոսքերն անպայման գրենք. «Դեմքս ցույց մի տվեք: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` Սերժ Սարգսյանից սկսած, վերջացրած Հովիկ Աբրահամյանով ու նախարարներով, ոչ ոք չի ուզում, որ «Նաիրիտն» աշխատի, եթե ուզենային, խնդիրը վաղուց լուծված կլիներ: Որ «Նաիրիտը» չի աշխատում՝ իրանց մատն է խառը, դրա համար էլ ձեռնտու չի իրանց, որ աշխատի»:
Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, եւ ոչ թե մուրացկանի պես գումար են խնդրելու, այլ որպես պահանջատեր իրենց վաստակած աշխատավարձն են պահանջելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ