Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միջազգային կառույցներում սատարելով Ռուսաստանին՝ ահռելի բարոյական կորուստներ է կրում»

Սեպտեմբեր 04,2014 16:00

Հանուն ինչի՞ է Հայաստանը տարվում
այս նվաստացումների ու կորուստների ճանապարհով

Բարոյականության եւ միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկելիս ամեն ինչ շատ պարզ ու հստակ է՝ Ուկրաինան մեր դաշնակից Ռուսաստանի անթաքույց ագրեսիայի զոհն է: Միայն ամենակողմնակալ կամ լիովին անտեղյակ մեկը օրինական կճանաչեր «կանաչ մարդուկների քաղաքավարի ներկայությամբ» մեկշաբաթյա ժամկետում իրականացված «հանրաքվեի» արդյունքը ու դրա հիման վրա Ղրիմի թերակղզու բռնակցումը Ռուսաստանին: Իսկ օրինականությունը արդարությանը ստորադասողներն ու ասողները, թե նորմալ է, ինչպես ժամանակին տվել էին, այնպես էլ հիմա վերցրեցին, նույնպես անտեղյակ են, քանի որ չգիտեն, որ երբ տալիս էին, համարժեք կտոր են կտրել-վերցրել Ուկրաինայի հյուսիսից:

Սակայն տեսնենք, թե այս հարցում ինչպես դրսեւորեց իրեն Հայաստանը: Մեր պետությունը՝ հանձին իշխող ռեժիմի, ոչ միայն աշխարհի պետությունների ճնշող մեծամասնությանը միանալու եւ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտող եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտնի բանաձեւին «կողմ» քվեարկելու համարձակություն չունեցավ, ոչ միայն, ըստ նախապես հայտարարվածի, «ձեռնպահ» չքվեարկեց, այլեւ «դեմ» քվեարկելով՝ հայտնվեց մի բուռ մերժված (իզգոյ) պետությունների անպատվաբեր շարքում: Այդ դիրքորոշումն օրեցօր ավելի անպատվաբեր է դառնում, քանի որ Ռուսաստանը, չբավարարվելով ղրիմյան ավարով, անցել է արեւելյան Ուկրաինայի զավթմանը եւ համարյա չի թաքցնում մինչեւ Կիեւ հասնելու իր մտադրությունը: Օրեցօր ավելի անպատվաբեր է դառնում Ռուսաստանի կողքին լինելը նաեւ այն պատճառով, որ մեր դաշնակիցը անթաքույց ստով, զրպարտությամբ ու ատելության քարոզով է ողողել ոչ միայն իր ներքին, այլեւ համաշխարհային լրատվական դաշտը: Իսկ այդ ստերը համաշխարհայնացման եւ տեղեկատվայնացման մեր այս դարում շատ շուտ՝ օրերի կամ ժամերի ընթացքում են բացահայտվում, ինչպես, օրինակ, բացահայտվեցին մալայզիական «Բոինգի» կործանման հետ կապված ռուսական հեքիաթներն ու ռուս «անջատողականների» անմարդկային պահվածքը: Որքան էլ ցավալի հնչի պարոն Պուտինին աստվածացնող եւ Ռուսաստանի ամեն մի քայլը արդարացնել ձգտող մեր որոշ հայրենակիցների համար՝ Ռուսաստանն աշխարհի կողմից նորից եւ միանշանակորեն դիտվում է որպես չարիքի կայսրություն, իսկ նրա ԿԳԲ-ական ղեկավարը՝ որպես նորահայտ ֆյուրեր: Ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք նաեւ, որ Հայաստանը միջազգային կառույցներում սատարելով Ռուսաստանին՝ ահռելի բարոյական կորուստներ է կրում, իսկ ուշադիր հայացքից չի վրիպի նաեւ այն, որ արդյունքում շատ շուտ փոխվում է վերաբերմունքը նաեւ այլ՝ պրակտիկ հարթություններում:

Նրանք, ովքեր կարծում են, որ քաղաքականությունն ու բարոյականությունը առնչություն չունեցող հասկացություններ են, կամ նրանք, ովքեր իրավամբ կմատնանշեն երկակի ստանդարտների կիրառումը երկրագնդի բոլոր պետությունների կողմից, կարող են պնդել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, որ եթե Հայաստանը, առաջնորդվելով իր շահով, քաղաքակիրթ աշխարհի համար ոչ դուրեկան քայլերի է գնում, ապա դա արդարացված է եւ լիովին տեղավորվում է real politic-ի սահմաններում:

Իսկապես, Հայաստանն, օրինակ, չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, չնայած անբեկանելի է աբխազ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չնայած որ այդ չճանաչված երկրի բնակչության զգալի մասը հայեր են եւ, ի վերջո, չնայած այն հանգամանքին, որ դա միայն կողջունվեր «ավագ եղբոր» կողմից: Եվ դա հասկանալի է՝ մենք պարզապես չենք կարող ներկա իրավիճակում մեզ թույլ տալ թշնամանալ Վրաստանի հետ: Սա է real politic-ը՝ մենք ամեն գնով պաշտպանում ենք Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, բայց ձեռնպահ ենք մնում աբխազների, օսերի, չեչենների ինքնորոշման հարցում:

Խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակության մտածող մասի համար արդեն վաղուց հասկանալի չեն Սերժ Սարգսյանի արած քայլերի շարժառիթները, տեսանելի չէ ձեռքբերումը՝ նույնիսկ ցինիկ real politic-ի տեսանկյունից: Սեփական ժողովրդին սովամահության մատնած Հյուսիսային Կորեան, օրինակ, իր պրոռուսական դիրքորոշման դիմաց զրոյացրել է 11 միլիարդ դոլար կազմող պարտքը Ռուսաստանին: Տարբեր ժամանակներում Ռուսաստանը ներել է Կուբայի (29 միլիարդ) եւ Սիրիայի (10 միլիարդ) պարտքերը: Արժե՞ հիշեցնել, թե ինչպես վարվեց այդ նույն Ռուսաստանը Հայաստանի ընդամենը 100 միլիոն դոլար կազմող պարտքի հետ: Որեւէ մեկը մոռացե՞լ է, որ մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը վճարում է սեփական երկրում այլ երկրի ռազմաբազա հյուրընկալելու համար: Իսկ ամենաթարմ ռեկվիզիցիա՞ն, երբ հանկարծակի հայտնված պարտքի դիմաց ամենացինիկ ձեւով խլվեց «ՀայՌուսգազարդի» մեր փայաբաժինը:
Իսկապես, եկեք հասկանանք, հանուն ինչի՞ է Հայաստանը տարվում այս նվաստացումների ու կորուստների ճանապարհով: Հանուն ինչի՞ է մեր երկրի ղեկավարը այդքան շտապում մեզ քարշ տալ դեռ չկայացած եւ մեր երկրին ոչ մի առաջընթաց չխոստացող Եվրասիական միություն: Ի՞նչ տրամաբանությամբ է ղեկավարվում նա, երբ շտապում է ավելի ու ավելի մերձենալ աշխարհի հզորագույն երկրների կործանարար սանկցիաների թիրախ դարձած այդ երկրի հետ: Բավարա՞ր է, արդյոք, Սերժ Սարգսյանի ոչինչ չերաշխավորող հայտարարությունը, թե ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ այդ հապշտապ մերձեցման հարցում: Իսկ եթե ժամանակը ցույց տա, որ կոպիտ սխալ եք գործել, ինչպիսին գործեցիք տխրահռչակ Արմենիկումի հարցում, ինչպիսին գործեցիք Հոկտեմբերի 27-ի հետ կապված, երբ ազգային անվտանգության պատասխանատուն էիք: Այդ ո՞ր մեղքի համար պատասխան տվեցիք, կամ պատասխան տալով՝ ինչպե՞ս պետք է փոխհատուցեք երկրին հասցված ահռելի տնտեսական եւ քաղաքական կորուստները:

Այս անպատասխան հարցերն են, որ հուզում են հասարակությանը, թե չէ՝ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ պարզ է՝ ինչպես պարզ է աղյուսի կոնստրուկցիան: Այս օրերին Ուկրաինայի վրա հարձակման հետ կապված՝ հաճախ է մեջբերվում հայտնի ամերիկյան դիվանագետ եւ Ռուսաստանի մասնագետ Ջորջ Կենանի (George Frost Kennan (16.02.1904-17.03.2005)) մի միտք, որը ես փորձեմ շարադրել սեփական, լիարժեքության չհավակնող թարգմանությամբ: Կենանն ասել է. «Ռուսաստանը չունի այլ հարեւաններ՝ բացի թշնամի կամ վասալ պետություններից»:

Մենք, ինչպես եւ Ուկրաինան, Ռուսաստանի թշնամի չենք եղել երբեք: Ի տարբերություն նեղ անձնական շահերով ղեկավարվող մեզ իշխողների՝ չենք ուզում լինել նաեւ վասալ, այս է խնդիրը:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
30.08.2014թ.
Անթիլիաս, Լիբանան

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930