Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատապարտված «Չղջիկների» հրամանատարի առողջությունը վտանգված է. Արթուր Գրիգորյան. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 04,2014 10:09

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ նա ներկայումս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ նախկին ՆԳՆ «Չղջիկներ» ջոկատի հրամանատար Գագիկ Մաթևոսյանն (Մուսկուլ Գագո) ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտական գործողություններին, դրանցից մեկում վիրավորվել է, կորցրել ձախ աչքը: Իսկ դատապարտվելուց հետո քրեակատարողական հիմնարկում նրա տեսնող աջ աչքի տեսողությունը գնալով վատթարացել է. անցյալ տարվա դրությամբ տեսնող աչքի տեսողության սրությունը 008 է եղել, իսկ այսօրվա դրությամբ այդ աչքի տեսողության սրությունն արդեն իսկ դարձել է 005:

Ա.Գրիգորյանը նշեց, որ տեսողության վատթարացման պատճառով Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դեռևս անցյալ տարի Գագիկ Մաթևոսյանը ճանաչվել է որպես երկրորդ խմբի հաշմանդամ, հաշմանդամության կարգը պահպանվում է այսօր էլ: «Չէր կարող չպահպանվել, քանի որ տեսնող աչքի տեսողության սրությունը դեռ մի բան էլ իջել է, և այն ավելի կվատթարանա, քանի որ որևէ բուժում բանտային պայմաններում պատիժը կրելու ընթացքում հայաստանյան ՔԿՀ-ներում չի կատարվում»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից 2006 թ. մայիսի 26-ին ընդունված որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվնանդությունների ցանկի երկու կետերին: Հիշյալ ցանկի 26-րդ կետին համապատասխանող որպես պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն է նախատեսվել «տեսողության սրության արտահայտված իջեցումը՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 005-ը»: Այդ կետը ենթադրում է, որ անձի երկու աչքն էլ պետք է տեսնի, մինչդեռ Գ.Մաթևոսյանի դեպքում չկա լավ տեսնող աչք, գոյություն ունեցող աչքի տեսողության սրությունը 005 է: Իսկ նույն ցանկի 27-րդ կետով պատժի կրումից ազատվելու ենթակա են այն դեպքերը, երբ 10 և ցածր աստիճանով զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրետիկ նեղացում կա:

Թեև Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր էր միջնորդագիր ներկայացնել դատարան՝ պատժի հետագա կրումից ազատելու հարցով, սակայն մինչ օրս կառավարության որոշման պահանջները չեն կատարվում, ՔԿՀ-ի վարչակազմը չի ներկայացրել միջնորդագիր ու մտադրություն էլ չունի որևէ միջոց ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930