Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազը չորս տարի է պահանջում

Սեպտեմբեր 04,2014 14:30

Ամբաստանյալ Տիգրան Հախվերդյանը հրաժարվել է ցուցմունք տալ
եւ հարցերին պատասխանել: Հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է  ճանաչում եւ զղջում է կատարածի համար:

Բարձրագույն կրթությամբ, երկու անչափահաս երեխաների հորը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 2-ին, Երեւանի Արշակունյաց 52/2 շենքի վերջնամասում գտնվող մանկապարտեզի մոտ ծագած վեճի ժամանակ, դանակով հարվածել է Հովհաննես Մկրտչյանին: Վերջինս ստացել էր ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելի Բաղդասարյանի դատավճռով ամբաստանյալ Տիգրան Հախվերդյանին մեղավոր են ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել են ազատազրկման 3 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ ամբաստանյալն ազատվել է նշանակված պատժից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, եւ նա անհապաղ ազատվել է կալանքից՝ դատական նիստերի դահլիճից: Մեղադրանքը պաշտպանող համայնքի դատախազի տեղակալ Ռ.Էլիզբարյանը բողոք է բերել վերաքննիչ դատարան, եւ պահանջում է չորս տարվա ազատազրկում:

Դատաքննությամբ պարզվել էր, որ դեպքի օրը Տիգրան Հախվերդյանը կնոջ՝ գործով վկա Գայանե Հայրապետյանի հետ մասնակցել է վերջինիս մորեղբայր, հանգուցյալ Արմեն Մկրտչյանի մահվան տարելիցին նվիրված արարողությանը: Այն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 52/2 շենքի թիվ 23 բնակարանում: Արարողության ժամանակ Տիգրան Հախվեդյանը ալկոհոլ է օգտագործել եւ տուն վերադառնալուց երկու ժամ անց, վերադարձել է հանգուցյալ Արմեն Մկրտչյանի բնակարան, շարունակել խմել, վիրավորական արտահայտություններ է արել տուժող Հովհաննես Մկրտչյանի հոր՝ Լեւոն Մկրտչյանի հասցեին: Հովհաննես Մկրտչյանը տնից դուրս է հրավիրել Տիգրան Հախվերդյանին եւ Գարիկ Հայրապետյանին: Վեճի ժամանակ էլ ամբաստանյալ Տ. Հախվերդյանը դանակով հարվածել է տուժող Հովհաննես Մկրտչյանին:

Տեղեկատվությունը սահմանափակված անձի»՝ վկա Արտակ Զարգարյանի նախաքննական ցուցմունքով էլ, ինքը գտնվել է Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/2 շենքի բակում, որտեղ նկատել է Հովհաննես Մկրտչյանին, Գարիկ Հայրապետյանին եւ Տիգրան Հախվերդյանին՝ բորբոքված վիճակում եւ դեպի Ֆրունզե փողոցի մանկապարտեզի ուղղությամբ վիճաբանելով տեղաշարժվելիս: Այդ տեսնելով՝ ինքը մոտեցել է նրանց, փորձել է բաժանել եւ լսել է Հ. Մկրտչյանի ձայնը: Անմիջապես նրան մի կողմ քաշելով՝ նրանից տեղեկացել է, որ Տ. Հախվերդյանը դանակով հարվածել է նրա որովայնի հատվածին: Բարձրացրել է հագուստը, նկատել վնասվածքը, խորհուրդ է տվել բարձրանալ տուն եւ մշակել վերքը:

Դատարանը, վերլուծելով տուժողի՝ Հովհաննես Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված եւ հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք, գտնում է, որ Հ. Մկրտչյանի ցուցմունքները՝ ինքն իրեն մարմնական վնասվածք պատճառելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու հարցում ամբաստանյալ Տիգրան Հախվերդյանին օգնելու, կատարված հանցագործությանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ են հետապնդում եւ հերքվում են քրեական գործով ձեռք բերված, դատարանում հետազոտված վերոհիշյալ ապացույցներով: Անդրադառնալով ամբաստանյալ Տիգրան Հախվերդյանին առաջադրված մեղադրանքին, նրա ցուցմունքներին, դատարանը ապացուցված է համարել նրա արարքը, գտել է, որ այն ճիշտ է որակված եւ համապատասխանում է առաջադրված մեղադրանքին: Գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, գույքային վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930