«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ինչպես հայտնի է՝ օրենքում որոշ փոփոխություններ կատարվեցին։ Մասնավորապես՝ պարտադիր վճարը սկսեցին կոչել նպատակային սոցիալական վճար, այն վճարելուց չեն կարող հրաժարվել պետական աշխատողները, կատարվեցին այլ փոփոխություններ ևս։
ՀՀ օմբուդսմենի՝ սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք նոր օրենքի դրույթները համապատասխանո՞ւմ են ՀՀ սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 4-ի կայացրած որոշմանը, նշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքով լուծվեցին մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք ընդգծվել էին ՍԴ որոշման մեջ։ «Մասնավորապես՝ դրանցից ամենակարևորը կուտակային վճարումների հարցն էր։ Կուտակային վճարի ամբողջ ինստիտուտը հակասում էր անձի սեփականության իրավունքին։ Այդ հարցը նույնպես լուծվեց։ Բանն այն է, որ գործող օրենքում նպատակային սոցիալական վճարի ինստիտուտի բանաձևն արդեն մատնանշվում էր ՍԴ որոշման մեջ, որովհետև, երբ ՍԴ-ն մի շարք կետերով մեկնաբանում էր, բացատրում էր, որ ի սկզբանե ճիշտ, նպատակահարմար չի եղել վերացնել սոցիալական ապահովության ինստիտուտը, միացնել այն եկամտահարկի հետ, հատուկ ընդգծվում էր նրա նշանակությունը՝ ի տարբերություն եկամտահարկի։ Այն վճարվում է նպատակային՝ անձի կենսաթոշակային տարիքում նրան ապահովելու նպատակով՝ ի տարբերություն եկամտային հարկի, որը պետությանը հնարավորություն է տալիս այն հետագայում տնօրինել լայն հայեցողությամբ։ Այսինքն՝ այս իմաստով կարելի է ասել, որ նորամուծություն համարվող սոցիալական վճարը լուծեց հակասահմանադրականության խնդիրը։ Այժմ մենք ունենք գուցե տեխնիկապես կուտակային վճարմանը մոտ, բայց բովանդակային տարբեր մեկ այլ պարտադիր վճար, որը համապատասխանում է Սահմանադրության 45-րդ հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք պարտավորություն ունի կատարել օրենքով սահմանված կարգով հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ։ Միաժամանակ այն գնում է պետական բյուջե և այնտեղից նոր ուղղորդվում է ֆոնդերի կառավարիչներին։ Ստացվում է նաև, որ պետությունը մասնակցություն է ունենում այդ սոցիալական վճարների կառավարմանը, և գործընթացը դառնում է ավելի թափանցիկ և վերահսկելի։ Սա եղել է հենց նոր նախագծի հիմքում փոփոխությունը»,- ասաց օմբուդսմենի խորհրդականը։
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը պատրաստվո՞ւմ է օրենքի հետ կապված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, օմբուդսմենի խորհրդականը պատասխանեց. «Առայժմ ոչ, որովհետև մենք չենք տեսնում լուրջ, ուժեղ հիմքեր սահմանադրականության հարց վիճարկելու համար։ Գոնե այս փուլում իրականում այդ հիմքերը չկան»:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում