Այսօր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Մանուկ Հերգնյանը «Նովոստի-Արմենիա» ակումբում ներկայացնելով «2014-2015թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցը» նաեւ, թեկուզ հպանցիկ, նշել էր, որ 2005-2010 թվականներին Հայաստանի մրցունակության ցուցիչն անկում է գրանցել:
Քանի որ կենտրոնի նշած անկման տարիների մեծ մասը համընկնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահած տարիներին, Аravot.am-ը 2-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել, թե ինչպես կմեկնաբանի «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նշած տեղեկությունը, հատկապես, որ վերջին օրերին պարոն Քոչարյանը հանրությանը հիշեցրեց, որ իր ղեկավարած տարիներին Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է գրանցել:
Վիկտոր Սողոմոնյանն, ըստ էության հրաժարվեց մեկնաբանել, նշելով, որ կան համաշխարհային մի շարք կառույցներ, որոնք այդ տարիների Հայաստանի տնտեսական աճը գրանցել են. օրինակ` «Heritage Foundation», Համաշխարհային բանկը, Արժույթի համաշխարհային կազմակերպությունը: Մեր դիտարկմանը, Մրցունակության համաշխարհային զեկույցն էլ միջազգային կառույցի` համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրություն է, պարոն Սողոմոնյանն ասաց` «Ես տնտեսագիտական վերլուծություն չեմ կարող անել, քաղաքական գնահատական էլ չեմ կարող տալ»:
Նկատենք, որ այո, պարոն Քոչարյանի տարիներին տնտեսական աճ գրանցվել է, ու թեեւ մրցունակության ցուցիչն ու տնտեսական աճը փոխկապակցված են, սակայն դրանք, ըստ էության տարբեր բաներ են, այսինքն`միանշանակ կոռելյացիա չկա:
Կարդացեք նաև
Օրինակ`մրցունակության ցուցանիշը ցույց է տալիս, ոչ թե տվյալ տարվա աճը, այլ տվյալ երկիրը աճի ինչպիսի պոտենցիալ ունի միջինը 3-5 տարվա հեռանկարային ժամկետում: Երբ մրցունակության ցուցիչը բարձրանում է, նշանակում է` մեր տնտեսության հետագա աճի համար դրական հիմքեր են ստեղծվում:
Ըստ մրցունակության համաշխարհային զեկույցի, 2013-14-ին Հայաստանը 148 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը, իսկ 2014-15 թթ. Հայաստանն իր մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ, իսկ, այսինքն` հետընթաց ենք գրանցել: Այս տարվա մրցունակության ցուցիչը, փաստորեն, առաջիկա 3-5 տարիների համար այնքան էլ բարեհաջող աճ չի կանխատեսում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ