Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համարում եմ, որ պետք է նախ եւ առաջ աշխատանք տարվի տեղական բնակչության հետ»

Սեպտեմբեր 04,2014 16:30

Ինչո՞ւ են հայերը «մոլորվում» հայ-ադրբեջանական սահմանին
եւ հայտնվում գերության մեջ

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 53-ամյա Սարգիս Անանյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու եւ ադրբեջանական Ղազախ քաղաքում հայտնվելու լուրն արդեն հաստատել է Կարմիր Խաչ միջազգային կազմակերպությունը: Իսկ նրան ճանաչողները լրատվամիջոցներին պատմել են, թե խմելու հակում ուներ, Ռուսաստանում ապրելու ժամանակ էլ տառապել է հալյուցինացիաներից: Պետք է նկատենք, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր համաքաղաքացիները, ըստ լրատվամիջոցներում լուսաբանվածի, կամ ունեցել են հոգեկան խնդիրներ, կամ եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Ինչո՞ւ ենք մշտապես նույն խնդրի առաջ կանգնում, ո՞րն է պատճառը, որ միայն հայ համաքաղաքացիներն են «մոլորվում» սահմանում եւ գերի ընկնում ադրբեջանցիներին. հարցերի շուրջ խոսել եմ «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանի հետ: Ըստ նրա՝ այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, նա օրինակ է բերում՝ մի քանի ամիս առաջ մի ադրբեջանցի ընտանիք է հանձնվել Հայաստանին:

Իմ դիտարկմանը, որ մեր դեպքերում շրջանառվում է պաշտոնական տեղեկատվություն, որ սահմանին քաղաքացին մոլորվել է, Կարեն Վրթանեսյանը պատասխանում է, որ սահմանը որեւէ միջոցով փակել հնարավոր չէ, դա հնարավոր չի եղել նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, երբ երկիրը հզոր էր եւ ուներ դա անելու ռեսուրսներ. «Ունենալու դեպքում էլ հնարավոր չէ ամեն մի տարր, ամեն մի քար վերահսկել, փակել,- ասում է նա:- Իհարկե, ես համարում եմ, որ պետք է նախ եւ առաջ աշխատանք տարվի տեղական բնակչության հետ, պետք է բացատրական աշխատանքներ տարվեն, բացատրեն՝ ինչ պետք է արվի, եթե նույնիսկ մոլորվում են: Ինձ համար էլ անհասկանալի է, թե ոնց է հնարավոր, որ սահմանից բավական հեռու գյուղից մի ընտանիքի երկու անդամ երեք ամսվա մեջ հատում են սահմանը, հայտնվում են ադրբեջանցիների մոտ: Երեւի բացատրական աշխատանքներ պետք է իրականացվեն, որովհետեւ զուտ մեխանիկական փակելը, ինչ-որ թելեր քաշելը խնդիրը չեն լուծում»: Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ նույնիսկ բացատրական աշխատանքները ցանկալի արդյունքներ հնարավոր է՝ չտան: «Ցավոք սրտի, այնքան մարդ կա, որ իրականությունից այն աստիճան են կտրված, որ իրենց անհնար է հասկացնել: Մինչեւ ինքն անձամբ «չվառվի», ձեռքը կրակի մեջ չմտցնի, չի հասկանա: Դե, հիմա մեկի մոտ հոգեկան խնդիրն է, մյուսի դեպքում՝ զարգացած չէ, այսինքն՝ ինչ-որ խնդիրներ կան, այդ մարդիկ գոնե մեր տեսակետից այնքան էլ ադեկվատ չէին, հիմա ոչ ադեկվատ մարդուն բացատրել, թե՝ սա կարող ես անել, սա չես կարող, շատ դժվար է»,- ասում է Կարեն Վրթանեսյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգելի Հռիփսիմե, այն, որ պետք է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ աշխատանք տարվի, դա միանշանակ ճիշտ է, այլ խնդիր է, թե ում կողմից, ինչպիսի ֆորմատով և ինչ աշխատանք պետք է տարվի: Այս ամենի վառ ապացույցը հակառակորդի դիվեսանտների պարբերաբար ներթափանցումներն էին մեր տարածք: Նախապես ասեմ նաև, որ համակարծիք չեմ պարոն Վրթանեսյանի պնդումների հետ, քանի որ ինքը հարցերին պատասխաններ է տալիս առանց թեման ուսումնասիրելու:
    Նախ ասեմ, որ վերջին 1-2 ամիսների սահմանային լարվածություններն ի ցույց դրեցին թիկունքային ստորաբաժանումների՝՝ Ոստիկանության համակարգ, ԱԱԾ տեղի կառույցներ, ՏԻՄ համակարգ, ներառյալ մարզպետարաններ և ՊՆ տեղի կառույցներ, բացթողումները: Մասնավորապես չկա նշված կառույցների միջև իրավիճակից բխող փոխգործակցության պլան, որտեղ հստակ նշված կլինի յուրաքանչյուր ստորաբաժանման գործառույթները, համագործակցության պատասխանատու մարմինը, որը հավանաբար պետք է լինի մարզպետը: Նշված պլանն իր մեջ պետք է ներառի նաև սահմանային լարված իրավիճակներում բնակիչների տեղաշարժի որոշակի սահմանափակումներ, խոսքն առաջին հերթին սահմանամերձ բնակավայր-մարտական դիրք հատվածների մասին է, և այդ սահմանափակումը վերահսկող պատասխանատու մարմին իր գործառույթներով: Համաձայն այդ պլանի պետք է սահմանամերձ մարզի մարզպետն իրավունք ունենում, ասենք սահմանային լարված իրավիճակ հայտարարելու, որի արդյունքում գործի են դրվում վորոնշյալ գործողությունները: Իհարկե պլանի մեջ պետք է ներառվի նաև սահմանամերձ գոտու բնակիչների համար մշակված վարվելակերպը կամ վարքագիծը, համաձայն որի ցանկացած անձ կիմանա իր անելիքները տարբեր իրավիճակներում, ասենք սահմանի մոտակայքում անծանոթի հանդիպելիս ինչպիսի վարքագիծ դրսևորի, ում զանգահարի և այլն:
    Շատ անհրաժեշտ և անուշադրության մատնած թեման շոշափելու համար շնորհակալ ենք լրագրողից:

  2. karine says:

    Եթե Տավուշի նախկին մարզպետի օգնական Լյուբիկ Չիբուխչյանն է քաղաքական
    ապաստան խնդրում Ալիև կրտսերից,ապա ինչպես ասում են մեկնաբանություն – ներն ավելորդ են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930