Այսօր Aravot.am-ը հին հանրապետականներից մեկից` ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կունենա՞ համակիրներ կոնկրետ Շիրակի մարզում: «Հետաքրքիր հարց եք տալիս, բայց վառ երևակայություն պիտի ունենալ գուշակելու համար, թե ով կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Ընդհանրապես ցանկացած նախագահ, որը ակտիվ հանգստի մեջ է, կարող է վերադառնալ քաղաքականության, դա իր իրավունքն է, բայց, իհարկե, հաջողության կհասնի, եթե կորցրած չլինի իր քաղաքական թիմը: Հարցն այն է, որ երկար ժամանակ մենք տեղեկություններ չունեինք Քոչարյան Ռոբերտից, հետո մի պահ ակտիվացավ: Ես դիտեցի իր պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող ֆիլմը «Կենտրոն»հեռուստաընկերությամբ, որոշ լավ դրվագներ վերհիշեցի, բայց մնում եմ այն կարծիքին, որ ակտիվ քաղաքականություն մտնելու համար, նա պետք է պահպաներ իր թիմը»:
Մեր այն դիտարկմանը, թե ձեր խոսքերից ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թիմ չունի՞, ՀՀԿ-ն կամ առանձին ՀՀԿ-ականներ չե՞ն սատարի նրան կամ բացառո՞ւմ եք, որ նա դառնա ՀՀԿ-ի թեկնածուն, մեր զրուցակիցն ասաց. «Դեռ հայտնի չէ` ինչ քաղաքական զարգացումներ կընթանան, միգուցե Սահմանադրական բարեփոխումներ լինեն ու այլևս Քոչարյանի նախագահ դառնալու հարցը ընդհանրապես չքննարկվի: Իսկ թե Քոչարյանը կլինի ՀՀԿ-ի թեկնածուն, թե՞ ոչ, դրան էլ չեմ կարող հստակ պատասխանել, ինչ որոշում կայացրեց կուսակցությունը, մենք` որպես տեղի կառույցի պատասխանատուներ, պարտավոր կլինենք այդ հանձնարականները կատարել: Հայտնի չէ, ինչ հանձնարական կլինի, բայց Ռոբերտ Քոչարյանի երկու ընտրությունների ժամանակ էլ ես եղել եմ ակտիվ մասնակից. հիշո՞ւմ եք ՀՀԿ-ն համագումարով որոշում կայացրեց սատարել նրան, իսկ հիմա շատ բարդ գործընթաց է սպասվում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ