Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ-ը եւ ԱՔԱՀԽ-ն համատեղ քննարկեցին ԼՂՀ-ի հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման նոր պայմաններում

Սեպտեմբեր 03,2014 19:43

3 սեպտեմբերի 2014թ., Շուշի, Արցախի Հանրապետություն: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի (ԱՔԱՀԽ) հետ համատեղ Շուշիում անցկացրին ընդլայնված քննարկում, որը նվիրված էր «ԼՂՀ հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմային: Խորհրդաժողովին մասնակցում էին քաղաքագետ-վերլուծաբաններ, ԼՂՀ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք Երեւանից ու Արցախից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

2

Բացման խոսքով հանդես եկավ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խորհրդաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք: «Ուրախ եմ, որ Արցախի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի հետ անցկացվող համատեղ այս խորհրդաժողովը զուգադիպել է արժանահիշատակ մի տարեթվի՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին: Փաստորեն մեր Կենտրոնը արցախյան հաղթանակի տարեկիցն է, եւ այդ առումով այսօրվա միջոցառումը խորհրդանշական լինելուց զատ՝ կարեւորվում է կրկնակի»,- նշեց Հովհաննիսյանը:

Մասնակիցներին հղված ողջույնի իր ուղերձում Արցախի ԱՔԱՀԽ նախագահ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանն էլ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց առաջին անկախ վերլուծական կենտրոնի՝ ՌԱՀՀԿ-ի անձնակազմին, նրա բոլոր ժամանակների հեղինակներին: «Անցած 20 տարիների ընթացքում,- շեշտեց Մայիլյանը,- Կենտրոնը հսկայածավալ աշխատանք է կատարել եւ նոր մշակույթ սերմանել հայկական փորձագիտական հանրույթում»:

Բացման եւ ողջույնի խոսքերին հետեւեցին քաղաքագետ Սարո Սարոյանի, ՌԱՀՀԿ գիտական մասի տնօրեն Մանվել Սարգսյանի եւ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի համապատասխան զեկույցները հետեւյալ թեմաներով. «Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը Ուկրաինայում. միջազգային իրավաքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ նոր «սառը պատերազմ», «Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած նոր քաղաքականությունը. Ադրբեջանի զինումն ու Հայաստանի մեկուսացումը» եւ «ԼՂՀ ճանաչման հարցի անվտանգության համատեքստը»:

Սուրճի ընդմիջումից հետո խորհրդաժողովի առաջին նիստի արդյունքներն ամփոփվեցին զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխանով եւ բանավեճով, որին մասնակցեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, միջազգայնագետ Հայկ Խանումյանը, հասարակական գործիչ Արմեն Ռաքեջյանը եւ պահեստի փոխգնդապետ Սամվել Բեքթաշյանը:

Հետմիջօրեին շարունակվեցին քննարկումները, եւ խորհրդաժողովի մասնակիցները լսեցին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, միջազգայնագետ Հայկ Խանումյանի, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի զեկույցները՝ համապատասխանաբար «Ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում եւ առաջնագծի խնդիրները», «Թուրքիան ու Իրանը: Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության համակարգում այդ երկրների դերը» եւ «Հայաստանի քաղաքական հրամայականները» թեմաներով:

Երկրորդ նիստը նույնպես ամփոփվեց հարցուպատասխանով ու մտքերի փոխանակությամբ, որին գործուն մասնակցություն ունեցան լրագրող Լուսինե Ավանեսյանը, ՌԱՀՀԿ նախկին աշխատակից, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, հանրային հատվածի ներկայացուցիչ Սիրանուշ Սարգսյանը, հասարակագետ Քերոբ Ղազարյանը, Ադրբեջանից բռնագաղթված արցախցի փախստական Սարո Սարյանը, ԼՂՀ քաղաքացի Վահան Հովսեփյանը, ՌԱՀՀԿ նախկին աշխատակից, վերլուծաբան Հակոբ Չաքրյանը, ՌԱՀՀԿ «հնաբնակներից» Կենտրոնի վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը եւ այլոք: Բոլոր հարցադրումները ստացան հստակ պատասխաններ:

Երեկոյան, հավարտ քննարկումների, «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բացօթյա սրահներից մեկում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՌԱՀՀԿ 20-րդ տարեդարձի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով` Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930