Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղին առայժմ հնարավոր չէ տրամադրել գերարագ ինտերնետ

Սեպտեմբեր 04,2014 14:36

Վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել էր սահմանամերձ Մովսես գյուղի դպրոց, որի աշակերտները նախարարից խնդրել էին  լուծել իրենց դպրոցի որակյալ ինտերնետի հարցը:

Aravot.am-ը որոշեց պարզել, թե այդ ուղղությամբ ինչ է արել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), մարմին, որը զբաղվում է դպրոցները ինտերնետով ապահովելու հարցով:

movses1

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր կրթական հաստատությունները մեկ ցանցի մեջ են միացված, որի մուտք ունեն ինտերնետ: «Այն վայրերում, որտեղ հասանելի է օպտիկա-մալուխային՝ լարային ինտերնետը, մենք ապահովում ենք գերարագ ինտերնետ, Հայաստանի օպտիկա-մալուխային ինտերնետի դեպքում այն առնվազն 8 մգբ/վ է , ռադիոկապի միջոցով տրամադրվող ինտերնետի դեպքում առնվազը 3 մգբ/վ: Կան համայնքներ, որտեղ կապը հասցնում ենք ռադիոկապի միջոցով: Ցավոք, մի շարք համայնքների պարագայում, որոնք սահմանամերձ են կամ բարձրլեռնային դիրք ունեն, մեր տեխնոլոգիաները եւ ֆինանսավորումը դեռեւս հնարավորություն չեն տալիս հասցնել լարային ինտերնետ կամ ռադիոկապ: Մովսես գյուղի խնդիրն էլ այդպիսին է: Գյուղի մի կողմում ադրբեջանական տարածքն է, մյուս կողմից էլ գյուղը շրջապատված է սարերով, եւ ռադիոկապով ինտերնետ հասցնելն ուղղակի հնարավոր չէ:

Շատ դեպքերում մենք կիրառում ենք 3G տեխնոլոգիաները, այսինքն` համապատասխան USB flash-ներով ենք ինտերնետ տրամադրում: Ճիշտ է, այդպիսի ինտերնետն այդքան էլ հուսալի չէ, բայց այլ հնարավորություն նման համայնքներին ինտերնետով ապահովելու, դեռեւս չունենք»,- հայտնեց պարոն Պողոսյանը:
Նա հավելեց, որ ինչպես Մովսեսի այնպես էլ, մյուս համայնքների խնդրին քաջատեղյակ են: «Մենք ուսումնասիրում ենք, թե որ համայնքում կոնկրետ, որ բջջային օպերատորի կապն է ավելի արդյունավետ: Օրինակ` Մովսես գյուղի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Օրանժի» կապն է արդյունավետ, ուստի տրամադրել էինք «Օրանժի» համապատասխան սարքավորումներ: Նոր տեղեկություններով հիմա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցն էլ է այնտեղ ուժեղացել, եւ մենք պատրաստվում ենք մոտակա 1-2 օրվա ընթացքում դպրոցին տրամադրել լրացուցիչ սարքավորում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապուղիների օգտագործման համար: Եվ կարծում ենք խնդիրը ավելի կլուծվի: Մենք ունենք 21 համայնք, որտեղ օգտագործվում է 3G կապը, այդ թվում Մովսես գյուղն է, որտեղ դեռեւս հնարավորություն չունենք այլ տեխնոլոգիայով ապահովել ինտերնետ տեղի դպրոցներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դպրոցի լուսանկարը՝ «168 ժամ»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգելի Գոհար, հավանաբար ԿԳ նախարարը տեղյակ չէ, որ այսպես կոչված ԿՏԱԿ-ի կողմից Տավուշի մարզի դպրոցներին ինտեռնետով ապահովելու համար բավականին մեծ գումար է օգտագործվել, սակայն անօգուտ: Ով պետք է պատասխան տա այդ նպատակով անիմաստ և անտեղին վանտված գումարների համար, դրանից էլ նախարարը տեղյակ չէ: Երևի թե մինչ պետբյուջեից գումարներ ծախսելն էր հարկավոր ուսումնասիրել, թե որտեղ, որ ցանցի կապն է առավել արդյունավետ գործում, փոխարենը ԿՏԱԿ-ի մասնագետները ս.թ. օգոստոսի վերջին այցելել են Բերդի տարածաշրջան և հենց այդ նպատակով պետբյուջեից հերթական գումար պոկելու համար համապատասխան ծրագիր մշակել: Մեկ հավելում ևս, պետք չէ Մովսես գյուղն առանձնացնել Տավուշի մարզի մնացած սահմանամերձ գյուղերից, անտեղյակների համար ասեմ, որ բոլոր սահմանամերձ գյուղերում հինականում նույն իրավիճակն է տիրում:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Մովսեսից առավել վատ վիճակում են Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը, որոնք ամբողջապես գտնվում են թշնամու թիրախում…
    (Տավուշեցի)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930