Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պակասում է ինքնահեգնանքը

Սեպտեմբեր 04,2014 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Նոեւ կովչեգին», ինչպես նաեւ նրա 60-ամյակին նվիրված քարոզչական ֆիլմը բազմաթիվ բացասական արձագանքների արժանացան: Երբեմն դրանց հեղինակները չափն անցնում են. ինչպիսիք էլ լինեն անկախ Հայաստանի երեք նախագահները, նրանց մասին խոսելիս անհրաժեշտ է պահպանել հնչերանգի որոշակի զսպվածություն: Այս դեպքում «կապը կտրած» արտահայտությունները վիրավորանք են ոչ այնքան այդ անձանց, որքան պետության հասցեին:

Համաձայն չեմ այն պնդումների հետ, որ նման քաղաքական գործիչ գոյություն չունի: Նույնիսկ եթե Քոչարյանը հայտարարեր, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, միեւնույն է՝ երկիրը 10 տարի ղեկավարած անձը ընդմիշտ կմնա որպես քաղաքական գործոն: Համաձայն չեմ, որ բացի «հոկտեմբերի 27-ից» եւ «մարտի 1-ից» նրա մասին հիշելու ոչ մի առիթ չկա: Երկրորդ նախագահն ունեցել է իր հաջողություններն ու ձախողումները, ինչպես բոլոր նախագահները, ինչպես աշխարհի բոլոր մնացած մարդիկ: Այո, նրա բնավորության մեջ կան գծեր (անհանդուրժողականություն, քինախնդրություն), որոնք, իմ կարծիքով, համատեղելի չեն ժամանակակից պետական մտածողության հետ: Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է:

Մյուս կողմից՝ համաձայն չեմ, իհարկե, որ մինչեւ 1998 թվականը երկիրը խարխափում էր խավարի մեջ եւ 2008 թվականից հետո կրկին ընկղմվել է նույն մղձավանջի մեջ: Քոչարյանական 10 տարիների ընթացքում արվել են, իհարկե, նաեւ լավ բաներ, բայց Հայաստանը տնտեսական առումով դրախտ չէր. հիշեք, թե որքան էր այդ ժամանակ նվազագույն աշխատավարձը, որքան էր միջին աշխատավարձը, եւ ինչ արժեր, ենթադրենք, հացը, եւ մենք կտեսնենք, որ շեշտակի տարբերություն այսօրվա իրավիճակի հետ չկա:
Հաջորդ տարվա հունվարին լրանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Իհարկե, կլինեն քարոզչական հրապարակումներ, գուցե նաեւ՝ ձոներ, բայց վստահ եմ՝ առաջին նախագահը թույլ չի տա, որ իրեն ներկայացնեն որպես միակ մարդու, որը շենացրել, ծաղկեցրել է երկիրը՝ դարձնելով այն երկրային եդեմ: Բայց երկու նախագահների գործունեության համեմատությունը լուրջ պատմական հետազոտության թեմա է:

Այդ իսկ պատճառով սահմանափակվեմ միայն մի դիտարկմամբ: Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան մեծ է նրա հեգնանքը սեփական անձի նկատմամբ: Երբ մարդն ինքն իրեն վերաբերվում է որոշակի հումորով, նա ծիծաղելի, անհեթեթ է համարում իր մասին գերադրական աստիճաններով, ամպագոռգոռ մակդիրներով խոսելը: Անկախ նրանից՝ դու ավլում ես փողոցները, թե երկիր ես ղեկավարում, դու մարդ ես՝ քո թուլություններով եւ սխալներով, եւ, հետեւաբար, քո աշխատանքը չի կարող կատարելության մարմնավորում լինել: Եթե դու, մտածելով քո արարքների եւ ձգտումների մասին, գոնե երբեմն ներքուստ չես ժպտում, ապա դա նշանակում է, որ դու ունես լուրջ հոգեբանական խնդիրներ: Նման խնդիրներն առավել հաճախ են հանդիպում քաղաքական գործիչների եւ միլիոնատերերի մոտ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Արսեն says:

    ….«Համաձայն չեմ, որ բացի «հոկտեմբերի 27-ից» եւ «մարտի 1-ից» նրա մասին հիշելու ոչ մի առիթ չկա»….
    Ես էլ համաձայն չեմ, Պողոս Պողոսյանի սպանությունը «Առագաստի զուգարանում, բազմաթիվ փողոց նետված մարդկանց՝ «պետական կարիքների համար» սեփական «բիիզնեսների» համար, «Գույք պարտքի դիմաց» և բազմաթիվ այլ «գործարքներ»՝ նույնպես մոռանալ չի կարելի..)))..

    ….«համաձայն չեմ, իհարկե, որ մինչեւ 1998 թվականը երկիրը խարխափում էր խավարի մեջ»….
    Բնականաբար, 1992-1994թթ.՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար եղած մարդը դրա հետ համաձայնվել չի կարող՝ դա նշանակում է համաձայնվել, որ եղել ես խավարի խոսնակ… դրա հետ ով կհամաձայնվի? ..)))…

    ….«համաձայն չեմ, իհարկե, որ մինչեւ 1998 թվականը երկիրը խարխափում էր խավարի մեջ եւ 2008 թվականից հետո կրկին ընկղմվել է նույն մղձավանջի մեջ»…
    Շատ ճիշտ միտք է… Համաձայն լինել, նշանակում է ընդունել, որ 98-2008 թվերի ընթացքում երկիրը «դուրս է եկել խավարից», հետո նորից «ընկղմվել է»։ Բայց երկիրը «խավարից» երբեք էլ դուրս չի եկել, որ հետո նորից «ընկղմվի»։ Մի երկու լամպուշկա ավելի երկար վառելը՝ խավարից դուրս գալ չէ՝ կարևորը «մարդու արժեքն է», իսկ այն 0 է եղել այդ ամբողջ ժամանակում…

    ….«կլինեն քարոզչական հրապարակումներ, գուցե նաեւ՝ ձոներ, բայց վստահ եմ՝ առաջին նախագահը թույլ չի տա, որ իրեն ներկայացնեն որպես միակ մարդու, որը շենացրել, ծաղկեցրել է երկիրը»….
    Թե ինչ թույլ կտա, կամ թույլ չի տա «ավազակապետությունների սարսափը» մի անգամ ևս ուշադիր նայեք Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը..))).. Ւհարկե՝ «ինքը թույլ չի տա» բայց մարդիկ՝ «այնքան են նրան սիրում», որ կանեն..)))..(Ճիշտ և ճիշտ երեկվա տեսագրության նման… Հո, Գալուստ Սահակյանը ուսուցչուհուն չէր ստիպել? ..))).. Ուսուցչուհին էր, որ այնքան էր սիրում նրան, որ ԱՐԵՑ..))).. (Ստալինն էլ Չարենցին չէր ստիպել բանաստեղծություններ գրել Կոմունիզմի մասին..)))..)
    Ւնքը Լևոնը, իհարկե, ժողովրդավարության, հավասարության, և պրպտող ուղեղների հոգևոր հայրն է, որը ոչ մի քծնանք և ձոն չի հանդուրժում..)))..Ապացույցը՝ «հեղափոխական» ՀԱԿ-ում տիրող աշխատանքային մթնոլորտն էր, որտեղ Լևոնի սխալները քննարկվում և դատապարտվում էին նույնպիսի կրքոտ անհանդուրժողականությամբ, ինչպես «իշխանության» սխալները ..)))..

    ….«Այդ իսկ պատճառով սահմանափակվեմ միայն մի դիտարկմամբ: Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան մեծ է նրա հեգնանքը սեփական անձի նկատմամբ»….
    Շատ ճիշտ միտք է, որպես հետևանք, մոտակա հրատարակումներում սպասում եմ մի հեգնական հոդված ձեր անձի և գործունեոթյան նկատմամբ, ձեր ինտելեկտուալ մակարդակին համապատասխան…

  2. Մարդ says:

    «հիշեք, թե որքան էր այդ ժամանակ նվազագույն աշխատավարձը, որքան էր միջին աշխատավարձը, եւ ինչ արժեր, ենթադրենք, հացը, եւ մենք կտեսնենք, որ շեշտակի տարբերություն այսօրվա իրավիճակի հետ չկա:»

    Իսկ եթե հիշենք թե ինչ արժեին տները 1998 ին , մոտ 2000 դոլլարից 3000 դոլլար , իսկ 2008 ին նույն տունն արժեր 60.000 ից 80.000 դոլլար. Դա կենսամակարդակի բարցրացում է մոտ 30 անգամ .
    Հացի արժեքը եվ աշխատավարձի հարաբերությունն բոլոր երկրներում էլ համատեղվում են եվ չեն ներկայացում երկրի հարստության չափանիշ.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այսինքն՝ 10 տարում բնակչության կենսամակարդակը Հայաստանում կենսամակարդակը բարձրացել 30 անգա՞մ: Իսկապես Էդեմ էր, չենք նկատել:

      • Մարդ says:

        60.000$ – 2.000$ = 58.000$

        Դա դրսում ապրողի համար ավելի լավ է երեվում ինչպես շախմատում.

        Ցավոք սրտի լավ բաները դժվար են նկատվում , իսկ վատ բաները դժվար են մոռացվում.

        Ժողովրդական ասացվածք կա «Լավը սենց թե ընենց մերն է , դու վատի մասին մտածի».

    • Արսեն says:

      Ւսկ ձեր սեփական «ներքուստ ժպիտների» մասին ասեմ, որ ամբողջ սովետական ժողովուրդը 70 տարի իր խոհանոցում «ներքուստ ժպտում» էր սովետական ռեժիմի հիմարության վրա … ես չգիտեմ թե Ա. Աբրահամյանը ինչի վրա է «ներքուստ ժպտում»՝ չեմ էլ ուզում իմանալ…
      Արտաքուստ ժպտացեք…
      Թե չէ, Սերժ Սարգսյանն էլ է քահ-քահ ծիծաղում… երբ մենակ է լինում…)))…

  3. Մարդ says:

    Այո , այդպես էլ գիտեի , հակառակը անհնար է փաստել 🙁

  4. Վալոդ says:

    Միշտ հետաքրքիր է ընթերցել Արսենով համեմված խմբագրականները 🙂

    Չգիտեի, որ Չարենցը բանաստեղծություններ է գրել Կոմունիզմի մասին, թեև պիտի խոստովանեմ, որ Չարենց միայն դպրոցում եմ կարդացել: Հետո մի քանի անգամ փորձել եմ կարդալ, բայց զգացել եմ, որ չի հետաքրքրում:

    «Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան մեծ է նրա հեգնանքը սեփական անձի նկատմամբ»: Շատ ճիշտ է, բայց Տեր-Պետրւսյանի մոտ հեգնանքը ոչ թե սեփական անձի այլ ժողովրդի նկատմամբ է, մի բան, որ նկատվում է նաև Ա. Աբրահամյանի գրեթե բոլոր հոդվածներում: Սա նու՞յնպես ինտելեկտի նշան է:

    • Արսեն says:

      91-92 թվականների ձմռանը, երբ ես նայում էի իմ գրասեղանի վրա դրված լուսամփոփին (երբ հոսանք էր լինում), (ըստ որոմ՝ լարումը միշտ այնքան ցածր էր, որ սպիտակ լույս չէր ստացվում..)))..), անդհատ հիշում էի Չարենցի բանաստեղծությունը, նայում էի «թոքախտավոր» լույսին, և կրկնում էի «Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
      Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում…․»։ Փաստորեն Չարենցը 60 տարվա հեռավորությունից՝ ձեռ էր առնում 91-92 թվերի հայերին..)))…

      Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
      Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
      Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
      Լուսամփոփի՜ պես աղջիկ…

      Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
      Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
      Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
      Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

      Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
      Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
      Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
      Լուսամփոփի՜ պես աղջիկ…)))))…

      • Վալոդ says:

        «Լենինը, մուժիկն ու մի զույգ կոշիկը» բալադով էլ երևի ակնկալել է XX դարի բազմաթիվ պատրանքային հիպիական բանաստեղծությունները

        • Արսեն says:

          …)))))… 85 թվից մինչև կոմունիզմի վերջի սննդամթերքի քարտային (և «անկախության» սկզբի տարիների «պրիվատիզացիայի») բաշխման սիստեմը …))))…

      • Մարդ says:

        Այո Չարենցի միայն «Լուսամփոփի՜պես աղջիկ» արտահայտությունը դորս եկավ , իսկ «թոքախտավորը «չդզեց».

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի «Մարդ», իսկապես «մարդկություն» կանես որ Չարենցին հանգիստ թողնես: Ինչքան հասկանում եմ եվ դպրոցում եվ հետո, ոչ միայն Չարենց, այլ ընդհանրապես բանաստեղծական քէրթվածքները քեզ երբեվե չեն «դզել»… էդ «հիպպիական» «վախենալի» բառից հենց այդպես էլ «աշխարահայացքային» «հակասովետական բուրմունք» է գալիս… իհարկե եվ Լենինը եվ մուժիկը իր երկու կոշիկներով …եվ «թոքախտավոր» … բառը բանաստեղծական մտածողություն են եվ հատկապես հազարամյա Հայ գրականության մեջ նմանը չունեցող «Ես իմ անուշ Հայաստանին», պատիվ կարող էին բերել մեր մոլորակի յուրաքանչյուր ազգի գրականությանը… համահավասար Լորկաներին, Ռիլկեներին, Ռեմբոներին…, իհարկե տասնապատիկ առավել քան «հիպպի» բանաստղծներ …Ալլեն Գինսբերգը…կամ Լուրենս Ֆեռլինգետտիները…

  5. david says:

    Ղարաբաղցիների լուծը
    Դարձել է հայոց հանելուկը:

  6. Ruben says:

    Փողոց ավլողը կարող է լինել թույլ եւ սխալ, ունենա թուլություններ եւ սխալներ,
    երկրի ղեկավարը՝ ոչ:
    Ափսոս, որ թուրքերը իրենց երկրի ղեկավար փողոց ավլողի չեն ընտրում:

  7. Զավեն says:

    Ռոբերտ Քոչարյանը մեր ազգի հերոսն է,նրա արձանը պետք է հետմահու տեղադրել հանրապետության հրապարակում:Մեկ օր շուտ ուզում եմ տեսնել այն:

    • Կարապետ says:

      Ոչ միայն հանրապետության հրապարակում, այլ առնվազն ամեն շքամուտքում, իսկ եթե ամեն տան ամեն սենյակում դնեն, ավելի լավ կլինի։
      Ու բոլոր մադրիկ (տիեզերքում և էն աշխարհում) պիտի ունենան ՄԵԾՆ նախագահի առնվազն 3 դաջվածք։

  8. Մարդ says:

    Արձանը չեի ասի, բայց 3D նկարը պատմության դասագրքում հաստատ կտեսնենք մի 100 տարի հետո.

Պատասխանել