Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք, որ միտված է «վերեւներին» կրթելուն

Սեպտեմբեր 04,2014 13:00

Կառավարման փորձագետ Սուրեն Վարդումյանի նոր ձեռնարկը

Օրերս ընթերցողին կներկայացվի պետական, ինստիտուցիոնալ եւ թիմային կառավարման մասնագետ, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գիրքը: Այս առիթով արդեն շշուկներ են տարածված, որ այն հավակնություն ունի իշխանավորների համար ուղեցույց հանդիսանալու, ասում են նաեւ, թե աշխատության հեղինակը 1960-70-ական թվականներին Հայաստանում տարբեր շարժումների, այդ թվում՝ հիպիական, ջատագովներից է: Այդ մասին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սուրեն Վարդումյանն ասաց. «Ուսանողական տարիներին հարել եմ երիտասարդական բազմաթիվ շարժումների, ու չնայած խորհրդային համակարգի գաղափարախոսական կարծրատիպերին, ձեւավորվել եմ ու կամ՝ որպես ազատ մտածող, ստեղծագործող հետազոտող, որին երբեւէ խորթ չի եղել ցանկացած առողջ, այդ թվում նաեւ՝ հանրության կողմից միանշանակ չընկալվող առաջընթաց»: Ժպտալով էլ ավելացրեց, որ աշխարհում հայերը ցանկացած առաջադեմ հոսանքների մասնակից են եղել, փաստելով, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում 1960-ականների սկզբին սկսված հիպիական շարժման ակունքներում «Հիպիների արքա» մականունը կրողը մեր հայրենակիցն էր՝ Էդդին (Էդվարդ Մազմանյան)՝ ծնված 1924թ., որը 1965թ. շարժումը «տեղափոխեց» Հնդկաստան, որտեղ էլ 2009թ. կնքեց իր մահկանացուն:

Suren-Vardumyan

Անդրադառնալով իր «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքին՝ մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այն ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված է բուհերի ուսանողների համար: Ըստ նրա, «Ձեռնարկը խնդիր ունի ձեւավորել համակարգային տեսլական եւ մտածելակերպ արդյունավետ կառավարման մասին, սկսած ներանձնականից մինչեւ համապետական ու գլոբալ խնդիրներ»:
Դիտարկմանը, թե, ըստ էության, սա ձեռնարկ է նաեւ մերօրյա կառավարիչների համար, հեղինակը չառարկեց. «Ցանկալի կլիներ, որպեսզի ձեռնարկը դառնար մեր պետական այրերի, կառավարիչների սեղանի գիրք, հատկապես, որ այն շարադրված է եթե ոչ շատ մատչելի, ապա գոնե բավական գրավիչ ու բովանդակային խորությամբ»: Քանի որ գրքում տեղ են գտել թեզեր եւ պատգամներ նաեւ «վերեւներին», մեր դիտարկմանն ի պատասխան, հեղինակը համառոտ հայտնեց. «Դուք պետք է դառնաք ե՛ւ գործող, ե՛ւ մտածող: Պետք է անընդհատ ինքնազարգացման ու վարժանքների միջոցով հմտանաք այդ ունակությունները հաջորդափոխելուն, համատեղելուն եւ կատարելագործելուն՝ կուտակելով գիտելիքի կապիտալ, ինքներդ ձգտելով հանդիսանալ մարդկային կապիտալի տարր եւ ձեր գործընկերների հետ միասին առաքելություն ստանձնեք ձեւավորելու ու զարգացնելու համամարդկային մշակութային կապիտալի ձեր հատվածը… Խնդիրն այն է, թե կառավարիչները ի՞նչ են հասկանում արհեստավարժ կամ որակյալ կազմկառավարիչ ասելով…»: Սուրեն Վարդումյանը համոզված է, որ եթե իր ձեռնարկը ճիշտ ներկայացվի, «վերեւներում» էլ հետաքրքրություն կառաջանա, ու պահանջարկ ի հայտ կգա այն ձեռք բերելու համար: Իսկ մտավախություն չունի՞, որ աշխատությունը կընկալվի իբրեւ «ակցիա»՝ ուղղված ազատ մտածելակերպի դեմ,Սուրեն Վարդումյանը պատասխանեց. «Գիրքը ոչ միայն դեմ չէ ներկայիս մեր կառավարչական խավի մտածելակերպին, այլ հակառակը՝ միտված է նրա կրթմանն ու ազատ զարգացման խթանմանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930