Մասնագետները տարակուսած են. հարցը քննարկել են հապճեպ՝
առանց ամբիոններում քննարկելու
1921 թվականից Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) քիմիա է դասավանդվում: Այս տարվանից, սակայն, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որպես այդպիսին, չկա, ավելի ճիշտ, այն վերանվանվել է Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի: Հիմնարար գիտությունների բնագավառների մի շարք անվանի մասնագետներ մտահոգված են այս փոփոխությամբ, ինչը համարում են անհեռանկարային որոշում: ԵՊՀ գիտխորհրդի 18 անդամ է ներկա եղել հարցի քննարկմանը, ընդ որում՝ 12-ը «կողմ» է եղել, 4-ը «ձեռնպահ», ԵՊՀ Անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Խառատյանն ու ԵՊՀ Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Շիրազ Մարգարյանն են «դեմ» քվեարկել: Մեծ խորհրդում էլ դեմ է խոսել մեր ժամանակի խոշորագույն ֆիզիկոսներից Դավիթ Սեդրակյանը:
Սուրեն Խառատյանը «Առավոտի» հետ զրույցում փաստում է, որ քիմիան չէր կարելի ստորադասել դեղագիտությանը, քանի որ սկզբում հիմնարար ուղղությունն է լինում, հետո՝ նրանից բխողները: «Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ քիմիայի բաժին դիմողների հոսքը նվազել է, նաեւ էկոլոգիական քիմիա բաժինը փակվեց եւ վերջին 7-8 տարիներին հաջողությամբ գործող կիրառական քիմիայի հոսքը: Ֆակուլտետում մնացին քիմիան եւ դեղագիտությունը: Չնայած սրան, քիմիայի մասնագետների կարիքը ե՛ւ ակադեմիական ինստիտուտներն ունեն, ե՛ւ դպրոցները»,- նշեց պարոն Խառատյանը: Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քիմիական արդյունաբերությունը Հայաստանում ինչ վիճակում է, այդ ոլորտի որակյալ մասնագետները միշտ պետք են: «Գիտխորհրդի նիստին առաջարկեցինք, որ ֆակուլտետը կոչվի գոնե Քիմիայի եւ դեղագիտության ֆակուլտետ, բայց դա էլ չընդունվեց: Ամեն ինչ որոշվեց հապճեպ. գիտխորհրդի նիստ հրավիրվեց՝ առանց օրակարգը հայտարարելու: Անգամ ամբիոններում այն չի քննարկվել: Հարցը ներկայացվել է Մեծ խորհրդում՝ որպես ֆակուլտետի գիտխորհրդի նախաձեռնություն, մինչդեռ ընդամենը դեղագիտական ամբիոնի նախաձեռնությունն էր»,- տարակուսանք է հայտնում գիտնականը: Նաեւ հավելում, որ այս տարի քիմիայի բաժին 38 հոգի է ընդունվել (նախորդ տարիների համեմատ թիվը կրկնակի աճել է), դեղագիտության՝ 44, ինչը հավանաբար առիթ է տվել մտածելու, որ դեղագործականի դերը կմեծանա, մինչդեռ ոլորտում հագեցում է գնում. «Հնարավոր չէ այդքան դեղատներ հիմնել, որ դեղագիտական ֆակուլտետի ուսանողները աշխատեն, իսկ քիմիայի հիմնարար գիտելիքով կադրերի պատրաստումը, անկախ ամեն ինչից, օրակարգի հարց է, քիմիկոսներն ունիվերսալ կադրեր են, եւ անհրաժեշտության դեպքում կարող են աշխատել թե՛ դեղագործության եւ թե՛ այլ բնագավառներում»:
ԵՊՀ Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը եւս մտագված է ֆակուլտետի ուղղվածության փոփոխությամբ: Նրա ասելով՝ համալսարանական կրթությունը իր վճռորոշ դերը պետք է ունենա բնագիտական առարկաների զարգացման մեջ, եւ երկրում քիմիական հիմնարար կրթությո՛ւնը պետք է զարգանա, ոչ թե պետք է մտածեն դեղագետ կամ մարկետոլոգներ պատրաստելու մասին: Գիտնականը մտավախություն ունի, որ նույն տրամաբանությամբ կկանխորոշեն հիմնարար մյուս ուղղությունների ճակատագիրը: «Կենսաբանությունը, քիմիան եւ ֆիզիկան պետք է առաջնորդվեն ոչ թե ներկայիս շուկայական հարաբերություններով, այլ պետք է դիտվեն որպես պետական կարեւորություն ունեցող հիմնահարց»,- համոզված է Շիրազ Մարկարյանը:
«Չի կարելի հիմնվելով մեկ-երկու տարվա այն տվյալների վրա, որ քիմիայի գծով ընդունվողների թիվը պակասել է, ֆակուլտետը դարձնել դեղագիտության, մանավանդ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանում կա նման ֆակուլտետ: Հարցը մասնագիտական լուրջ քննարկումների կարիք ունի: Կամ արդյո՞ք ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնն ունի այդ ռեսուրսները, որը թույլ է տալիս վերափոխել ֆակուլտետի ուղղվածությունը: Իմ ելույթում էլ ասել եմ, որ դա տեղային հարց չէ, ունի հանրապետական նշանակություն, եւ համապատասխան քննարկումներ են պետք, որոնց հարկ է մասնակցություն ունենան ոչ միայն համալսարանական, այլեւ հանրապետական ակադեմիական եւ ոչ ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչները: Նման համակցում` դեղագիտություն եւ քիմիա, ոչ մի երկրի, ոչ մի համալասրաում չկա: Դեղագիտությունը ամենուր առանձնացված է բնագիտական ֆակուլտետից: Հաջորդ արտառոց փաստն այն է, որ դեղագիտությունը որպես ածանցվող, երկրորդական դրվում է հիմնականից առաջ: Մտավախություն կա, որ առաջիկայում ամբիոններ կբացվեն, որոնք քիմիա բաժնի ամբիոնների սահմանափակման հաշվին կլինեն»,- հայտնեց պարոն Մարկարյանը:
Կարդացեք նաև
Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը գտնում է, որ հիմնարար գիտությունների չորս բնագավառները՝ մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը եւ քիմիան չպետք է կախված լինեն կոմերցիոն նպատակներից ու դիտարկվեն միայն փող բերելու տեսանկյունից. «Որ այդպես լինի, համալսարանում պետք է պահել միայն ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Քիմիայի ֆակուլտետը, որ վերացնում եք, քիմիական ինստիտուտներն իրենց քիմիկոսներին որտեղի՞ց են ստանալու, դեղագործների միջոցով ե՞ն ստանալու, դեղատների աշխատողների միջոցո՞վ, որոնց ուսումնարանում էլ կարելի է պատրաստել»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Առավոտին» ասաց, որ դեղագիտությունը նորություն չէ համալսարանում, եւ կա արդեն քսան տարուց ավելի: «Դեղագիտությունը անկախության տարիներին մեզ մոտ միշտ եղել է, այդ բաժինն ավելի մեծ է, ուսանողների թիվն ավելի շատ է, եւ նրա պրոդուկցիան, մասնագետները թվով ավելի շատ են, դրա համար էլ կարիք զգացվեց, որ դեղագործություն բառը լինի ֆակուլտետի անվան մեջ: Մեր գիտական գծով արտասահմանյան գործընկերները նշում են, որ դեղագործությունը անվանման մեջ պարտադիր է նաեւ դրամաշնորհների հետ կապված քաղաքականության առումով: Դեղագիտությունը միշտ եղել է, ուղղակի եղել է քիմիայի ստվերում, Ժամանակին քիմիան հզոր էր, հիմա թուլացել է, քիմիայի բաժին շատ ավելի քիչ ուսանող է ընդունվում, քան դեղագործության, եւ, բնականաբար, այդ փոփոխությունը կատարվել է»,- մեկնաբանեց ռեկտորը:
Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ ոչ մի երկրում նման համակցում չկա, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ո՞վ է բոլոր երկրների այդ էքսպերտը, որ նման բան է ասում, ես էլ Ձեզ ասում եմ, որ կա՛, եւ շատ դեպքերում դեղագործությունը քիմիայից առաջ է դրված: Մենք ճկուն կազմակերպություն ենք եւ ճկուն ձեւով ենք վարում մեր քաղաքականությունը: Վաղը, մյուս օրը քիմիական արդյունաբերությունը կհզորանա, քիմիականը կանջատենք, առանձին ֆակուլտետ կդարձնենք, ո՞վ է մեզ խանգարում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2014
Ինչպիսի անգրագիտություն! Ուղղակի զարմանալ կարելի է, թէ ինչպես է մայր բուհը վստահվել նման մարդուն: Ինչպես ասում են “էշն ինչ գիտի նուշն ինչ է”:
Այո’, Արամ Սիմոնյանը շա~ատ ճկուն է` այնքա’ն ճկուն, որ Մայր բուհը թալանելուց և կրթական համակագը կաթվածահար անելուց հետո ‘ էլ` դեռ շարունակում է բազմած մնալ ռեկտորի յուղալի աթոռին…
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ համար ամոթաբեր է նման ,,ռեկտոր,, ունենալը….
Նման ռեկտոր և դեկան ունենալը շատ ամոթալի է մայր բուհի համար. Ռեկտորը և իր համախոհները իրենց ալան-թալանն են անում, առանց մտածելու ֆակուլտետի երկարամյա վաստակի և հեղինակության մասին. Անպատվաբեր է նաև նման դեկանի ներկայությունը, մարդ, ով փոխարեն մտածի և ելք գտնի դա կանխելու համար, վերևից եկած հորդորների և այլ մարդկանց հաճոյանալու համար մոռանում է իր առաջին հերթին որպես քիմիկոս, կոչումը և նպաստում ֆակուլտետի ոչնչացմանը. Նման շահամոլ և անգրագետ ղեկավարներ մեզ պետք չեն.
Շատ լավ է ասված քիմիան առաջ հզոր էր հիմա թուլացել է, բայց մի մոռացեք, որ հենց այդ ռեկտոր կոչեցյալը և նրա նմանները կերան քիմիական արդյունաբերությունը: Առանց քիմիայի դեղագործությունը ոչինչ է: Իսկ ինչ-որ մեկը մտածել է ավարտող դեղագետները որտեղ են աշխատում , դե իհարկե միայն դեղատներում, իսկ քիմիկներ զբաղվում են ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, իհարկե այն մեր ռեկտորի համար անհասանելի երևույթ է դրա համար էլ առանց հասկանալու անիմաստ բարեփոխումներ են անում:
Արամիկ Սիմոնյանը ամենահայկական ռեկտորն է` Գիտպետկոմի Սամվելիկ Հարությունյանն ու նախարար Արմենչիկ Աշոտյանն էլ վկա: Արամիկը մի նստելուց ավելի շատ է ուտում քան Քեմբրիջի, Օքսֆորդի և Բաքվի համալսարանի ղեկավարները իրար հետ վերցրած: Բա:
Պարզ երևում է, որ ռեկտորն ունի ոչ թե գիտական, այլ բիզնես մտածողություն և հայտարարում է, որ ինքը ճկուն ձևով է վարում համալսարանի քաղաքականությունը:
Ընդհանրապես, կան նման մարդիկ, որոնք իրենց անսկզբունքայնությունը ճկունություն են համարում: Համալսարան ղեկավարող մարդը տեսեք թե ինչ մտածելակերպ ունի, ասում է. “Վաղը քիմիական արդյունաբերությունը կհզորանա, քիմիական ֆակուլտետը կառանձնացնենք, առանձին ֆակուլտետ կդարձնենք”: Այսինքն ռեկտորատի հիմնական գործառույթը այս է` հետևել տնտեսական քամիների ուղղությանը և համապատասխան անվանափոխություններ և կառուցվածքային փոփոխություններ կատարել (ինչպիսի նախանձելի ճկունություն):
Պարոն ռեկտոր, տարրական դատողությամբ անգամ կարելի է եզրակացնել, որ քիմիայի ֆակուլտետը վերացնելով, նվազեցվում է քիմիական արդյունաբերության ապագա հզորացման նախադրյալները, որի մասին Դուք ակնարկում եք: Մի՞թե պարզ չէ, որ այսօրվա քիմիկոս համալսարանական ուսանողները պետք է վաղը զարգացնեն քիմիական արդյունաբերությունը, իրենց նեղ մասնագիտական գիտելիքներով:
Եվ ամենագլխավորը, Հայաստանի մայր ԲՈՒՀ-ը պետք է թելադրի մեր երկրի արդյունաբերության զարգացումը, այլ ոչ թե կծկվի տնտեսության ամեն մի անբարենպաստ վիճակում և ամեն անգամ համապատասխան “ճկունություն” դրսևորի: