Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցը Էստոնիա հատուկ նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար: Նա պետք է հստակ ուղերձ հղեր բալթյան այս հանրապետությունից, որ ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի ամենազորեղ անդամը, օգնության կգա բալթյան երկրներին արտաքին ագրեսիայի դեպքում:
Ինչպես և ակնկալվում էր, այդպիսի հայտարարություն հնչեց․ – «Իբրև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ մենք պարտավորություն ունենք մեր հավաքական անվտանգության հինգերորդ հոդվածի համաձայն: Դա մի պարտավորություն է, որը անխափան է, անփոփոխ և մշտական: Եվ Էստոնիան երբեք միայնակ չի մնա»:
Թեև բալթյան երկրները, Լեհաստանը և Արևելյան Եվրոպայի մյուս երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, այդ երկրների մայրաքաղաքներում վստահություն չկա, թե արդյոք ՆԱՏՕ-ն կգործադրի նշված հոդվածը և կպաշտպանի իրենց Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում:
Օբամայի այս հայտարարությունը հասցեագրված էր հենց Ռուսաստանին և նպատակ ուներ հասկացնել Կրեմլին, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է իր բոլոր անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանի անմիջական հարևաններին:
Կարդացեք նաև
Հինգշաբթի օրը Ուելսի Նյուպորտ քաղաքում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին նախկին Խորհրդային Միության հանրապետությունում Օբամայի հայտարարությունները խորհրդանշական կշիռ ունեն:
Միացյալ Նահանգների նախագահն ասել է նաև, որ կաջակցի Էստոնիայի ռազմաբազաներում ամերիկյան օդուժի և զորքերի ռոտացիոն կարգով տեղակայմանը:
Բարաք Օբաման իր աջակցությունը հայտնեց նաև Ուկրաինային՝ նշելով, թե ամեն ինչ կանի, որ միջազգային համայնքն օժանդակի այդ երկրի տնտեսությանը մոտ ապագայում: «Եվ այս ջանքերից զուգահեռ մենք կշարունակենք մեր հանձնառությունը ՆԱՏՕ – Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցում: Թեև նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց մենք մշտապես աշխատել ենք նրանց զինված ուժերի հետ: Նրանք պետք է զգան մեր աջակցությունը ոչ միայն խոսքով, այլև գործով», – հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում