Քաոտիկ իրավիճակ ԵՏՄ-ում, անդամ երկրների միջեւ
«հաշիվների մաքրում»` ուշագրավ նրբերանգներով
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտնեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության մասին: Բայց եթե դիտարկենք անցած մեկ տարվա ընթացքը, Հայաստանի եվրասիական ճամփան, փաստորեն, բավական քարքարոտ ստացվեց:
Բոլորովին վերջերս, օրինակ, Հայաստանում սպասում էին Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի այցին` Եվրասիական տնտեսական միության` ԵՏՄ անդամ երկրների վարչապետների արտագնա նիստի շրջանակներում, սակայն պարզվեց, որ այդ այցը անորոշ ժամանակով հետաձգվում է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել է, որ Մեդվեդեւի` սեպտեմբերի սկզբին Հայաստան նախատեսված այցը չի կայանա:
Մինչդեռ Հ. Աբրահամյանն օրեր առաջ նշել էր, թե նախնական պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերի 8-9-ին Մեդվեդեւն այցելելու է Երեւան։ «Պայմանավորվածություն կար, որ վարչապետներն այցելեին Հայաստան, եւ այդ գործառույթն իրականացնեինք: Հիմա տեղափոխվել է նախագահների դաշտ, եւ իրենք հոկտեմբերի 10-ին, ինչպես բոլորդ գիտեք, Նազարբաեւը հայտարարել է, պատրաստվում են նախագահների նիստին»,- պարզաբանել է Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Օգոստոսի կեսին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեց կառավարության որոշումը՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին, եւ հանձնարարեց նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկություն ներկայացնել ՌԴ նախագահին: Ռուսաստանի կառավարությունը որոշման նախագծին հավանություն էր տվել օգոստոսի 7-ի նիստում: Նույնը պետք է անեն նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ:
Սակայն մինչեւ այժմ հստակություն չկա, թե երբ է, ի վերջո, Հայաստանն այդ դաշինքին անդամակցելու: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այս տարի չստորագրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: «Գործընթացը գնում է, եւ կարծում եմ՝ համապատասխան արդյունքները շուտով կլինեն»,- արձագանքել էր ՀՀ արտգործնախարարը:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության մասին» փաստաթուղթը, որն ամիսներ առաջ Աստանայում ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները։ Բայց վերջերս մի իսկական սկանդալ տեղի ունեցավ հենց կազմակերպության անդամ երկրների միջեւ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սպառնաց դուրս գալ Եվրասիական միության կազմից, եթե համաձայն չլինի կազմակերպության ընդունած որոշումների հետ: Մի քանի օր առաջ Ղազախստանի նախագահը հայտարարել էր. «Տնտեսական միության ստեղծումը քաղաքական չէ, դա ճիշտ է: Երբ հավաքվում են Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, եթե մեկը դեմ է լինում, ապա որեւէ որոշում չի ընդունվում: Դա կոչվում է կոնսենսուս: Բոլորն ունեն հավասար իրավունքներ: Ղազախստանը մշտապես իրավունք ունի դուրս գալու այդ միությունից, եթե մենք չհամաձայնվենք ինչ-որ բանի հետ: Մենք մտել ենք Մաքսային միություն, եւ եթե նախկինում ՌԴ սահմանով ապրանքների անցման համար գումար էինք վճարում, ապա այժմ ոչինչ չենք վճարում, իսկ խոսքը գնում է 6 միլիոն տենգեի մասին: Դրա պատճառով աճել էր ապրանքների գինը: Մի՞թե մենք կարող էինք նման գներով մրցակցել օտար ապրանքների հետ: Չէինք կարող, ահա թե որքան օգուտներ են եղել մեր պետության համար»: Նազարբաեւը պարզաբանել էր, որ եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չիրագործվեն, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից. «Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգ է ներկայացնում Ղազախստանի անկախության համար»:
Ղազախ առաջնորդը թերեւս պատճառ ուներ հերթական անգամ Մոսկվային իր «տեղը» ցույց տալու: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին երիտասարդական «Սելիգեր» հավաքում նշեց, թե Ղազախստանը երբեք չի եղել պետություն` ընդգծելով Նուրսուլթան Նազարբաեւի դերը նոր պետություն ստեղծելու մեջ: Պուտինը ակնարկել էր, թե Ղազախստանն ընդհանրապես ոչ վաղ անցյալում է դարձել պետություն: Պուտինի խոսքերով` Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բացառիկ գործ է կատարել եւ պետություն է ստեղծել այն տարածքում, որում երբեք չի եղել պետություն. «Այդ պլանում նա բացառիկ մարդ է հետխորհրդային պետականության համար»: Պուտինը Նազարբաեւին որակել է որպես շատ իմաստուն ու փորձառու ղեկավար, ով մշտապես մտածում է երկրի ապագայի մասին. «Նա երբեք դեմ չի գնացել իր ժողովրդի կամքին: Նա նրբորեն զգում է, թե ինչին է սպասում ժողովուրդը»:
Պուտինն էլ, հավանաբար, իր հերթին, նշյալ հավաքում «պատասխանեց» Նազարբաեւին: Բանն այն է, որ օգոստոսի 26-ին Նազարբաեւը Մինսկում Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Մաքսային միության գծով Ռուսաստանի գործընկեր Ղազախստանին չի վնասի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Ավելին` Ղազախստանի նախագահը նաեւ խոստացել էր արդյունավետ համագործակցել Ուկրաինայի հետ: Սա, հավանաբար, բավական նյարդայնացրել է ՌԴ նախագահին, ու նա հիշեցրեց, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:
Իսկ ընդհանրապես՝ Ղազախստանը ԵՏՄ-ում ոչ առաջին անգամ է հակառակվում Մոսկվայի ծրագրերին: Հենց Նազարբաեւի ջանքերով Պուտինին չհաջողվեց Եվրասիական միությունը դարձնել քաղաքական միություն, եւ նա ստիպված եղավ բավարարվել տնտեսական միության ստեղծմամբ: Նազարբաեւի դիրքորոշման արդյունքում հիմնադիր պայմանագրից դուրս մնացին այն կետերը, որոնք սահմանափակում էին անդամ երկրների ինքնիշխանությունը: Ղազախստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Եվրասիական միության գաղափարն իրենն է, սակայն նա ամեն անգամ նաեւ շեշտում է, որ դա ընդամենը տնտեսական միություն է: Օրեր առաջ Նազարբաեւը նաեւ ակնարկեց, թե երկրի ռուս բնակչության տեսակարար կշիռն աստիճանաբար փոքրանում է, եւ ռուսաց լեզուն Ղազախստանում արդեն ձեւականորեն է հռչակված պետական լեզու: Ղազախստանի նախագահը, հավանաբար, հասկացնել է տալիս, որ իր երկրում ռուս բնակչությունը Ռուսաստանի համար դադարում է լծակ լինել, ինչպես, օրինակ` Ուկրաինայում է:
Հետաքրքրական է, որ Ռուսաստանից արդեն իսկ սկսել են «քարկոծել» Ղազախստանի ուղղությամբ: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հաճախ հանդես է գալիս Կրեմլի «ականջին» հաճո «առաջարկներով», վերջերս «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո Ռուսաստանին հարկավոր է զբաղվել Ղազախստանով, որտեղ, նրա համոզմամբ` «ամենուրեք հակառուսական տրամադրություններ են տիրում»:
Ահա այս` բավական քաոտիկ իրավիճակում Հայաստանի իշխանությունները բախվում են անորոշություններով լի եվրասիական ուղու անդամակցության բարդություններին, որտեղ ոչ միայն Հայաստանի անդամակցությունն է ոչ միանշանակ ընդունվում, այլեւ անդամ երկրները միմյանց հետ «հաշիվներ են» պարզաբանում բավականին ուշագրավ նրբերանգներով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2014