Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի անօթևանները դարձել են պետական ծրագրի զոհեր

Սեպտեմբեր 04,2014 14:11

«Սփյուռքը կարծես թե երեսով թեքվել է դեպի աղետի գոտի: Ցավոք նույնը ՀՀ իշխանությունների մասին չեմ կարող ասել»,-այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը:

Սեպտեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում հեռուստամարաթոն է կազմակերպվելու և հավաքված գումարով բնակարաններով են ապահովվելու Գյումրիի անօթևան ընտանիքները: Վահան Թումասյանը նշեց, որ դեռ մարաթոնը չսկսած՝ արդեն 200.000 դոլար հավաքվել է: Նա տեղեկացրեց, որ նման հեռուստամարաթոններ են նախատեսվում կազմակերպել նաև Գերմանիայում և Կանադայում:

Պարոն Թումասյանը կարևորեց իրավիճակի լուսաբանման հարցը ու նշեց. «Մենք պարբերաբար հանրայնացնում ենք իրավիճակը, որ կա աղետի գոտում: Արդեն 400 տեսանյութ ենք պատրաստել տարբեր ընտանիքների մասին, որոնք լայն արձագանք են գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Միայն Հայաստանի և պետական միջոցների հաշվին անհնար է ամբողջովին վերականգնել աղետի գոտին: Եթե նախկինում ընդունված չէր խոսել այդ մասին, հիմա փաստորեն հրապարակային գործունեության արդյունքներն են, որ անօթևան ընտանիքների բնակարանների ապահովման հարցում օգտակար է լինում նաև Սփյուռքը»:

Անդրադառնալով Գյումրիում անօթևանների իրավիճակին՝ պարոն Թումասյանն ասաց. «Գյումրիում երեք կարգի անօթևան ընտանիքներ կան. 432 ընտանիք, որոնք ճանաչվել են անօթևան և հերթագրված են հերթացուցակում և պետությունը պետք է բնակարանով ապահովվի, 700 ընտանիքների վերաբերյալ դեռ որոշում չկա, սակայն հերթացուցակներում հերթագրված են և 3000 ընտանիք, որոնք անօթևան չեն համարվում, բայց ապրում են ծայրահեղ վատ բնակարանային պայմաններում»: Վահան Թումասյանը դժգոհություն հայտնեց Բնակարաններ գնման վկայականների տրամադրման ծրագրից՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ դարձել են այդ ծրագրի զոհեր. «Մոտ երկու տարի է շինարարությունը Գյումրիում դադարեցված էր, այս տարի որոշեցին այլ ձևով խնդիրը լուծել. անօթևաններին սերտիֆիկատներ են ուղարկում, անօթևանները բնակարանը գնում են, հետո պետության կողմից գումարը հատկացվում է:

Բայց այդ գումարով մարդիկ բնակարան չէին կարողանում գնել, քանի որ բնակարանների գները բարձրացվում էին: Մենք առաջարկել ենք, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ բնակարանները գնի պետությունը և վիճակահանությամբ բաշխի շահառուին, ոչ թե սերտիֆիկատ տրամադրի շահառուներին: Սկզբում այդ առաջարկությունն ընդունվեց, հետո առանց պատճառաբանության մերժվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Ցավալի է, բայց պետք է նշել, որ աղետից անցել են շատ ու շատ տարիներ: Մեր ղեկավարները անդադար խոսում են ժողովրդավարությունից, պրոգրեսից ու արդարությունից, մինչդեռ այս պայմաններում դեռ վաղուց պետք է լուծված լինեին աղետի գոտում բոլոր խնդիրները:
    Նայում ես Եվրոպական երկրներ` ջրհեղեղ, տայֆուն, երկրաշարժ ու այլ տարերային աղետներ, բայց արի ու տես, որ կոմպետենտ ղեկավարները կարողանում են բավականին կարճ ժամանակահատվածում արձագանքել ու լուծում գտնել ծագած հարցերը:
    Էլի բողոքողի դերում հայտնվեցի, բայց արի ու մի հիասթափվի էս ամենից (երկրի ղեկավարի Սարգսյանի գլախավորությամբ), որ ժողովրին ուղղակի ու անուղղակի բոլոր ձևերով ստիպում են մուրալ: Ժողովուրդս մուրացկան է դարձել, տխրում եմ:
    Պատասխանատուներ… պատասխան եք տալու !!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930