Ժամանակը մի հրաշալի հատկություն ունի՝ հիշողություններդ, մանավանդ վատ հիշողություններդ հեռացնում է քեզանից, մի քիչ սվաղում, մի քիչ գունաթափում, տհաճ մարդկանց հանում մտապատկերիցդ… Ու մեկ էլ միացնում ես հեռուստացույցը, ֆիլմ ես տեսնում, եւ ամեն ինչ վերադառնում է. չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս: Էնպիսի տպավորություն է, որ ուրիշ երկրի մասին են խոսում, որ այլ մոլորակից մարդիկ են եկել, սցենար են գրել ու նկարել: Տեսնես ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով… Բայց մենք ազգովի դեռ ողջ ենք ու լավ ենք հիշում:
Հիշում ենք՝ Քոչարյանի «երանելի» ժամանակների «թռիչքային զարգացում» ապրող Հայաստանը ինչպես էր դարձել լվացքի մեքենա, որտեղ փող էր լվացվում, ինչպես էր նախկին նախագահը ամիսը մեկ կարմիր ժապավեն կտրում… Ուղղակի այդ ձեռնարկություններից աշխատեցին միայն նրանք, որոնք իրեն էին պատկանում:
Հիշում ենք Քոչարյանի «երանելի» ժամանակները, երբ օգտագործվում էր ամեն ոք եւ ամեն ինչ՝ ի փառս հարստացման ու կայունացման, նենգ ու ճղճիմ դավերի միջոցով թշնամացնում էին քաղաքական գործիչներին, շանտաժի ու ստի միջոցով պառակտում կուսակցությունները, լռեցնում ընդդիմադիր հեռուստաընկերություններն ու թերթերը: Քաղաքական, լրագրողական միտքը իջեցնում մեծ եգիծաբան երկրորդ նախկին նախագահի «կլիզմայի» անեկդոտի մակարդակին…
Հիշում ենք Քոչարյանի «երանելի» ժամանակները, երբ շքամուտքերում «պատահաբար» նռնակներ էին պայթում, «անհայտ» մեքենաները վրաերթեր էին կատարում, ամենատարբեր «կռուգներում» «ռազբորկաներ» էին լինում, ու մարդիկ էին մեռնում: Չգիտես ինչու, մեռնողներն էլ ինչ-որ ժամանակ մեկի բոստանը քար էին գցել կամ էլ էն խեղճ Պողոս Պողոսյանի նման բարեւ տվել Պապլավոկում…
Հիշում ենք Քոչարյանի «երանելի» ժամանակները, մանավանդ հոկտեմբերի 27-ը, Հայաստանից բացի՝ աշխարհի էլ ո՞ր երկրում էր հնարավոր, որ ավտոմատավոր հանցագործները մտնեն երկրի պառլամենտ, գնդակահարեն նախագահին, կառավարության ղեկավարին, պատգամավորներին ու ամբողջ Ազգային ժողովն էլ պատանդ վերցնեն…
Հիշում ենք Քոչարյանի «երանելի» ժամանակները, նույնիսկ դրանց ավարտի նախավերջին օրը երկրորդ նախկին նախագահը ջանք չէր խնայում, եւ մարտի 1-ին էլ «անհայտ» մարդիկ «ծառերի հետեւից» իրար վրա էին կրակում… Մինչեւ օրս «հայտնի չէ», թե ում ձեռքերի վրա է տասն անմեղ զոհերի արյունը: Ժամանակը մի հրաշալի հատկություն էլ ունի. ինչքան էլ ցանկանան իրականությունը նենգափոխել, միեւնույն է՝ ժամանակը բոլորին դնում է իրենց իսկական տեղում եւ ի վերջո բացահայտում բոլոր չբացահայտվածները….
Դառնամ երանի տամ քոչարյանական ժամանակներին. երբ Ժյուլ Վեռնը սկսել էր անգլերեն գրել, եւ միայն Մոսկաներն էին, որ հաչում էին փղերի քարավանների վրա… Հազար երանի:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ
ՀՀ ԱԺ նախկին
պատգամավոր
Լուսանկարը՝ 2rd.am կայքի:
«Առավոտ» օրաթերթ
03.09.2014
հասարակաց տանը անհրաժեշտ է կարգադրիչ և կարծում եմ ամենահարմար թեկնածուն ինքն է նորին մեծություն Արյունռուշտը..