Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մենք հիմա խաղաղ պայմաններում կորցնում ենք մեր հաղթանակը». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 19:20

Աշտարակ քաղաքում այսօր տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինքի» հերթական հանդիպումը, որի ընթացքում տեղի ազատամարտիկներին ներկայացվեցին դաշինքի ծրագրերը։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ապարանի ռազմական ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն իր խոսքում նշեց, թե արտագաղթն իր ազդեցությունն է թողել եւ, որ ազատամարտիկների մեծ մասը, նրանց որդիները արտագնա աշխատանքի են մեկնել, այդ պատճառով էլ չորս հարյուր հոգանոց դահլիճի ընդամենը մեկ երրորդն է լցված։

Իր ելույթում պրն Պետրոսյանն ասաց. «Մենք հաղթել ենք, սակայն հաղթածի նմա՞ն ենք ապրում, հաղթածի կեցվածքը մեզնից չեն վերցրել, մենք ենք թուլացել: Սա մեր վերջին կռիվն է ՝ կամ մենք կանենք, կամ մեր փոխարեն մեր երեխեքը կանեն: Պայքարելու եք մինչեւ վերջ: Մեզ չեն սիրում էս իշխանությունները, որովհետեւ մենք քծնել չգիտենք, կամակատար չենք, մենք մեր մեջի ստրուկին սպանել ենք, նոր ենք գնացել կռվի»:

Պրն Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ հրամանատարներով հավաքվել եւ որոշել են միավորվել.  «Հավաքվենք, որպեսզի արտաքին թշնամիների ոտնձգությունների համար զորավիգ լինենք մեր հայ զինվորին եւ կարողանանք մեր սոցիալապես անապահով  եւ մարտական հաշմանդամ ազատամարտիկ ընկերների ընտանիքներին սատարենք»։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն իր ելույթում նշեց, որ պետք է տեր կանգնել երկրին եւ պետականությանը. «Մենք մարտի դաշտում կարողացել ենք պահել մեր պատիվը: Հազար տարի պետականություն չունեցող երկիրը հաղթանակ է տարել եւ մենք հիմա խաղաղ պայմաններում ենք կորցնում մեր հաղթանակը: Մենք աստիճանաբար կորցնում ենք մեր հայրենիքը եւ հայրենիքը մեղավոր չէ, որ մենք իրեն կորցնում ենք, մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տվել քայքայել մեր հայրենիքը: Մեր հայրենիքը մահամերձ հիվանդ է եւ հարկավոր է համախմբվել եւ տեր կանգնել նրան»:

Մանվել Եղիազարյանի ելույթն ամբողջությամբ` տեսանյութում

 

Գնդապետ Խաչիկ Ավետիսյանը նկատեց, որ իրենք 1988 թվականին կռվել են, պայքարել են, դուրս են եկել ադրբեջանական բանակի դեմ, սակայն հիմա իրենց պայքարն ընկել է ջուրը. «Եթե երկրի նախագահը ամբողջ տարվա ընթացքում չգիտես ինչի հաշվին աշխատում է մեկ միլիարդ դոլար՝ սա իմ ու քո հաշվին է նա անում, դրա համար մենք այս օրին ենք: Ու այսօր այդ նույնը նորից ուզում է դառնալ նախագահ, մենք պետք է աթոռը տանք նրա գլխին ու ջարդենք, որ նա չդառնա նախագահ»:  Խաչիկ Ավետիսյանի խոսքով՝ իրենք պահելու են վերահսկողությունը եւ հայրենիքը վերադարձնելու են ժողովրդին:

Խաչիկ Ավետիսյանի ելույթը մանրամասն՝ տեսանյութում

 

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանն իր խոսքում բոլորինհամախմբվելու կոչ արեց: Պրն Գասպարյանը իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ մեդալներ են շնորհվում այն մարդկանց, որոնք պատերազմի հետ կապ չունեն ընդհանրապես, իսկ մարտական ուղի անցած, այն մարդիկ, որոնց ուսերին էր դրված այս երկրի լինել չլինելու հարցը ՝ այսօր լրիվ անտեսված են:

Ազատամարտիկները տեղեկացրեցին, որ նման հանդիպումները դառնալու են պարբերական եւ որ այցելությունները տարբեր մարզեր ավելի հաճախ են լինելու:

Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանն էլ Aravot.am-ին ներկայացրեց դաշինքի առջեւ դրված խնդիրները. «Մեր նորաստեղծ պետության 23-ամյա գոյության վերջին տարիներին աշխարհը մեր հանդեպ պարտադրողի եւ արհամարհողի քաղաքականություն է վարում, ինչը մենք անթույլատրելի ենք համարում՝ որպես Հայաստանի անկախության համար մարտնչած զինվորներ»: Պրն Սարգսյանի խոսքով՝ ժողովուրդը կորցրել է հավատը գործող իշխանությունների հանդեպ. «Իշխանությունները վերարտադրվում են՝ խախտելով օրենքը, արհամարհելով քաղաքացուն, որն էլ ստեղծում է փոխադարձ անվստահության ճգնաժամային մթնոլորտ»:

Պրն Սարգսյանը ներկայացրեց, որ դաշինքը իր առջեւ խնդիրներ է դրել երկրի պետականությունը եւ ինքնիշխանությունը պահելու նպատակով. «Պետք է օրինակարգ իշխանության ձեւավորման միջոցով վերականգնել խախտված սահմանադրական կարգը: Մեր երկրում ընտրությունները պետք է տեղի ունենան առավելագույնս արդար, վերահսկելի պայմաններում»: Ազատամարտիկները նաեւ մտահոգված են, որ երկրում թափ է հավաքում արտագաղթը. «Ահագնանում է արտագաղթն այն աստիճան, որ հայրենիքի ֆիզիկական անվտանգությունը նույնպես վտանգի տակ է»:

Պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ դաշինքի ներկայացուցիչները պատրաստ են զորակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են հաղթանակը եւ նպաստում երկրի հզորացմանը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930