ԱԳՆ-ում լուրջ դժգոհություն է հասունացել վերջին շրջանում քաղաքական գործիչներին, դիվանագիտության հետ աղերս չունեցող անձանց տարբեր երկրների դեսպանություններում դեսպաններ և հյուպատոսներ նշանակելու հետ կապված: Կառավարության փոփոխությունից հետո միայն ականատես եղանք մի քանի նման նշանակումների, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է դեսպան նշանակվելու Լեհաստանում, ինչն էլ ավելի է վրդովել ԱԳՆ-ի բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի, ովքեր երկար տարիներ փորձ են կուտակում ինչ-որ երկրում դեսպան նշանակվելու հույսով, իսկ վերջին պահին այդ տեղերը զբաղեցնում են դիվանագիտության, արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող անձինք:
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ հատկապես Լեհաստանի նշանակումը կարող է լուրջ նշանակություն ունենալ ընդհանրապես միջազգային հարաբերությունների առումով Ռուսաստանի հետ կապված վերջին զարգացումների ֆոնին: «Այս նշանակումը Վրաստանում մեր նշանակումից հետո նորից գալիս է ասելու այն մասին, որ բացարձակապես հաշվի չեն առնվում այն երկրների դերը, նշանակությունը, նրանց հետ մեր հարաբերությունները, և այդ երկրների դերը՝ որպես խաղացողի միջազգային խնդիրներում: Եվ Վրաստանը, և Լեհաստանը հիմա կարելի է թեժ կետեր համարել ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ մեզ համար: Ասածս այն է, որ այդ երկրներում պետք է նշանակվի ոչ թե դիվանագետ, այլ արտակարգ փորձառու դիվանագետ, որպեսզի կարողանա այդ երկրների վարած արտաքին քաղաքականության մեջ ճիշտ եզրահանգումների գալ և կարողանա ճիշտ հարաբերություններ ստեղծել»,- ասաց Նավասարդյանը:
Վերջինիս խոսքով, Լեհաստանը համարվում է հակառուսական դիրքորոշում ունեցող պետություն, և այնտեղ հատկապես պետք է գործուղել շատ պատրաստված դիվանագետի: «Մի երկիր է գնում Հայաստանի ներկայացուցիչը, որը համարվում է Ռուսաստանի ստրատեգիական գործընկերը: Ես պարզապես, որպես դիվանագետ, պատկերացնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք կլինի Վարշավայում նոր նշանակված հայ դեսպանի նկատմամբ»,- հավելեց Նավասարդյանը:
Սոնա Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում
Կարդացեք նաև