Ագրարային համալսարանի դիմաց օգոստոսի 13-ին տեղի ունեցած դեպքերով քրեական գործ հարուցելու ՕԵԿ-ական պատգամավորների դիմումը ՀՔԾ-ն նախօրեին մերժել է:
ՕԵԿ-ի փոխնախագահներ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը եւ Հեղինե Բիշարյանը դիմումներ էին ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ բողոքելով, որ համալսարանի ռեկտորի հրամանով ԲՈՒՀ-ի աշխատակազմը եւ ուսանողությունը խուլիգանական հարձակում են գործել ՕԵԿ-ի վրա՝ ջարդելով տարածքի ցանկապատը եւ այլ շինություններ: Ըստ պատգամավորների բուհի աշխատակազմը նաեւ մարմնական վնասվածքներ է հասցրել իրենց
«Ծիծաղելի է, որ Հեղինե Բիշարյանն անգամ դատական փորձաքննությունից է հրաժարվել: Նշել էին՝ իբրեւ թե Հովհաննես Մարգարյանի էլ ողնաշարն ենք ցավեցրել: Իսկ ՀՔԾ-ի որոշման համաձայն, Մարգարյանը 7 տարի է՝ ողնաշարի խնդիրներ ունի»,- ասաց պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Մեր հարցին, թե ինչ փաստաթղթի են ՕԵԿ-ականները հղում անում, երբ պնդում են, որ վիճահարույց հողատարածքը համալսարանի ռեկտորը հանձնել է ՕԵԿ-ին, պարոն Էֆենդյանը պատասխանեց, որ խոսքը 2008-ին արձանագրված փաստաթղթի մասին է, պրոռեկտորը համաձայնություն է տվել նախապայմաններով. «Առաջին՝ շինությունը պետք է լինի առաջին հարկի սահմաններում, մեզ հետ համատեղ օգտագործելի, իրենց ուժերով կառուցված եւ ամենակարեւորը՝ լինի կառավարության որոշմամբ: Բայց իրենք դիմել են կառավարություն ու ստացել մերժում»:
Կարդացեք նաև
Համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն էլ ասաց, թե Տաղավար տոն ասելիս ՕԵԿ-ին է միշտ հիշում. «Որովհետեւ ՕԵԿ-ը վիճելի տարածքում ապօրինի շինարարություն էր անում Տաղավար տոներին, շաբաթ, կիրակի, միայն գիշերներին: Ուզում ենք ասել՝ ձեռքներդ քաշեք ագրարային համալսարանի եւ այլ բուհերի տարածքից»:
Վերջում էլ պրոռեկտորները դիմեցին ԱԺ-ին՝ պահանջելով որակավորել պատգամավորների վարքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ