Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են հաճախ դիմել սեքսոպաթոլոգների օգնությանը`հասարակությունը դարձել է ավելի տեղեկացված

Սեպտեմբեր 04,2014 12:26

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այս թեմային այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանն անդրադառնալով, տեղեկացրեց, որ այս օրը նշվում է 2011 թվականից` եւս մեկ անգամ հասարակությանը տեղեկացնելու սեռական առողջության կարեւորության մասին:

Բանախոսը նշեց, որ սեռական առողջությունը հասարակության լայն շերտերի համար կարեւորելու նպատակով մոտ վեց տարի առաջ ստեղծվեց «Սեքսուալ Առողջության Պաշտպանություն» հ/կ-ն, որն իր մեջ ընդգրկեց բժիշկների, հոգեբանների, որոնց հասարակական բնույթի գործունեությունը նպատակ ուներ լայն շերտերի մոտ՝ սկսած դպրոցականներից, մինչեւ մեծահասակները, տարածելու տեղեկատվություն սեռական առողջ ապրելակերպի եւ դրա հոգեկան, ֆիզիկական, էմոցիոնալ ճիշտ ձեւավորման վերաբերյալ:

«Վերջին տարիներին հասարակության լայն շերտերի մոտ փոխվում է կարծիքը սեռական վարքի նկատմամբ: Օրինակ` եթե ժամանակին անտեսվում էին եւ ամոթալի էին համարվում կանանց սեռական խնդիրները, ապա վերջին տարիներին կանայք ավելի շատ են սկսել դիմել մեզ եւ այն խնդիրներն են ի հայտ գալիս, որոնք ժամանակին չէին էլ քննարկվում: Նորապսակ զույգերը նույնպես սկսել են հաճախ դիմել` ինչ խոսք նման դեպքերում, երբ ամուսնական զույգը ցանկանում է լուծել իր խնդիրը, ապա բուժման վերականգնվելու արդյունքը բարձր է լինում` 90-95 տոկոս»:

Բժիշկը տեղեկացրեց,որ ոլորտում մասնագետների պակաս չկա. «Հայաստանի սեռախտաբանությունը համաշխարհային սեռախտաբանության մեջ առաջատար տեղ է զբաղեցնում»:

«Սեքսուալ Առողջության Պաշտպանություն» հ/կ տնօրեն Ռուզաննա Ազատյանն էլ փաստեց, որ հասարակությունն ավելի տեղեկացված է դարձել. «Որքան հասարակությունը տեղեկացված է, այնքան շատ են դիմում կլինիկաներում սեքսոպաթոլոգներին: Ծնողերը, զույգերը, դիմում են մեզ իրենց խնդիրների լուծման համար: Նաեւ մարզերից եւ հեռավոր գյուղերից դիմելիությունը բավականին ակտիվ է` շնորհիվ մարդկանց տեղեկացվածության մակարդակի»:

Ասուլիսի վերջում պրն Հակոբյանը օրվա կապակցությամբ խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ. «Առողջ սեռականությունը առողջ զույգի ձեւավորումն է, որն էլ ձեւավորում է առողջ ընտանիք եւ հասարակություն, պետության հիմքը առողջ սիրո եւ համերաշխության մեջ ապրող ընտանիքն է: Ամուսնացող ընտանիքը պետք է լինի ֆիզիկապես եւ հոգեպես առողջ եւ հասուն»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930