Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին հարցրեց` արդյոք հօդս չե՞ն ցնդի ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի բարեփոխումներ կատարելու խոստումները, եթե այսքան աղմկոտ պատմություններից հետո՝ նա որոշի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձնել Սուրեն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը ընդունել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնից ազատվելու դիմումը ու նրան նշանակել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Մամուլում շրջանառվում է այն վարկածը, որ այս ամենն արվել է Սուրեն Խաչատրյանին հին պաշտոնում վերադարձնելու համար:
«Դեռ կառավարության որոշում չկա, չէ՞, Ռոբերտ Քոչարյանն էլ անընդհատ վերադառնում է… Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, սթափ բանականությունը կհաղթի չվերադարձնելու համար մի մարդու, որն ամբողջությամբ արատավորված է: Մենք այդ մարդու արարքների 25 տոկոսը գիտենք, անպայմանորեն այնտեղ մեծ քանակությամբ ուրիշ բաներ կան, որոնք էլ հասարակությունը չի ընդունում: Սուրիկ Խաչատրյանը երևի թե շատ կարևոր օղակ է, ոչ լեգիտիմ տարբեր գործընթացների համար միշտ պահանջված է»:
Ըստ Սեյրան Մարտիրոսյանի, եթե իշխանությունն, այնուամենայնիվ որոշի հին պաշտոնում վերադարձնել Սուրիկ Խաչատրյանին, սրանով նա ինքնապաշտպանական քայլի կդիմի: «Դա կլինի հերթական խոստովանությունը, որ այս իշխանությունը ժողովրդից չէ: Այս իշխանության թիվ մեկ խնդիրը ներսում հավատարիմ մարդկանցով իրեն շրջապատելն է, կարևոր չէ, թե այդ մարդու վարքաբանությունն ինչ է:
Այս իշխանության համար առանձնապես կարևոր չէ, թե ժողովրդի հավատը իշխանությունների հանդեպ ինչքան կաճի: Դրանք ինքնապաշտպանական քայլեր են`տարբեր ուղղություններով: Մեկ ամբողջ մարզում վերցրած, լավագույնս բոլոր տեսակ օրենքները շրջանցելով` դա կարող է անել Սուրիկ Խաչատրյանը, ուրեմն ինքը պիտի լինի, մեկ ուրիշ տեղ մեկ ուրիշ Սուրիկ Խաչատրյան, ուրեմն ինքը պետք է լինի…
Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարավ-արևելյան հատվածի, սահմանամերձ գոտու ամենամեծ լարվածության պայմաններում նման քայլը բացարձակ տրամաբանությունից չի բխում, դա բխում է իշխանություն ունեցողների ինքնապաշտպանական մղումներից»,- կարծում է Սեյրան Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի բարեփոխումների թեմային`մեր զրուցակիցը քննադատեց նաև նրան: «Ճիշտ է , իշխանությունները հավատարիմ են իրենց ձեռագրին. նրանց բոլոր փոփոխությունները արտաքին, բուտաֆորիկ, կոսմետիկ փոփոխություններ են, միևնույն է, այդքան խելք ունեն չէ՞ հասկանալու համար, թե ծայրահեղական տրամադրությունները ինչքանով կարող են աճել այդպիսի վճռորոշ քայլի դեպքում», -ասում է մարդու իրավունքների պաշտպանը:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի, Հովիկ Աբրահամյանը շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, բարեփոխման մասին նրա պատկերացումները լիովին տարբերվում են ժողովրդի հասկացածից: «Եթե որևէ բառ իրենից լսեցիր, չպիտի շտապես հետևություն անել, որ խոսքն ինչ-որ երևույթի մասին է: Ասենք թե Ազգային ժողովի նախագահ դառնալուց հետո, երբ որ խոստացավ անտեղի աշխատանքները վերափոխել, պարզվեց, որ նա հասկացել էր դահլիճը վերանորոգելը, հարևանությամբ ցանկություն ուներ եկեղեցի կառուցել… Այսինքն` վերափոխելու իմաստն այդ մարդու մոտ ուրիշ է, քան մեր ընկալումները: Նույն այդ պաշարով ինքը տեղափոխվել է կառավարության ղեկ:
Նրա ասածները բացարձակ լուրջ ընդունել պետք չէ: Ամենահարազատ, ինչպես ասում են այս համակարգի ծոցից ելած զավակներից մեկը Հովիկ Աբրահամյանն է: Նրանից պետք չէ սպասել սկզբունքային քայլեր, նրանից պետք չէ սպասել պայքար կաշառակերության, ընտրական խախտումների, օլիգարխիայի դեմ, որովհետև այդ ամբողջի ամենահիմնական կնքահայրերից ու լավագույն հետևորդներից մեկը Հովիկ Աբրահամյանն է»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ