«Այս երկրում ոչ մեկից ոչինչ չի խլվելու»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը մարզահամերգային համալիրի նախկին ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը համարում է դեկորատիվ հայտարարություն: Ու կրկին պնդում է, որ համալիրը իրենցից ապօրինաբար են խլել:
«Պոստ սկրիպտում» ակումբում պարոն Գրիգորյանը պատմեց, որ համալիրում մնացել է թվով տասներկու անհատների ու կազմակերպությունների պատկանող գույք. «Եթե ընդունում են՝ կառույցը սնանկ է, պետք է լիներ սնանկության կառավարիչ, գույքը ղեկավարեր սնանկության կառավարիչը: Հստակ պետք է երեւար գույքերի տարանջատումը՝ որն է պատկանում համալիրին, որը՝ ոչ: Այն գույքը, որը գտնվում է համալիրում, բայց համալիրինը չէ, իրավունք չունեն շահագործել, կարող էին ի պահ վերցնել: Այսինքն, համալիրը դեռ երկար ժամանակ չի շահագործվի: Այլ կազմակերպությունների գույքի շահագործումը քրեորեն հետապնդելի է»:
Նա ասաց, որ դիմել են գլխավոր դատախազին, բայց կոնկրետ պատասխան չեն ստացել. «Ցածր օղակներից ենք ստացել պատասխան, թե հանցակազմի բացակայության պատճառով ոչինչ չեն կարող անել: Բայց մենք խորը հիմքեր ունենք, որ այնտեղ ալան- թալան էլ է կատարվում: ԴԱՀԿ-ի աշխատակիցները այնտեղ սարքել են կերուխումի, հավաքույթի վայր, ամեն օր կտեսնեք արեւածաղկի հետքեր, fast food-ի տոպրակները, համալիրը աղբանոցի են վերածել»:
Պարոն Գրիգորյանը նաեւ պատմեց, որ օրեր առաջ ՊՆ-ի ներկայացուցիչները թույլատրել են համալիրի աշխատակիցներին ներս մտնել, բայց այդ թույլտվությունից ինքն այլ տպավորություն է ստացել. «Թվում է՝ ՊՆ-ի համար համալիրը ռազմական ավար է , ու կողմնացույցի բացակայության պատճառով Բաքուն համալիրի հետ են շփոթել, աշխատակիցներին էլ որպես ռազմագերիների թողեցին ներս»:
Կարդացեք նաև
Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ասաց, որ դատարանում համալիրի գործով մի շարք հայցեր են քննվում, բայց այդ ընթացքում ԴԱՀԿ-ին ոչինչ չի խանգարել կազմակերպել յոթ կրկնաաճուրդ, գույքն էլ հանձնում են ՊՆ-ին, ինչի իրավասությունը ԴԱՀԿ-ն չունի:
«Ամբողջ թափով այս բոլոր գործերը գնալու են Եվրադատարան»,- եզրափակեց Կորյուն Գրիգորյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ