ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Սյունիքում օրերս կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ անդրադառնալով կրթության ոլորտում առկա խնդիրներին` հատուկ ընդգծեց, որ ներկայումս դպրոցներում կրթության որակը գոհացնող չէ: Նա ցավալի համարեց այն փաստը, որ այսօր ծնողներին ավելի շատ հետաքրքրում են դպրոցի շենքային պայմանները, նորոգված ու ջեռուցված լինելու հանգամանքները, քան` որակյալ կրթության ապահովման հարցը:
«Թող մեկն ասի, որ որեւէ դպրոցի տնօրեն նկատողություն է ստացել այն պատճառով, որ կրթության որակն այդ դպրոցում ցածր է: Տնօրենի գլխավոր պարտականությունը որակյալ կրթություն ապահովելն է: Նրան նկատողություն են անում, քննադատում են մնացած բոլոր պատճառների համար, բայց ոչ` գլխավորի: Ծնողներն անհանգստացած չեն կրթության որակով, նրանք մտածում են, որ դպրոցի շենքային պայմանները լավը լինեն, տանիքը նորոգված լինի, տաք լինի, երեխան ապահով տուն գա, արդեն հարմարվել են, որ կրկնուսույցի մոտ պարապել կտան ու հետո կընդունվեն բուհեր», – նշեց ԿԳ փոխնախարարը: Վերջինիս խոսքով` ստեղծված իրավիճակում դպրոցն աննկատելիորեն դառնում է ավագ տարիքի մանկապարտեզ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս:
«Մենք անգիտակցաբար դպրոցը վերածում ենք ավագ տարիքի մանկապարտեզի, դա շատ վտանգավոր երեւույթ է, երբ դա ակնհայտորեն իրեն իմաց կտա, արդեն հետադարձ քայլ անել դժվար կլինի: Գյուղական, հատկապես մարզային դպրոցները միակ հնարավորություններն են հասարակության համար` ունենալու ինտելեկտուալ կենտրոններ, ի վերջո մեր դպրոցի տնօրենը, ուսուցիչը, առաջավոր աշակերտը մեր տվյալ համայնքի մտավոր ուժն են, ինտելեկտուալ սնունդ մատակարարողը…», – ասաց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ